воскресенье, 22 декабря 2013 г.
суббота, 21 декабря 2013 г.
Հեռարձակվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը
Հեռարձակվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը
1928-թ. հուլիսի 3-ին շոտլանդացի գիտնական Ջոն Բերդի շնորհիվ հեռարձակվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը:Նրա ստեղծած այս հեռուստատեսային համակարգը շատ էր տարբերվում ժամանակակից հեռուստատեսությունից:
Այդ համակարգի արժանիքն այն էր, որ էկրանի շատ փոքր թույլատրելի հատկության շնորհիվ հնարավոր էր հաղորդել հեռուստատեսային պատկեր՝ օգտագործելով սովորական` միջին հաճախականության ռադիոհամակարգը:
Գյուտարարն աշխարհում առաջինը ցուցադրեց հեռուստապատկերը՝ 1926թ. իր սարքը ցուցադրելով Լոնդոնի հանրախանութներից մեկում: Սակայն Բերդին չհաջողվեց հասնել կիսերանգի հաղորդման, և էկրանին դեմքի փոխարեն տեսանելի էին միայն ստվերներ:
1928թ. նա կրկին փորձեց, և ներկա գտնվող հանդիսատեսը ցնցվեց:
Հեռարձակվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը
Հեռարձակվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը
1928թ. այս օրը հեռարձակվեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը: Շոտլանդացի գիտնական Ջոն Բերդի կողմից հիմնադրած հեռուստատեսային համակարգը շատ էր տարբերվում ժամանակակից հեռուստատեսությունից: Այդ հաամակարգի արժանիքն այն էր, որ էկրանի շատ փոքր թույլատրելի հատկության շնորհիվ հնարավոր էր հաղորդել հեռուստատեսային պատկեր՝ օգտագործելով սովորական միջին հաճախականության ռադիոհամակարգը:
Գյուտարարը աշխարհում առաջինը ցուցադրեց հեռուստապատկերը՝ իր սարքը ցուցադրելով Լոնդոնի հանրախանութներից մեկում: Սակայն Բերդին չհաջողվեց հասնել կիսերանգի հաղորդման, և էկրանին դեմքի փոխարեն տեսանելի էին միայն ստվերներ: 1926թ. նա կրկին փորձեց, և ներկա գտնվող հանդիսատեսը ցնցվեց:
Երկու տարի անց, Բերդն առաջին անգամ ստեղծեց գունավոր հեռուստացույցի գործող մակնիշը:
Շարժիչներ
Շարժիչներ
Շարժիչները մեխանիզմներ են, որոնք էներգիայի որևէ տեսակը փոխակերպում են մեխանիկական աշխատանքի:
Շարժիչները նաև էներգիա են արտադրում ավտոմեքենաներն ու տրանսպորտի այլ միջոցներ շարժման մեջ դնելու համար: Առաջին շարժիչները ջրանիվն ու հողմաղացն էին, որոնք օգտագործում էին ջրի և քամու էներգիան: Ջրանվի դեպքում հոսող ջուրը հարվածում է թիերին և պտտում երկանքին միացված թիանիվը: Արդյունքում` ջուրը սկսում է ցորեն աղալ: Մարդիկ հարկադրեցին աշխատել նաև քամուն՝ բլուրների վրա հողմաղացներ կանգնեցնելով:Սակայն այդ շարժիչները մի խոշոր թերություն ունեին. շոգ ամռանը գետը ծանծաղում էր, ջրանիվը կանգ էր առնում, իսկ հանդարտ եղանակին անշարժանում էին հողմաղացի թևերը:
Եվ ահա` շուրջ 2 հարյուր տարի առաջ, երևան եկան շոգու ուժով աշխատող շարժիչներ: Սեղմված շոգին մղում էին գլանի մեջ, որտեղ այն հետ ու առաջ շարժելով մխոցը` պտտեցնում էր շոգեքարշի անիվները կամ շոգենավի թիանիվը: Այդ շարժիչն անվանեցին շոգեշարժիչ: Մինչև XX դարի սկիզբը շոգեշարժիչներն աշխատեցնում էին գնացքներ, նավեր, արտադրամասերի հաստոցներ: Լավ աշխատելով հանդերձ` շոգեշարժիչները չափազանց ծանր էին ու մեծածավալ:
Անցան տարիներ, և ասպարեզ եկավ նոր, ավելի թեթև շարժիչ: Սա նույնպես կազմված է մխոցավոր գլանից, սակայն շոգու փոխարեն գլան է մատուցվում հեղուկ վառելիք՝ բենզին, կերոսին: Գլանի ներսում վառելիքն այրում են, օրինակ, էլեկտրական կայծով, այրման ընթացքում առաջացած գազերը ճնշում են մխոցի վրա և տեղաշարժում այն: Քանի որ վառելիքն այրվում է շարժիչի ներսում, այն անվանեցին ներքին այրման շարժիչ: Այս շարժիչը մեծ շոգեկաթսայի կարիք չունի, և այն կարելի է տեղադրել և՜ նավերում, և՜ ավտոմեքենաներում, և՜ մոտոցիկլներում: Ներկայումս ներքին այրման շարժիչները գործնականում ամբողջովին դուրս են մղել շոգեշարժիչներին:
Ավելի ուշ պարզվեց, որ գործածման համար շատ ավելի հարմար է էլեկտրական շարժիչը. այն շատ չի աղմկում, բենզինի կամ այլ վառելիքի կարիք չունի և բավական է միայն միացնել հոսանքի ցանցին: Ներկայումս բազմաթիվ հաստոցներում և տրանսպորտի որոշ միջոցներում, հատկապես գնացքներում, գործում են էլեկտրական շարժիչներ:
Ժամանակակից ինքնաթիռներում տեղադրված են բոլորովին նոր տեսակի՝ ռեակտիվ շարժիչներ: Դրանք օժտված են մեծ հզորությամբ, իսկ շարժվող տարրերն ավելի քիչ են, քան ներքին այրման շարժիչներում:
Ռեակտիվ շարժիչի շարժիչ ուժն ստեղծվում է գազերի միջոցով, որոնք առաջանում են շարժիչի այրման խցում այրվող վառելիքից և շիթով արտանետվում են: Գազերի հոսքի հակառակ ուղղությամբ առաջանում է այսպես կոչված հետհրման ռեակտիվ ուժ, որը և շարժման մեջ է դնում մեքենաները: Պինդ վառելանյութով աշխատող ռեակտիվ շարժիչները գործում են գրեթե հազար տարի առաջ ստեղծված վառոդապատիճների սկզբունքով, որոնք դրվում էին մարտական և ազդանշանային հրթիռներում: Դրանք կիրառվում են նաև ժամանակակից մարտական հրթիռներում, սակայն վառոդի այլ բաղադրությամբ:
Իսկ ինքնաթիռների համար ստեղծվել են օդային ռեակտիվ շարժիչներ. չէ՞ որ օդում շատ թթվածին կա: Օդն այրման խցում միախառնըվում է կերոսինի գոլորշիներին: Այդ խառնուրդն այրվում է, առաջանում են շատ տաք գազեր, որոնք, դուրս հորդելով շարժիչից, ինքնաթիռը մղում են առաջ: Ռեակտիվ շարժիչն ինքնաթիռն առաջ է մղում ժամում 3500 կմ արագությամբ:
Հրթիռային շարժիչներին օդ հարկավոր չէ, քանի որ հրթիռում թթվածնի պաշար կա, ուստի դրանք կարող են ուղեծիր դուրս բերել տիեզերանավեր և աշխատել Տիեզերքում, որտեղ թթվածին չկա: Որոշ տիեզերանավերում գործածվում է պինդ վառելանյութ, մյուսները թռչում են հեղուկ ջրածնի և հեղուկ թթվածնի շնորհիվ, որոնք այրման խցում միախառնվում են ու բոցավառվում:
Սավառնակներ և օդապարուկներ
Սավառնակներ և օդապարուկներ
Սավառնակներին անվանում են նաև ճախրաթիռներ: Սավառնակները և օդապարուկները թռչող սարքեր են, որոնք շարժիչ չունեն և օդում սավառնում են քամու ուժի շնորհիվ:
Սավառնակների դասին են պատկանում նաև ծալվող թևերով դելտապլանները: Սավառնակներն օգտագործվում են զվարճանքի և մարզական նպատակներով. մրցումներ են անցկացվում թռիչքի հեռավորության և օդային ակրոբատիկայի մարզաձևերում:
Օդի դիմադրությունը փոքրացնելու նպատակով սավառնակի իրանին տալիս են շրջահոսելի ձև, իսկ կշիռը նվազեցնելու համար այն պատրաստում են թեթև նյութերից: Սավառնակի երկար թևերի շնորհիվ նույնիսկ թռիչքի փոքր արագությունների դեպքում ստեղծվում է մեծ վերամբարձ ուժ, որն այդ թռչող սարքը պահում է օդում: Քանի որ այս թռչող սարքերը շարժիչ չունեն, ուստի օդ են բարձրացվում ինքնաթիռին կամ հզոր ավտոմեքենային ճոպանով կապված կամ գործարկման հատուկ հենահարթակից: Օդում սավառնորդն արձակում է ճոպանը, և սավառնակն սկսում է թռչունի նման ազատ ճախրել:
Եթե սավառնորդին հաջողվում է գտնել օդի վերընթաց հոսք (արևոտ օրերին սովորաբար բլուրներից վեր առաջանում է բարձրացող տաք օդի հոսանք), ապա այդ հոսքի մեջ մտնելով՝ սավառնակը կարող է հասնել մեծ բարձրությունների:
Սավառնակների մեծ մասը մեկտեղանոց է, կան նաև մարզումների համար նախատեսված երկտեղանոց սավառնակներ:
Դելտապլան
Դելտապլանները եռանկյան (հունարեն դելտա՝ D տառի) տեսքով կառուցված, առանց շարժիչի թռչող սարքեր են: Դրանք նույնպես թռչում են քամու և գետնից բարձրացող տաք օդի հոսանքի շնորհիվ:
Դելտապլանների մեծ մասը նախատեսված է մեկ մարզիկի համար, որը փոկերով կապվում է այդ թռչող սարքի թևերի տակ գտնվող հատուկ շրջանակից: Որոշ մեծ դելտապլաններում նախատեսված է ևս մեկ տեղ՝ ուղևորի համար: Որպես կանոն` դելտապլանագնացն օդ է բարձրանում բավականաչափ թեք բլրալանջից՝ վազելով քամու հակառակ ուղղությամբ: Մարզիկը դելտապլանն օդում ղեկավարում է` մարմնի դիրքը փոխելով: Անվտանգության նկատառումով նա կրում է սաղավարտ և հագնում պարաշյուտ (անկարգել): Դելտապլաներիզմը ոչ միայն ակտիվ հանգստի տեսակ է, այլև հրապուրիչ մարզաձև, որի մրցումներում մարզիկներն աշխատում են ավելի հեռու թռչել կամ օդում ավելի երկար ճախրել:
Օդապարուկներ
Օդապարուկները տեղակապվող, թռչող սարքեր են, որոնք օդում մնում են իրենց ստորին մակերևույթին ազդող քամու ճնշման շնորհիվ, իսկ գետնին ամրացվում են կարապիկի վրա փաթաթված ճոպանով:
Օդապարուկներ սովորաբար արձակում են տոներին, մարզական մրցումների ժամանակ, զվարճանքի համար, երբեմն՝ գործնական նպատակներով: Դրանք գետնից օդ են բարձրացվում ուժեղ քամու ժամանակ: Ասիայի որոշ շրջաններում ձկնորսները ձուկ են որսում` օդապարուկներին կարթաթելով կարթ ամրացնելով: Սամոայի բնիկներն օդապարուկները «լծում են» իրենց կանոեներին (նավակներին), իսկ բրիտանական բանակում օդապարուկները 1906թ. օգտագործվել են զինվոր-հետախույզներին օդ բարձրացնելու համար:
Օդապարուկները հայտնագործվել են ավելի քան 3000 տարի առաջ Չինաստանում: Առաջին օդապարուկները պատրաստել են մետաքսից ու հնդկեղեգի ձողերից և թռցրել քուղից կապված: Ժամանակակից օդապարուկներն իրենցից ներկայացնում են պլաստիկապատ ալյումինե շրջանակ, որի ծայրերին ամրացված են 2 լարեր: Մերթ մեկ, մերթ մյուս լարը ձգելով՝ գետնին կանգնած մարդը կառավարում է օդապարուկը՝ ստիպելով նրան բարձրանալ կամ փոխել ուղղությունը:
19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին օդապարուկներն օգտագործվել են մթնոլորտի վերին շերտերի օդերևութաբանական հետազոտությունների, տեղանքի նկարահանման և այլ նպատակներով: Առաջին մալուխները ջրվեժների վրայով նույնպես անցկացվել են օդապարուկների օգնությամբ: Օդագնացության և ավիացիայի թռչող սարքերի զարգացմանը զուգընթաց՝ օդապարուկներն սկսեցին կիրառվել միայն մարզական նպատակներով:
Ժամանակին օդապարուկներն օգտագործվել են շինարարության մեջ. 1847թ. 11-ամյա ամերիկացի մի տղա կարողացել է ճոպանի մի ծայրն ամրացնել օդապարուկին և այն անցկացնելով Նիագարա ջըրվեժի վրայով` իջեցնել մյուս ափը, ինչի շնորհիվ ջրվեժի վրայով ճոպան է ձգվել, և հնարավոր է դարձել սկսել կախովի կամրջի շինարարությունը:
Սավառնակների պատմությունից
Ողջ կյանքը սավառնակների մոդելների փորձարկմանը նվիրած Ջորջ Կեյլին մարդուն օդ բարձրացնել կարողացող առաջին սավառնակը կառուցել է 1853թ.: Ավելի ուշ Գերմանիայում Օտտո Լիլենթալը կառուցել և փորձարկել է մարմնի շարժումներով կառավարվող ավելի քան 15 սավառնակ: Առաջին մարզական սավառնակները կառուցվել են 1920-ական թվականներին՝ նույնպես Գերմանիայում: 1940-ական թվականների վերջերին ամերիկացի Ֆրենսիս Ռոգալլոն կառուցել է եռանկյունաձև օդապարուկ, որը և սկիզբ է դրել դելտապլաներիզմին: 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին մեծ սավառնակներով բազմիցս դեսանտ է իջեցվել: Այնուհետև սավառնակները երկար ժամանակ մոռացության են մատնվել, մինչև 1950-ական թվականներին ի հայտ եկան դելտապլանները:
Վերջին տարիներին գործածության մեջ են մտել մոտոդելտապլանները, որոնք հանդերձված են դելտապլանի թևերի տակ ամրացված բենզինի շարժիչով և ունեն 1–2 ուղևորի համար նախատեսված պլաստիկե զամբյուղ:
Մոտոցիկլ
Մոտոցիկլ
Մոտոցիկլները ոտնակով հեծանիվներից շատ ավելի ծանր ու հզոր մեքենաներ են, որոնց վրա տեղադրված են բենզինով աշխատող շարժիչներ:
Մոտոցիկլները նախատեսված են 1–2 ուղևորի համար: Դրանք օգտագործվում ենսպորտում և ակտիվ հանգստի համար: Տարբեր մասնագիտությունների մարդիկ, օրինակ՝ ոստիկանները, ցրիչները, ապրանքների առաքիչներն աշխատանքի ընթացքում օգտվում են մոտոցիկլներից: Տրանսպորտով գերհագեցած փողոցներում մոտոցիկլն ավելի շարժունակ է, քան ավտոմեքենան:
Բենզինով աշխատող շարժիչով առաջին մոտոցիկլը կառուցել է Գոտլիբ Դայմլերը 1885 թ-ին Գերմանիայում:
Հեծանիվների նման, մոտոցիկլները նույնպես ունեն կրող շրջանակ, որի վրա տեղադրված են շարժիչը, փոխանցման տուփը, վառելանյութի բաքը, նստոցը և այլ տարրեր: Առջևի և հետևի անիվները հանդերձված են հիդրավլիկական մեղմիչներով, որոնք մեքենան պահպանում են ուժգին ցնցումներից ու հարվածներից: Շարժումը փոխանցման տուփին ամրացված շարժիչից հետևի անվին փոխանցվում է շղթայի միջոցով: Շարժիչի ծավալը 50–1200 սմ3 է: 50 սմ3 և ավելի փոքր տարողությամբ շարժիչներով մոտոցիկլներն անվանում են մոտոռոլլերներ: Դրանց վրա սովորաբար տեղադրում են բենզինով աշխատող, օդահովացումով երկտակտ շարժիչներ: Մեծ և թանկարժեք մոտոցիկլները սովորաբար ունեն ջրահովացումով քառատակտշարժիչներ: Ղեկի վրա տեղադրված են առջևի արգելակի, կոճի (դրոսել), կցորդիչի բռնակները և ցոլալապտերի գործարկիչ-անջատիչը: Մոտոցիկլի արագությունը կարելի է փոփոխել նաև հատուկ ոտնակով: Ներկայումս բազմաթիվ մոտոցիկլների վրա տեղադրված են փոխանցումների ինքնաշխատ տուփեր:
Հեծանիվ
Հեծանիվ
Հեծանվի նախատիպերը՝ քառանիվ ինքնագլոր սայլակները, ստեղծվել են Ֆրանսիայում XVII դարում:
Հետագայում դրանք գրեթե միաժամանակ ասպարեզ են եկել նաև Գերմանիայում,Անգլիայում և այլ երկրներում: Առաջին երկանիվ հեծանիվները, որոնց նաև «ոսկրացունց» էին անվանում, հայտնվեցին XVIII դարի վերջերին, երբ 1791 թ-ին ֆրանսիացի կոմս դը Սիրվակը կառուցեց իր սելիֆերը՝ փայտե երկանիվ հեծանիվը: Այն ղեկ չուներ, փայտե անիվներն ամրացված էին երկաթե օղերով, շարժման մեջ էր դրվում ոտքերով գետնից հրվելու միջոցով: Հետագայում ֆրանսիացի Միշո եղբայրները հեծանվին ավելացրին ղեկ, առաջին անվին ամրացրին շարժաթև ու ոտնակ և մեքենան անվանեցին «վելոսիպեդ» (լատիներեն «վելոքս»՝ արագ, և «պես»՝ ոտք, բառերից): Նրանք կազմակերպեցին հեծանիվների արտադրություն (տարեկան մինչև 400 հատ), որի շնորհիվ 1869 թ-ին Ֆրանսիայում սկզբնավորվեցին հեծանվարշավները:
Շուտով փայտե անիվները փոխարինվեցին մետաղե բարակ բոլորակ, ճաղեր և ռետինե հոծ դողեր ունեցող անիվներով` արագությունը մեծացնելու նպատակով տանող անվի տրամագիծը մեծացվեց մինչև 180 սմ:
XIX դարի վերջին հեծանվի կառուցվածքին ավելացվեցին շղթայական փոխանցում, գնդառանցքակալներ (1877 թ-ին), պնևմատիկ դողեր (1889 թ-ին), ազատ ընթացք (1894 թ-ին), փոխանցումների փոխարկման մեխանիզմ (1899 թ-ին): Նման կառուցվածք ունեցող հեծանիվներն արդեն ժամանակակից հեծանիվը հիշեցնող մեքենաներ էին:
XIX դարի վերջերին տարբեր երկրներում սկսեցին հեծանիվ արտադրել: Այն սկսեց կիրառվել նաև ռազմական գործում՝ որպես վիրավորներ, թեթև զենք ու հանդերձանք փոխադրող և կապի միջոց: Եվրոպական երկրների բանակներում ստեղծվեցին հեծանվային վաշտեր:
Մեր օրերում շատ երկրների բնակիչների համար հարմարավետ հեծանիվները հիմնական փոխադրամիջոց են: Այսօր կան արդեն ավտոմեքենայի բեռնախցիկում հեշտությամբ տեղավորվող ծալովի հեծանիվներ, որոնք մի քանի վայրկյանում կարելի է քանդելով երկու կես անել և նույն արագությամբ էլ հավաքել:
Կան անգամ եռանիվ հեծանիվներ, որոնք ստեղծված են հատկապես տարեց մարդկանց համար: Հեծանիվը բավական արագընթաց մեքենա է: 120 կմ-անոց առաջին իսկ մրցարշավներում, որոնք տեղի ունեցան 1869 թ-ին Ֆրանսիայում, հեծանիվը զարգացրեց ժամանակի համար չլսված արագություն՝ ժամում 11 կմ: Այդ տարիներից ի վեր այն մարզական զանազան մրցումների մշտական մասնակիցն է:
Ուղղաթիռ
Ուղղաթիռ
Ուղղաթիռները թռչող սարքեր են, որոնք կարող են տեղից ուղղահայաց վեր բարձրանալ և վայրէջք կատարել ցանկացած հարթ հրապարակում, նույնիսկ տանիքի վրա:
1930-ական թվականներին Խորհրդային միությունում ուղղաթիռ ստեղծելու ուղղությամբ փորձեր էին կատարվում: Թռչող սարքը պետք է լիներ փոքր, թեթև, անաղմուկ: Անդրանիկ Իոսիֆյանը առաջիններից մեկն էր, որ ստեղծեց հեռակառավարվող էլեկտրական ուղղաթիռ` “հելիկոպտեր”: Այն ուներ 2 մետր տրամագծի պտուտակ, որն աշխատում էր ոչ թե ավիացիոն բենզինով, այլ էլեկտրական մալուխով սնուցվող շարժիչով: Նախատեսված էր զանազան դիտարկումների, հետախուզման և հրետանու կրակը ուղղորդելու համար: 1941 թ.-ին ուղղաթիռը փորձարկվեց: Այն իր հետ բարձրացնում էր օդաչուին և մի քանի պտույտ կատարում տարածքի շուրջը: Սակայն սկսված համաշխարհային պատերազմը կասեցրեց աշխատանքներն այս ուղղությամբ:
Ուղղաթիռներով բեռներ և ուղևորներ են փոխադրում փոքր հեռավորություններ և դժվարամատչելի վայրեր, օրինակ՝ ծովում գտնվող նավթային հենահարթակ կամ քաղաքի շրջագծում գտնվող մի օդանավակայանից մյուսը: Ուղղաթիռներն արագորեն տեղից տեղ են փոխադրում օդային դեսանտը և կարող են վայրէջք կատարել նավերի վրա: Օդում կախված մնալու իրենց ունակության շնորհիվ շատ հարմար են լեռներում կամ ծովում փրկարարական աշխատանքներ կատարելու համար:
Ուղղաթիռները թևեր չունեն: Դրանց փոխարինում է երկար թիերով խոշոր, կրող պտուտակը, որը շարժման մեջ է դրվում հզոր շարժիչով: Ուղղահայաց սռնիով այդ պտուտակի պտույտներից առաջանում է վերամբարձ ուժ, և ուղղաթիռը վեր է բարձրանում: Պտուտակի պտտման արագությունը փոխելով՝ օդաչուն ստիպում է ուղղաթիռին վեր բարձրանալ, կախվել օդում, թռչել ցանկացած ուղղությամբ կամ վայրէջք կատարել: Ուղղաթիռի պոչի վրա ամրացված է ևս մեկ՝ ոչ մեծ պտուտակ, որն ուղղաթիռին հաղորդում է կայունություն և թույլ չի տալիս նրան պտտվել կրող պտուտակի պտույտին հակառակ:
Ճիշտ է՝ մարդատար և բեռնատար ինքնաթիռները թռչում են ուղղաթիռից շատ ավելի արագ ու հեռու, բարձրանում են ավելի վեր ու ավելի քիչ վառելանյութ են ծախսում, բայց չեն կարող ուղղաթիռի նման կախված մնալ օդում կամ վեր բարձրանալ առանց թափավազքի և վայրէջք կատարել առանց անհրաժեշտ վազքատարածության` ցանկացած փոքր հարթակում: Ուղղաթիռը կարող է նաև պտտվել իր առանցքի շուրջը` որ կողմն ուզենա, և ցանկացած ուղղությամբ թռչել՝ ժամում մինչև 400 կմ արագությամբ: Այդ պատճառով կառուցում են թե՜ ինքնաթիռներ, թե՜ ուղղաթիռներ, որոնցից յուրաքանչյուրը կատարում է իր համար նախատեսված աշխատանքը:
Ինքնաթիռ
Ինքնաթիռ
Թռչող սարքերի առաջին գծագրերը հայտնաբերվել են Վերածննդի դարաշրջանի իտալացի մեծ նկարիչ, քանդակագործ ու գիտնական Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերում:
Նրանից հետո շատ ու շատ գյուտարարներ են զբաղվել թռչող ապարատներ ստեղծելով, ոմանք նաև նմանակում էին թռչուններին. մարմնին թևեր հարմարեցնելով` ուզում էին օդ բարձրանալ: Բայց մարդը երկինք ճախրեց ոչ թե մկանների, այլ բանականության ուժով:
1783թ-ին ֆրանսիացի Ժոզեֆ և Ժակ Էթիեն Մոնգոլֆիե եղբայրներն օդ բարձրացան իրենց կառուցած տաք ծխով լցված օդապարիկով, իսկ 1852 թ-ին շոգեշարժիչավոր օդապարիկով առաջին կառավարելի թռիչքը կատարեց նույնպես ֆրանսիացի գյուտարար Ա. Ժիֆարը:
Ավիացիան (լատիներեն «ավիս»՝ թռչուն բառից) ծնվեց այն ժամանակ, երբ մարդը թռչել կարողացավ օդից ծանր ապարատով: 1852 թ-ին Ջ. Քեյլին կառուցեց առանց շարժիչի առաջին սավառնակը: Գերմանացի ճարտարագետ Օ. Լիլիենթալը 1891–96 թթ-ին տեսականորեն հիմնավորեց և իրագործեց կառավարելի սավառնակներով թռիչքները: Միաժամանակ փորձեր էին արվում շոգեշարժիչավոր սավառնակներով թռիչքներ իրագործելու համար (Ա. Ֆ. Մոժայսկի, Խ. Մաքսիմ):
XIX դարի վերջին կատարելագործված ներքին այրման շարժիչները հնարավորություն տվեցին ստեղծել նաև թեթև և բավականաչափ հզոր ավիացիոն շարժիչ: 1903 թ-ի դեկտեմբերի 17-ին օդ բարձրացավ կերոսինով աշխատող շարժիչով` ամերիկացի Օրվիլ և Ուիլբեր Ռայթ եղբայրների կառուցած «Ֆլայեր» («Սավառնակ») ինքնաթիռն ու անցավ 35 մ ճանապարհ: Թեև մարդու առաջին թռիչքը տևեց ընդամենը 12 վ, սակայն դա արդեն իսկական թռիչք էր՝ վերասլացքով ու վայրէջքով:
1909 թ-ին Լուի Բլերիոն կտրեց-անցավ Լա Մանշ նեղուցը, իսկ 10 տարի անց Էլքոկն ու Բրաունը իրականացրին առաջին անվայրէջք թռիչքն Ատլանտյան օվկիանոսի վրայով: 1927 թ-ին Չառլզ Լինդբերգը «Սենտ Լուիսի ոգին» ինքնաթիռով, առաջինն աշխարհում, միայնակ կտրեց-անցավ Ատլանտյան օվկիանոսը: 1930 թ-ին Էմմի Ջոնսոնը դարձավ Անգլիայից Ավստրալիա թռիչք կատարած առաջին կին օդաչուն, իսկ 2 տարի անց ամերիկուհի Էմիլիա Էրհարթը կանանցից առաջինը միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը. նրա թռիչքը տևեց 15 ժ 18 ր:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առավել հայտնի դարձան ֆրանսիական «Ֆարման», «Վուազեն» և «Նյուպոր», անգլիական «Սոպվիչ», գերմանական «Ֆոկեր», ռուսական «Իլյա Մուրոմեց» մարտական ինքնաթիռները, որոնք զարգացնում էին ժամում 90–120 կմ արագություն և բավականաչափ ծանր բեռներ փոխադրում:
1930-ական թվականների վերջերին ստեղծվեցին ուղևորատար ինքնաթիռներ: 1920–30-ական թվականներին Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, ԽՍՀՄ-ում և այլ երկրներում արդեն ստեղծվել էին մի քանի հարյուր տեսակի ռազմական ու քաղաքացիական ինքնաթիռներ: 1924 թ-ին օդ բարձրացավ ծանր, ամբողջովին մետաղից պատրաստված խորհրդային առաջին՝ ԱնՏ-2 ինքնաթիռը: Արագության ռեկորդ՝ ժամում` 656 կմ, սահմանեց անգլիական «Սուպերմարին Մ6Գ» ինքնաթիռը, իսկ ամերիկյան «Դուգլաս» ֆիրմայի ԴՍ-3 ինքնաթիռը երկար տարիներ տարբեր երկրներում քաղաքացիական ավիացիայի հիմնական փոխադրամիջոցն էր:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխարհում լավագույնն էին խորհրդային Իլ-2 հակատանկային օդանավը, անգլիական «Սփիդֆայր», ամերիկյան «էյրքոբրա» և «Մուսթանգ» կործանիչ օդանավերը և այլն: Պատերազմի վերջին ինքնաթիռների արագությունը հասնում էր արդեն ժամում շուրջ 700 կմ-ի: Սակայն այդ շրջանի ինքնաթիռները մխոցային շարժիչով էին, և դա խանգարում էր արագության մեծացմանը: Անհրաժեշտ էր ստեղծել ավելի հզոր շարժիչներ:
1952 թ-ին սկսվեց մարդատար ռեակտիվ ավիալայներների («Հեյվիլենդ Քոմեթ») կանոնավոր երթևեկությունը:
Այս ձեռքբերումները թույլ տվեցին ստեղծել քաղաքացիական ավիացիայի գերձայնային ինքնաթիռներ: Առաջին ուղևորատար գերձայնային ինքնաթիռը 1960 թ-ին ստեղծված «Կոնկորդն» էր. այն ձայնի արագությունը գերազանցում էր 2 անգամ և Ատլանտյան օվկիանոսը կտրում-անցնում էր ընդամենը 3 ժամում:
Նորագույն ինքնաթիռներ
Մեր օրերում նոր ինքնաթիռների կոնստրուկտորներն ավելի շատ ուշադրություն են դարձնում ոչ թե արագությունները մեծացնելու, այլ դրանք խնայողական դարձնելու վրա: Նորագույն օդանավերի մեծ մասի արագությունը գրեթե 2 անգամ փոքր է 1960-ական թվականներին ստեղծված հայտնի «Կոնկորդի» արագությունից: Ներկայումսհամակարգիչների օգնությամբ ճարտարագետները մշակել են ավելի մեծ շրջահոսելիություն ունեցող թևեր և ստեղծել զգալիորեն ավելի քիչ վառելանյութ օգտագործող ու ավելի քիչ աղմուկ առաջացնող շարժիչներ: Ժամանակակից աերոբուսը, օրինակ, ծախսելով նույն քանակությամբ վառելանյութ, փոխադրում է 4 անգամ ավելի ուղևոր, քան «Կոնկորդը»:
Ժամանակակից ավիալայներում կարևորագույն նշանակություն ունեն համակարգիչները: Թռիչքի տարբեր ռեժիմներում ինքնաթիռը ղեկավարող ինքնաղեկասարքը համակարգիչն է: Կան նույնիսկ այնպիսի ինքնաթիռներ, որտեղ օդաչուն անմիջականորեն չի ղեկավարում թռիչքը, այլ միայն հետևում է ղեկավարող սարքերին, որոնք ազդանշաններ են ուղարկում համակարգչին, իսկ վերջինս արդեն ընտրում է թռիչքի տվյալ ռեժիմին համապատասխան լավագույն լուծումը: Այս համակարգն անվանում են կանոնակարգային ռեժիմ:
Ավտոմեքենա
Ավտոմեքենա
Ավտոմեքենան կամ ինքնաշարժը սեփական շարժիչով տրանսպորտի միջոց է: Այն լայնորեն տարածված է ողջ աշխարհում, թեև ընդամենը 2 հարյուրամյակի պատմություն ունի:
Քամու կամ մարդու մկանային ուժով շարժման մեջ դրվող սայլակների ստեղծման փորձեր կատարվել են շատ վաղուց: Մարդիկ մտածում էին նաև այնպիսի սայլ ստեղծել, որը շարժվեր ինքնիրեն՝ առանց ձիերի: XVIII դարի 2-րդ կեսին շոգեմեքենայի հայտնագործումը դրդեց ֆրանսիացի ճարտարագետ Կյունոյին սայլի վրա շոգեմեքենա դնել, և 1769 թ-ին նա ստեղծեց առաջին շոգեավտոմեքենան, որը, սակայն, շատ ծանր էր: Ավտոմեքենայի լայն օգտագործումը՝ որպես տրանսպորտի միջոց, սկսվեց ներքին այրման շարժիչի երևան գալուց (1880 թ.) հետո:
1886 թ-ին գերմանացի գյուտարար Կարլ Բենցը շարժիչ հարմարեցրեց եռանիվ կառքին, որն ընդունված է համարել առաջին իսկական ավտոմեքենան: Դրանից հետո գերմանացի ճարտարագետ Գոտլիբ Դայմլերը և Կարլ Բենցը ստեղծեցին քառանիվ ավտոմեքենաներ:
Ավտոմեքենաշինության արշալույսին մեքենաները բաց էին` ծածկ չունեին: Առաջին ավտոմեքենաները նաև շատ թանկ էին, և միայն 1907 թ-ին Հենրի Ֆորդը ԱՄՆ-ի Դետրոյտ քաղաքում սկսեց հարահոս եղանակով թողարկել «Մոդել T» նոր ավտոմեքենան, որն անհամեմատ էժան էր:
Սկզբում ավտոմեքենաները նախատեսված էին միայն ուղևորների համար, այնուհետև դրանցով սկսեցին նաև բեռներ փոխադրել: Բենզինային շարժիչով բեռնատարներն առաջին անգամ թողարկվեցին 1900-ական թվականներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914–18) դրանք լայնորեն օգտագործվում էին բեռնափոխադրության համար: 1920-ական թվականներին ստեղծվեցին հուսալի և հզոր դիզելային շարժիչներ, որոնք բեռնատարներում կիրառվում են մինչ օրս:
1960-ական թվականներին սկսեցին ավտոմեքենաների վրա տեղադրել էլեկտրոնային սարքավորումներ: Ներկայումս էլեկտրոնային համակարգով ղեկավարվող շարժիչով ավտոմեքենան գրեթե 2 անգամ ավելի խնայողական է, քան կես դար առաջ: 1990-ական թվականներից ավտոմեքենաների բազմաթիվ խոշորագույն արտադրողներ ձեռնամուխ են եղել էլեկտրամոբիլների արտադրությանը:
Ստեղծվել են նաև արևի էներգիայով աշխատող մեքենաներ:
Անտառներ
Անտառներ
Ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ամբողջությունը կոչվում է անտառ: Անտառում գլխավոր դերը պատկանում է ծառերին ու թփերին, իսկ երկրորդականը՝ խոտաբույսերին, թփուտներին, մամուռներին, քարաքոսերին և այլն:
Միատեսակ ծառերից, օրինակ՝ կաղնուց, կազմված անտառները կոչվում են մաքուր անտառ, տարբեր տեսակներից, օրինակ՝ կաղնուց և հաճարենուց, կազմվածները՝ խառնանտառ: Անտառի կառուցվածքը պայմանավորված է ծառերի բարձրությամբ, շարահարկայնությամբ, խորությամբ, ծառաթփային տեսակաշարով: Անտառի ծառատեսակները լինում են գլխավոր և երկրորդական:
Գլխավոր կամ անտառկազմող ծառատեսակներն անտառային համակեցության գերիշխող, դիմացկուն, ամենախոշոր ծառերն են, որոնք առաջացնում են առաջին շարահարկը, զբաղեցնում են մեծ տարածք և ապահովում են անտառի բարձրությունն ու կայունությունը:
Երկրորդական կամ ուղեկցող ծառատեսակները ստվերասեր և խոնավասեր են, առաջացնում են երկրորդ շարահարկը, նպաստում են գլխավոր տեսակների աճմանն ու զարգացմանը, ապահովում վերին շարահարկի բավարար խտությունը, ստվերում պահում հողը՝ նվազեցնելով գոլորշիացումը: Կլիմայական տարբեր գոտիներում ձևավորվում են տարբեր տիպերի անտառներ:
Բարեխառն գոտու ասեղնատերև անտառները տարածվում են Եվրասիայի ևՀյուսիսային Ամերիկայի բարեխառն լայնություններում:Բարեխառն գոտու հյուսիսային շրջաններում (տունդրայից հարավ), որտեղ օդի ջերմաստիճանը ցածր է, տարածվում են ասեղնատերև անտառները, որտեղ ծառերի ու թփերի տերևները վերաճել են ասեղների (ունի պաշտպանիչ նշանակություն) և ծածկված են լավ զարգացած մեխանիկական հյուսվածքով. դրանք նպաստում են վեգետացիայի շրջանում խոնավության լրիվ յուրացմանը, իսկ ձմռանը ծառերը պահպանում են չորացումից: Տերևների յուրահատուկ ձևը նեղ սաղարթների հետ միասին առատ ձյան ծածկույթից սաղարթի չկոտըրվելու, ինչպես նաև Արեգակի ցածր դիրքում նրա լույսն օգտագործելու հարմարանք է: Մութ ասեղնատերև անտառներում գերիշխում են ստվերասեր ծառատեսակները (եղևնի, սիբիրական սոճի), լուսավոր ասեղնատերև անտառներում` լուսասեր կվենին և սոճին:
Մութ ասեղնատերև անտառները սովորաբար ունեն 2–3 շարահարկ: Առաջին շարահարկը ծառային է, երկրորդը՝ խոտային, երրորդը՝ մամռային: Թփերը հանդիպում են հատուկենտ և ինքնուրույն շարահարկ չեն կազմում: Անտառի թույլ լուսավորվածության պայմաններում բազմաթիվ բույսեր կորցրել են քլորոֆիլը և անցել սապրոտրոֆ կյանքի:
Լուսավոր ասեղնատերև անտառների ծառերն ավելի նոսր են դասավորված, ստորին շարահարկերում գերիշխում են քարաքոսերը, լույսի համեմատաբար մեծ ինտենսիվությունը նպաստում է թփուտային շարահարկի զարգացմանը:
Ասեղնատերև անտառներում անողնաշարավոր կենդանիների գերակշռող մասը, որոշ կաթնասուններ, երկկենցաղներ և սողուններ խստաշունչ ձմեռների ժամանակ անցնում են պասսիվ վիճակի: Որոշ կենդանիների համար բնորոշ են սեզոնային գաղթերը (միգրացիաները): Ասեղնատերև անտառներում ամբողջ տարին կա անհրաժեշտ քանակությամբ թարմ և մատչելի կեր:
Բարեխառն գոտու խառը և լայնատերև անտառները տարածվում են Արևմտյան Եվրոպայի բարեխառն լայնություններում, Ռուսաստանի եվրոպական մասի միջին և հարավային շրջաններում, Ղրիմում, Կովկասում, Ասիայի ներքին ցամաքային շրջաններում, Հեռավոր Արևելքում, Սախալինում, Կամչատկայում, Մանջուրիայում, Արևելյան Չինաստանում, Հյուսիսային Ճապոնիայում, Հյուսիսային Ամերիկայի մերձատլանտյան նահանգներում:Այս անտառները բնորոշ են բարեխառն գոտու տաք և խոնավ կլիմայով շրջաններին: Դրանցում զարգացած է փարթամ մեզոֆիլ բուսականությունը: Լայնատերև անտառները տերևածածկ են միայն ամռանը` վեգետացիայի համար բարենպաստ ամիսներին, իսկ աշնանը ջերմաստիճանի նվազման հետևանքով տերևաթափվում են և ձմռանը մերկանում: Լայնատերև ծառատեսակներ են հաճարենին, կաղնին, շագանակենին, հացենին, լորենին, ընկուզենին և այլն: Այս անտառներում հանդիպում են նաև մանրատերև ծառեր՝ կեչի և կաղամախի:
Լայնատերև ծառերն աչքի են ընկնում լայն տերևաթիթեղիկներով, տերևներն ունեն վառ կանաչ գույն, զուրկ են մազածածկից: Ծառերի բներն ու ճյուղերը ծածկված են հաստ կեղևով, իսկ բողբոջները՝ ամուր իրար վրա նստած թեփուկներով: Այս առանձնահատկությունները ձմռանը նվազեցնում են գոլորշիացման ինտենսիվությունը:
Ի տարբերություն ասեղնատերևավորների՝ լայնատերև անտառներն աչքի են ընկնում լավ զարգացած (2 ծառային, 2 թփուտային և մի քանի խոտային) շարահարկայնությամբ, հարուստ ենթանտառով և խոտածածկույթով:
Լայնատերև անտառների կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան:
Մերձարևադարձային չորասեր անտառները տարածվում են միջերկրածովային կլիմայով շրջաններում՝ Միջերկրական ծովի ափերին, Ղրիմի թերակղզու հարավում, Հյուսիսային Ամերիկայում՝ Կալիֆոռնիա թերակղզում, Ավստրալիայի հարավարևմտյան շրջաններում, Աֆրիկայի հարավային մասում՝ Կարպի մարզում: Ամառն այստեղ շոգ է և չոր, իսկ ձմեռը՝ տաք: Այստեղ զարգանում են կոշտատերև անտառները: Չորային պայմաններին հարմարվելու հետևանքով բույսերը ձեռք են բերել քսերոմորֆ կառուցվածք: Տերևները կոշտ են, կաշեկերպ, ունեն լավ զարգացած մեխանիկական հյուսվածքներ: Արեգակի ճառագայթների ազդեցությունը մեղմացնելու համար տերևները սովորաբար թեք են դասավորվում Արեգակի ճառագայթների նկատմամբ: Կան այնպիսի բուսատեսակներ, որոնց տերևները հետաճել են, և լուսասինթեզը կատարվում է կանաչ ցողունների միջոցով: Որոշ բույսեր ամբողջ տարվա ընթացքում շարունակում են իրենց վեգետացիան, մշտադալար են: Այս անտառները կազմված են 2, երբեմն` 1 ծառային, 1 թփուտային և խոտային շարահարկերից: Մամռաքարաքոսային շարահարկը թույլ է արտահայտված:
Մերձարևադարձային խոնավ անտառները տարածվում են գոտու առավել խոնավ շրջաններում՝ Հյուսիսային Ամերիկայում (հարավային մերձափնյա շրջաններում և Ֆլորիդայում), Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Հիմալայների հարավային լանջերին, Այսրկովկասում: Հիմնականում կազմված են երկշաքիլավոր բույսերից, երբեմն հանդիպում են նաև ասեղնատերև ծառեր: Ծառերի տերևներն օժտված են խոշոր տերևաթիթեղներով, փայլուն են, կաշեկերպ, ձվաձև, ունեն վառ կանաչ գույն, խոշոր միջբջջային տարածություններ և զուրկ են թավոտությունից: Արեգակի ճառագայթների նկատմամբ միշտ դասավորվում են ուղղահայաց:
Այս անտառների բարենպաստ պայմանները՝ մեղմ ձմեռները, տաք հողերը, կերային բարձր արժեք ունեցող սերմերի ու պտուղների առատությունը, նպաստել են հողում և անտառային թաղիքում բնակվող անողնաշարավորների ու վերգետնյա կյանք վարող մի շարք բուսակեր կենդանիների բազմազանությանը:
Արևադարձային փշոտ չորասեր նոսրանտառները բնորոշ են մերձհասարակածային գոտուն: Դրանք տարածվում են Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ավստրալիայում. կազմված են ցածրահասակ ծառերից և թփերից, որոնք չորային ժամանակաշրջանում տերևաթափվում են: Կան նաև մշտադալար տեսակներ: Այստեղ ծառերը և թփերը նոսր են դասավորված, ունեն ծռմռված բուն: Երբեմն հանդիպում են շշաձև ծառեր, որոնք ունեն հաստ բուն, որտեղ ջուր են պաշարում: Այս անտառներին բնորոշ է փշոտ, ամուր բնափայտ ունեցող ծառերի առատությունը, որի համար դրանց հաճախ անվանում են կացնակոտրուկ (կեբրաչո):
Չորային ժամանակաշրջանում չորասեր նոսրանտառների կենդանիների գերակշռող մեծամասնությունը չի բազմանում. անողնաշարավորներն ու երկկենցաղները քուն են մտնում իրենց թաքստոցներում, որոշ կենդանիներ կեր են պաշարում անբարենպաստ շրջանի համար, իսկ մի մասն էլ քոչում և կենտրոնանում է գոտու այն ոչ մեծ տարածքներում, որտեղ առկա են իրենց գոյության համար բարենպաստ պայմաններ:
Չորասեր նոսրանտառներն ավելի խոնավ շրջաններում փոխարինվում են արևադարձային տերևաթափ անտառներով: Չորային ժամանակաշրջանում սովորաբար տերևաթափվում են միայն վերին շարահարկի ծառերը, երկրորդ շարահարկինը մշտադալար են: Այս անտառներում գերակշռում են ցածրահասակ ծառերը: Առատ տեղումներով շրջաններում տարածվում են արևադարձային կիսամշտադալար անտառները, որտեղ վատ է արտահայտված շարահարկայնությունը. թփուտային շարահարկը հիմնականում բացակայում է: Այս անտառները տարածվում են Հարավարևելյան Ասիայում, Հնդկաստանում, Հնդկաչինում, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում:
Խոնավ մշտադալար արևադարձային «անձրևային» անտառը բուսականության ուրույն տիպ է, որի գոյությունը կապված է առավել բարենպաստ բնակլիմայական պայմանների հետ: Դրանք տարածվում են տաք և խոնավ շրջաններում, որտեղ այս 2 գործոնները տարվա ընթացքում հավասարաչափ են բաշխվում: Այս անտառներն անընդհատ գոտի չեն կազմում, որովհետև անտառներով զբաղեցված հարթավայրերն ընդհատվում են բարձրավանդակներով և լեռներով: Խոնավ արևադարձային անտառները տարածվում են Հարավային Ամերիկայում՝ Ամազոն գետի ավազանում, Կենտրոնական Ամերիկայի արևելյան ափերին, Աֆրիկայում՝ Կոնգո գետի ավազանում և Գվինեական ծոցի մերձափնյա շրջաններում, Հարավարևելյան Ասիայում, Ֆիլիպինյան կղզիների հարավային մասերում, Շրի Լանկայի հարավարևմտյան մասում և Մալակա թերակղզում:
Խոնավ արևադարձային անտառների ծառերը և թփերն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ տերևներով: Դրանք խոշոր են, կոշտ, կաշեկերպ և պարունակում են մեծ քանակությամբ կայծքարահող, էլիպսաձև են, տերևաթիթեղի վերին մակերեսը հարթ է և փայլուն, իսկ ստորինը երբեմն` թավոտ: Փայլուն մակերեսն ունի պաշտպանական նշանակություն. անդրադարձնում է արևի ճառագայթները և նպաստում տերևների վրայից անձրևի կաթիլների արագ արտահոսքին:
Խոնավ արևադարձային անտառները հարուստ են ծառերի բների վրա բնակվող բույսերով՝ էպիֆիտներով, և աչքի են ընկնում կենդանիների բազմազանությամբ:
Եվրասիա
Եվրասիա
Ամենամեծ մայրցամաքը Եվրասիան է, որի մեջ մտնում են Եվրոպա և Ասիա աշխարհամասերը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:
Մակերեսը 52.990 մլն կմ² է, որը կազմում է ընդհանուր ցամաքի 36%:
Բնակչությունը՝ 4.8 միլիարդից ավել է, որը կազմում է ընդհանուր բնակչության ¾ մասը:
Մայրցամաքը գտնվում է Հյուսիսային կիսագնդում, ընդ որում Եվրասիայի կղզիների մի մասը գտնվում է Հարավային կիսագնդում, կոնտինենտալ Եվրասիայի մի մասը գտնվում է Արևելյան կիսագնդում, իսկ եզրային արևմտյան և արևելյան մասերը գտնվում են Արևմտյան կիսագնդում:
Իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Եվրոպայի և Ասիայի սահմանը հաճախ գծում են Ուրալյան լեռնաշղթայով, Ուրալ գետով, Էմբա գետով,Կասպից ծովի հյուսիս-արևմտյան ափով, Կամա գետով, Մանիչ գետով, Սև ծովի արևելյան ափով, Սև ծովի հարավային ափով, Բոսֆորի նեղուցով, Մարմարի ծովով, Դարդանելի նեղուցով, Էգեյան և Միջերկրական ծովով, Ջիբրալթարի նեղուցով: Այս բաժանումը տեղի է ունեցել պատմականորեն: Բնության առումով Եվրոպայի և Ասիայի մեջ կտրուկ սահման գոյություն չունի: Մայրցամաքը միացված է ցամաքային միասնությամբ, որը տվյալ պահին ստեղծված է բազմաթիվ կլիմայական գործընթացների համընթացությամբ:
Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`Հնդկական օվկիանոսով, հյուսիսում՝ Սառուցյալ օվկիանոսով, արևմուտքում`Ատլանտյան օվկիանոսով և արևելքում՝ Խաղաղ օվկիանոսով:
Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ ` 8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:
Եվրասիայի ռելիեֆը շատ բազմազան է` այստեղ են գտնվում աշխարհի ամենամեծ հարթավայրերից և լեռնաշղթաներից ` Արևելա-Եվրոպական հարթավայրը, Արևմտա- Սիբիրյան հարթավայրը, Տիբեթյան լեռնաշղթան: Եվրասիան Երկրագնդի ամենաբարձր աշխարհամասն է, նրա միջին բարձրությունն է 830 մ: Եվրասիայում են գտնվում Երկրագնդի ամենաբարձր սարերը` Հիմալայները, իսկ եվրասիական Հիմալայան, Տիբեթյան, Հինդուկուշի, Պամիրի, Տյան-Շանի լեռնային համակարգերը կազմում են Երկրագնդի ամենամեծ լեռնային շրջանը:
Աշխարհամասի ժամանակակից ռելիեֆը պայմանավորված է նեոգեն և անտրոպոգեն շրջանների ինտենսիվ տեկտոնիկ շարժումներով: Առավել շարժունակ են Արևելա-Ասիական և Ալպիա-Հիմալայան գեոսինկլինիկ գոտիները:Բարձր սեյսմիկություն ունեն Միջին, Կենտրոնական և Արևելյան Ասիայի շրջանները, Մալայան արխիպելագի շրջանները:
Գործող հրաբուխները գտնվում են Կամչատկայում, Արևելյան և Հարավ -Արևելյան Ասիայում, Իսլանդիայում և Միջերկրական ծովում: Եվրասիայի հիմնական լեռնային համակարգերը.
Հիմալայներ, որտեղ գտնվում է Երկրագնդի ամենաբարձր լեռը՝ Ջոմոլունգման (Էվերեստ), Ալպեր, Կովկասյան լեռներ, Հինդուկուշ, Կարակորում, Տյան-Շան, Կունլուն, Ալթայ, Հարավային Սիբիրի լեռներ, Հյուսիս-Արևելյան Սիբիրի լեռներ, Պամիր-Ալթայան լեռներ, Տիբեթի լեռներ, Կարպատներ, Ուրալյան լեռներ
Եվրասիայի հիմնական հարթավայրերն են՝ Արևելա-Եվրոպական, Արևմտա- Սիբիրյան, Թուրանյան, Մեծ Չինական, Հինդո-Գանգեսյան:
Հյուսիսային և մի շարք լեռնային շրջանների ռելիեֆը ենթարկվել է հին սառեցման շրջանի ներազդեցությանը: Ժամանակակից սառցաբեկորներ պահպանվել են Արկտիկայի կղզիներում և Իսլանդիայում: Մոտ 11 մլն. կմ² զբաղեցնում են բազմամյա սառցե ապառաժներ:
Եվրասիայում է գտնվում՝
- Երկրագնդի ամենաբարձր լեռը` Ջոմոլունգման(Էվերեստ),
- ամենախոշոր լիճը` Կասպից ծովը և ամենախորը` Բայկալը,
- մակերեսով ամենամեծ լեռնային համակարգը` Տիբեթը,
- ամենամեծ թերակղզին` Արաբական,
- ամենամեծ աշխարհագրական շրջանը` Սիբիրը,
- ցամաքի ամենացածր կետը` Մեռյալ ծովի խորշը:
Աշխարհամասում է գտնվում նաև հյուսիսային կիսագնդի ցրտի բևեռը: Կամչատկայում կա 150 հրաբուխ, որոնցից 25 գործող: Կամչատկայում է գտնվում ամենաբարձր հեյզերը՝ Վիլիկանը, որը ժայթքում է 4 ժամը մեկ: Ջրի ջերմաստիճանը՝ 100 աստիճան. գեյզերի շիթի բարձրությունը՝ 40 մ:
Եվրասիան հանդիսանում է Շումերական և Չինական հնագույն քաղաքակրթությունների հայրենիքը, և տեղ, որտեղ ձևավորվել են Երկրագնդի գրեթե բոլոր քաղաքակրթությունները:
Եվրասիան պայմանականորեն բաժանված է երկու մասի` Եվրոպա և Ասիա: Ասիան մեծ չափսերի պատճառով ստորաբաժանվում է ավելի փոքր շրջանների` Սիբիր, Հեռավոր Արևելք, Մերձամուրյան, Ծովամերձ, Մանչժուրիա, Չինաստան, Հնդկաստան, Տիբեթ, Ույգուրիա/ արվ. Տուրկեստան, այժմ Սինցզյան Կորեայի կազմում/, Միջին Ասիա, Մերձավոր Արևելք, Կովկաս, Պարսկաստան, Հնդչինաստան, Արավիա և այլն:
Եվրասիայում ներկայացված են բոլոր կլիմայական գոտիներն ու կլիմայական զոնաները:
Հյուսիսում գերակշռում են բևեռային և մերձբևեռային կլիմայական գոտիները, հետո ամբողջ Եվրասիան լայն գոտիով հատում է բարեխառն գոտին, որին հետևում է մերձարևադարձայինը: Արևադարձային գոտին Եվրասիայի տարածքում ընդհատվում է, ձգվելով աշխարհամասով Միջերկրական և Կարմիր ծովերից մինչև Հնդկաստան: Մերձհասարակածային գոտին ձգվում է դեպի հյուսիս, գրավելով Հնդկաստանը, Հնդկաչինը և Չինաստանի հարավը, իսկ հասարակածային գոտին հիմնականում ներառում է հարավ-արևելյան Ասիայի կղզիները:
Աֆրիկա
Աֆրիկա
Տարածքը (ներառյալ կղզիները)՝ 30.257 հզ. կմ2
Կղզիների տարածքը՝ 630 հզ. կմ2
Ափագիծը՝ 30,5 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 750 մ
Պետությունների թիվը` 53
Բնակչության ընդհանուր թիվը` 780 մլն
Կղզիների տարածքը՝ 630 հզ. կմ2
Ափագիծը՝ 30,5 հզ. կմ
Միջին բարձրությունը՝ 750 մ
Պետությունների թիվը` 53
Բնակչության ընդհանուր թիվը` 780 մլն
Այս մայրցամաքը/աշխարհամասը Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիայից հետո: Դեռևս մեր թվականությունից շատ դարեր առաջ Աֆրիկայի հյուսիսային ափերն են այցելել փյունիկեցիները, հին հռոմեացիները, հին հույները: Ոսկի, փղոսկր և թանկարժեք փայտանյութ հայթայթելու համար եգիպտական փարավոնները արշավախմբեր են ուղարկել դեպի Նեղոս գետի վերին հոսանքները:
Դեպի Հնդկաստան տանող ծովային կարճ ճանապարհ գտնելու նպատակով պորտուգալիայի ծովագնացները XV դարում ուսումնասիրել են Աֆրիկայի արևմտյան ափերը: Շրջանցելով այն՝ պորտուգալացի ծովագնաց Վասկո դա Գաման 1498 թ-ին առաջին անգամ հասել է Հնդկաստան և պարզել, որ Աֆրիկայի հարավային և արևելյան ափերը ողողվում են Հնդկական օվկիանոսի ջրերով:
XVIII դարի վերջին արդյունավետ եղան անգլիացի հետազոտող Դեյվիդ Լիվինգսթոնի ճանապարհորդությունները: 30 տարի շարունակ (1843–73 թթ.) նա ուսումնասիրել է Հարավային Աֆրիկան. հետազոտել է Զամբեզի գետը, նրա վրա հայտնաբերել ջրվեժ և, ի պատիվ իր երկրի թագուհու, անվանել է Վիկտորիա, ուսումնասիրել է Կոնգո գետի ակունքը, Նյասա լիճը և այլն:
Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում: Մայրցամաքը հյուսիսից հարավ ձգվում է 8000 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 3500-ից (հարավում) 7500 կմ (հյուսիսում): Աֆրիկայի ափերը ողողվում են Ատլանտյան ու Հնդկական օվկիանոսների և դրանց մաս կազմող Միջերկրական ու Կարմիր ծովերի ջրերով: Միակ խոշոր կղզին Մադագասկարն է, իսկ Մադեյրա, Ազորյան, Կանարյան, Սուրբ Հեղինեի (Ատլանտյան օվկիանոսում) և Զանզիբար, Կոմորյան, Մասկարենյան (Հնդկական օվկիանոսում) կղզիները համեմատաբար փոքր են:
Աֆրիկայի ռելիեֆում տիրապետում են տարբեր բարձրության սարահարթերը, և միայն ծայրամասերում են բարձրանում լեռները: Առավել բարձր են արևելյան շրջանները, որտեղ գտնվում են Արևելաաֆրիկյան սարահարթը և Եթովպական բարձրավանդակը: Աֆրիկայի հյուսիսում ձգվում են Ատլասի, հարավում՝ Դրակոնյան և Կապի լեռները:
Մայրցամաքի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Ալժիրում, Սահարայի ավազների տակ, հայտնաբերվել են նավթի պաշարներ:
Կենտրոնական մասում՝ Կոնգո գետի ավազանում են գտնվում պղնձի հայտնի հանքերն ու ուրանի հանքահորերը: Հարավը հարուստ է ուրանով, ալմաստով, քրոմով, մանգանով: Աֆրիկան տալիս է աշխարհի ալմաստի հանույթի 60, ոսկու ավելի քան 50, ուրանի 30 %-ը, պլատինի գերակշիռ մասը:
Աֆրիկայում գետերը բաշխված են խիստ անհավասարաչափ. հասարակածային և մերձհասարակածային գոտում բազմաթիվ են ջրառատ գետերը, իսկ արևադարձային գոտում քիչ են ու ծանծաղ, իսկ որոշ շրջաններում (Սահարայի, Կալահարիի ներքին շրջաններ) ընդհանրապես չկան: Ամենաերկար գետը Նեղոսն է (արաբերեն՝ Էլ Բախր, երկարությունը՝ 6671 կմ), որի դերը
անփոխարինելի է գետահովտում ապրող ժողովուրդների համար: Ամենաջրառատը Կոնգոն է (աշխարհում երկրորդը՝ Ամազոնից հետո): Այն երկու անգամ հատում է հասարակածը, առաջացնում է բազմաթիվ սահանքներ ու ջրվեժներ: Խոշոր գետերից են Նիգերը, Օրանժը և Զամբեզին: Վերջինիս վրա է գտնվում աշխարհի բնության հրաշալիքներից մեկը՝ Վիկտորիա ջրվեժը (բարձրությունը՝ 120 մ, լայնությունը՝ 1800 մ): Ջրի աղմուկը լսվում է տասնյակ կիլոմետրերի վրա, առաջացնում է ջրափոշու հսկայական սյուներ, դրա համար էլ բնիկներն այն անվանում են «աղմկող ծուխ»: Աֆրիկայում շատ են լճերը՝ Տանգանիկա (խորությամբ աշխարհում երկրորդը՝ Բայկալից հետո), Նյասա, Մոբուտու Սեսե Սեկո, Վիկտորիա:
Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը` փոքրանում:
Ուշագրավ է Սահարա անապատի հարավում գտնվող Չադ լիճը, որի ափագիծը կայուն չէ. ամառային խոնավ սեզոնում, երբ նրա մեջ թափվող Շարի գետը վարարում է, լճի մակերեսը մեծանում է, իսկ ձմռանը` փոքրանում:
Աֆրիկան միակ մայրցամաքն է, որը հասարակածով
կիսվում է երկու գրեթե հավասար մասերի և ընկած է երկու արևադարձների միջև՝ ջերմային տաք գոտում: Այդ պատճառով էլ այն ամենատաք մայրցամաքն է. բացառություն են կազմում միայն հյուսիսային և հարավային ծայրամասերը, որոնք գտնվում են բարեխառն գոտում: Տարվա նույն ժամանակահատվածում, երբ հյուսիսում ձմեռ է, հարավում ամառ է, և` հակառակը:
Չորս կողմն անապատ է, որտեղ մերթ դեղին ավազներ են, մերթ` գորշ, հողմահարված քարեր: Միգապատ երկնքից տապ է թափվում, ոչ ջուր կա, ոչ կանաչ թուփ: Այստեղ տարածվում է աշխարհի ամենախոշոր անապատը՝ Սահարան (7 մլն կմ2), որտեղ ջերմաստիճանը հասնում է + 58օC-ի (ստվերում), իսկ ավազի մակերեսին՝ + 80օC-ի: Օդը Սահարայում չոր է ու փոշոտ: Ուժեղ քամու՝ սամումի (արաբերեն՝ տոթակեզ քամի) ժամանակ փոշին ու ավազը թափանցում են ամենուրեք, երկինքը մթնում է ավազափոշուց, օդում 2–3 ժամ շարունակ յուրահատուկ մետաղային ձայներ են լսվում. դա օդում սլացող ավազահատիկների «երաժշտությունն է»: Սահարայի ընդարձակ, անջուր, միապաղաղ գորշ ավազների գրկում հանդիպում են փոքրիկ կանաչ կղզյակներ՝ օազիսներ:
Ամբողջ տարին այստեղ փարթամ կանաչ է: Արևադարձային անտառները բազմաշարահարկ են, որի միջով կարելի է անցնել միայն կացնի օգնությամբ. ծառեր, թփեր, լիաններ, հաստ ու հյութեղ տերևներ, երփներանգ ու բուրումնավետ արտասովոր ծաղիկներ, թռչուններ, որ նման են ծաղիկների, և մեծ թիթեռներ, որ նման են թռչունների: Տարածված է նաև ցեցե ճանճը, որի խայթոցը մարդու մոտ առաջացնում է քնախտ հիվանդությունը, իսկ ընտանի խոշոր եղջերավոր անասունների ու ձիերի համար մահացու է:
Աֆրիկան նաև տափաստան է, բայց և տափաստան չէ. հոտավետ հարթավայրում կարմրագորշ ժայռեր են: Հեռվում գանգրահեր պուրակներ են, իսկ երբ մոտենում ես, պարզվում է՝ վիթխարի ծառեր են՝ բաոբաբներ (նրանց կյանքի տևողությունը 4–5 հզ. տարի է): Շատ են հովանոցաձև սաղարթներով ակացիաները և արմավենիների տարբեր տեսակները: Այդպիսին է աֆրիկյան հռչակավոր սավաննան, որի հետ իր կենդանական և բուսական աշխարհների հարստությամբ չի կարող համեմատվել երկրագնդի ոչ մի բնական գոտի: Աֆրիկայում հանդիպում է ծաղկավոր բույսերի ավելի քան 3700 ցեղ (40 հզ. տեսակ), որից 900-ը բնաշխարհիկ են:
Հնդկընկույզի (կոկոսյան) ու ձիթատու արմավենիների պտուղներ, կարմիր ծառի և եբենոսի (սև ծառ) արժեքավոր փայտանյութ, խցանածառ և կաուչուկի ծառ՝ այս ամենը մարդուն նվիրում է Աֆրիկայի շռայլ բնությունը: Աֆրիկական արգավանդ հողում աճում են նաև կակաոյի, սուրճի, ադամաթզի, արքայախնձորի, նարնջի, մանգոյի ծառեր: Աֆրիկան տալիս է փյունիկյան արմավի համաշխարհային բերքի 40, սուրճի և գետնընկույզի 30, սիզալի (ագավայից ստացվող արժեքավոր թել) և կակաոյի 60 %-ը: Տանզանիան աշխարհում մեխակի գլխավոր արտադրողն է, իսկ Մադագասկարը` վանիլի:
Հարուստ է նաև Աֆրիկայի կենդանական աշխարհը: Անտառներում բնակվում են մարդանման կապիկներ՝ շիմպանզեներ ու գորիլաներ, վարազներ, հովազներ, սավաննաներում՝ ընձուղտներ, վագերաձիեր, փղեր, ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, անապատներում՝ օձեր (ավազային էֆա, գյուրզա, կոբրա), մողեսներ, քարայծեր, շնագայլեր: Գետերում ու լճերում հանդիպում են կոկորդիլոսներ և գետաձիեր: Շատ են թռչունները՝ ջայլամներ, սիրամարգեր, մեծ կարմրաթևիկներ, քարտուղար-թռչունը, որը զոհին սպանում է իր երկար ոտքերով:
Մարդու տնտեսական գործունեության հետևանքով (հատկապես վերջին 100 տարիների ընթացքում) Աֆրիկայի բնությունը խիստ փոխվել է. մասամբ ոչնչացվել են արևադարձային անտառները, վարելահողերի է վերածվել սավաննան, ոչնչացվել են շատ վայրի կենդանիներ ու թռչուններ: Բնական լանդշաֆտները և նախկին հարուստ տեսականին պահպանելու նպատակով ստեղծվել են բազմաթիվ արգելոցներ ու ազգային պարկեր: Դրանցից շատերը (Նայրոբի, Նգորոնգորո, Կաֆուեն և այլն) ունեն համաշխարհային նշանակություն: Հանրահայտ է Կրյուգերի ազգային պարկը (Լիմպոպո գետի միջին հոսանքի շրջանում), որտեղ հավաքված են մայրցամաքի կենդանական աշխարհի գրեթե բոլոր ներկայացուցիչները:
Աֆրիկայի բնակչությունը կազմված է բազմաթիվ ցեղերից և ազգություններից: Հյուսիսային և Հյուսիսարևելյան Աֆրիկայում ապրում են գլխավորապես եվրոպեոիդ ռասային պատկանող՝ մաշկի բաց գույն ունեցող արաբները և բերբերները, որոնք խոսում են արաբերենի տարբեր բարբառներով: Իսկ մայրցամաքի մեծ մասը բնակեցված է նեգրոիդ ռասայի (սև) բազմաթիվ ազգություններով, որոնց բնորոշ են մաշկի, մազերի, աչքերի մուգ գույնը, գանգուր մազերը, հաստ շրթունքները, լայն քիթը: Նրանց խոսակցական լեզուն հիմնականում բանտուն է (աֆրիկյան լեզու)՝ 400 տեղաբնիկ ժողովուրդների լեզուն: Իսկ ընդհանրապես խոսում են 2 հզ-ից ավելի լեզուներով: Ամեն ազգություն ունի իր սովորույթներն ու ավանդույթները, միայն իրեն բնորոշ հագուստաձևերը և կացարանները. շատ են նաև ընդհանրությունները:
Աֆրիկան կենտրոնական դիրք է գրավում աշխարհի քաղաքական ու տնտեսական կարևոր տարածաշրջանների միջև, թեև իր տնտեսական ու քաղաքական դերը դեռևս շատ համեստ է: Ժամանակակից աշխարհում Աֆրիկայի հարաբերական փոքր կշիռն առավելապես պայմանավորված է մայրցամաքի պատմական՝ գաղութային անցյալով:
Մայրցամաքի գաղութացումը սկսվել է միջնադարում: Պորտուգալիան, իսկ այնուհետևԵվրոպայի այլ երկրներ աստիճանաբար գաղութացրել են գրեթե ողջ Աֆրիկան, որի տարածքի 65 %-ը Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի գաղութներն էին: Գաղութատեր էին նաև Բելգիան, Իսպանիան, Գերմանիան: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան զրկվեց իր գաղութներից (Տոգո, Կամերուն, Գերմանական Հարավարևմտյան Աֆրիկա, որը ներկայիս Նամիբիան է): Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Աֆրիկայում անկախ պետություններ էին Եթովպիան, Լիբերիան, Եգիպիտոսը, Հարավաֆրիկյան Միությունը (1961 թ-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն), իսկ ավարտից հետո՝ 1950-ական թվականներից սկսվեց Աֆրիկայի երկրների անկախացումը: 1960 թ-ին 17 երկրներ միանգամից անկախություն ստացան, և այդ թվականն անվանվեց «Աֆրիկայի տարի»: Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերություններում իրենց շահերը միասնաբար պաշտպանելու նպատակով 1963 թ-ին ստեղծվել է Աֆրիկյան միասնական կազմակերպությունը (գրասենյակը գտնվում է Ադիս Աբեբայում): Ներկայումս Աֆրիկայում կան 53 անկախ պետություններ:
Աֆրիկայի մի շարք երկրներ հին քաղաքակրթության օրրաններից են: Աֆրիկայի բնիկներն անցել են զարգացման երկար ճանապարհ և նշանակալի ներդրում ունեն համաշխարհային մշակույթի պատմության մեջ՝ կայծքարե հատիչներից մինչև ոսկուց ու արծաթից պատրաստած գլուխգործոցներ: Հարևան ժողովուրդների զարգացման վրա հատկապես մեծ ազդեցություն է ունեցել Նեղոսի հովտում ձևավորված ինքնատիպ մշակույթը, որը հայտնի է հին եգիպտական կամ փարավոնների երկրի մշակույթ անվամբ:
Подписаться на:
Сообщения (Atom)