понедельник, 20 ноября 2017 г.

ՀՀ ԶՈՒ Ներքին ծառայության կանոնագիրք - ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Ե Ր Կ Ր Ո Ր Դ  Մ Ա Ս

ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 160. Ներքին կարգուկանոնը զորամասերում (ստորաբաժանումներում) զինծառայողների տեղավորման, ամենօրյա գործունեության, կենցաղի և օրվա վերակարգի ծառայության կատարման` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խստիվ պահպանումն է: Ներքին կարգուկանոնի հասնում են`
- բոլոր զինծառայողների կողմից այն պարտականությունների խոր ընկալումով.
- գիտակցված և ճշգրիտ կատարումով, որոնք սահմանված են օրենքներով և զինվորական կանոնադրություններով.
- նպատակաուղղված դաստիարակչական աշխատանքով, հրամանատարների բարձր պահանջկոտության և ենթակաների ու նրանց առողջության պահպանման նկատմամբ մշտական հոգատարության զուգակցումով.
- մարտական պատրաստության հստակ կազմակերպումով.
- օրվա վերակարգի մարտական հերթապահության և ծառայության օրինակելի կատարումով.
- օրվա կանոնակարգի և աշխատաժամանակի բաշխման ճշգրիտ կատարումով.
- սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների շահագործման (օգտագործման) կանոնների կատարումով, զինծառայողների տեղավորման վայրերում նրանց ամենօրյա գործունեության, կյանքի ու կենցաղի` զինվորական կանոնադրության պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծումով.
- հակահրդեհային անվտանգության պահանջների պահպանումով, ինչպես նաև զորամասի գործունեության շրջանում շրջակա միջավայրի պահպանության միջոցների ձեռնարկումով:

Գ Լ ՈՒ Խ  4

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՈՒՄԸ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 161. Գնդի բոլոր շինություններն ու ամբողջ տարածքը ստորաբաժանումների միջև բաժանում է գնդի հրամանատարը: Զինվորական ավանում մի քանի զորամասերի տեղակայման ժամանակ շինություններն ու տարածքը նրանց միջև բաշխում է կայազորի պետը:

Հոդված 162. Ժամկետային ծառայության զինծառայողները տեղավորվում են զորանոցում:

Հոդված 163. Յուրաքանչյուր վաշտի տեղավորման համար պետք է նախատեսված լինեն հետևյալ շինությունները.
ննջարան,
տեղեկատվության և ժամանցի սենյակ,
վաշտի գրասենյակ,
զենքի պահասենյակ,
զենքի մաքրման սենյակ (տեղ),
մարզական պարապմունքների սենյակ (տեղ),
կենցաղային սպասարկման սենյակ,
վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահասենյակ,
ծխելու և կոշիկները մաքրելու սենյակ (տեղ),
համազգեստի և կոշիկների չորանոց,
լվացվելու սենյակ,
ջրցողարան (ցնցուղարան),
զուգարան:
Յուրաքանչյուր գումարտակի տեղաբաշխման վայրում սենյակներ են առանձնացվում գումարտակի հրամանատարի, նրա տեղակալների, գումարտակի շտաբի, պարապմունքներին նախապատրաստվելու, սպաների խորհրդակցությունների ու հանգստի համար:
Պարապմունքների անցկացման համար գնդում կահավորվում են անհրաժեշտ դասարաններ:
Յուրաքանչյուր զորամասում կահավորվում է մարտական փառքի (պատմության) սենյակ և ստեղծվում զորամասի պատվո գիրք:

Հոդված 164. Պայմանագրով ծառայության ընդունված սպաները, ենթասպաները, կին զինծառայողները, ինչպես նաև զինվորները, սերժանտներն ու ավագները տեղավորվում են. ընտանիքավորները` գնդից դուրս, իսկ ընտանիք չունեցողները կարող են տեղավորվել գնդի տարածքում գտնվող հանրակացարաններում կամ զորանոցի առանձին շինություններում (սենյակներում):
Ընդ որում, կին զինծառայողների համար կահավորվում են առանձին հանրակացարաններ (ննջարաններ), պարապմունքներին նախապատրաստվելու, խորհրդակցությունների և ժամանցի սենյակներ, ցնցուղարան և կանանց զուգարաններ, ինչպես նաև կենցաղ-սպասարկման և լվացվելու առանձին սենյակներ:
Վաշտի ավագի պաշտոն զբաղեցնող ենթասպաները (ընտանիքներով կամ առանց դրանց) տեղավորվում են գնդի տարածքում կամ դրա մերձակայքում:
Վաշտի ավագի կամ այլ պաշտոններ զբաղեցնող ժամկետային ծառայության սերժանտները, որոնք ենթակա են որպես սպաներ կամ ենթասպաներ համալրելու, կարող են տեղավորվել զորանոցի առանձին շինությունում:

Հոդված 165. Ռազմական ուսումնական հաստատությունների 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները տեղավորվում են զորանոցներում ժամկետային ծառայության զինվորների ու սերժանտների համար սահմանված կարգով: 3-րդ և բարձր կուրսերի ուսանողներն ու ունկնդիրները, որոնք սպայական կոչում չունեն, տեղավորվում են հանրակացարաններում, ընտանիքավորներին տրամադրվում են ընտանեկան հանրակացարաններ: Ընտանեկան հանրակացարանների բացակայության դեպքում ռազմական ուսումնական հաստատության պետը 3-րդ և բարձր կուրսերի ընտանիքավոր ուսանողներին և ունկնդիրներին, որոնք սպայական կոչում չունեն, կարող է տալ ռազմաուսումնական հաստատության տեղաբաշխման սահմաններից դուրս բնակվելու իրավունք: Ժամկետային ծառայության զինծառայողների թվից ուսանողները և ունկնդիրները ժամկետային ծառայության մեջ գտնվելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո տեղավորվում են հանրակացարանում: Ենթասպաներից և մինչև ռազմական ուսումնական հաստատություն ընդունվելը ժամկետային ծառայությունն ավարտած ուսանողները ուսուցման առաջին տարվանից ազատվում են զորանոցներում տեղավորվելուց:

Հոդված 166. Արգելվում է որևիցե մեկին բնակվել ճաշարաններում, հացի գործարաններում, բուժկետերում, կաթսայատներում, արտադրական և պահեստային շինություններում, ակումբներում, հավաքակայաններում և անգարներում, ինչպես նաև զորանոցի ուսումնական և ծառայողական շինություններում:

Հոդված 167. Ժամկետային ծառայության զինծառայողների տեղավորումը ննջարաններում կատարվում է մեկ անձին ոչ պակաս 12 մ3 օդի հաշվարկով:
Ննջարաններում մահճակալները դասավորվում են վաշտի հաստիքապաշտոնի ցուցակին համապատասխան հաջորդականությամբ և այնպես են տեղադրվում, որ յուրաքանչյուրի կողքին կամ իրար մոտեցված 2 մահճակալների կողքին տեղ մնա մահճակալամերձ պահարանիկի համար, իսկ մահճակալների շարքերի միջև մնա անձնակազմի շարքի համար անհրաժեշտ հեռավորություն, մահճակալները պետք է տեղադրվեն դրսի պատերից 50 սմ հեռու և հավասարության պահպանումով: Մահճակալները պետք է միատեսակ (ստանդարտ) լինեն:
Ննջարաններում մահճակալների տեղադրումը կարող է կատարվել մեկ կամ երկու հարկաշարքով:
Կին զինծառայողները տեղավորվում են մեկ հարկաշարքով մահճակալների դասավորություն ունեցող ննջարաններում:

Հոդված 168. Սխրագործության համար վաշտի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվոր գրանցված զինծառայողների համար ննջարանի երևացող տեղում տեղավորվում է մահճակալ, որը մշտապես պահվում է օրինակելի վիճակում: Նրա սնարին շրջանակով կախում են հերոսի դիմանկարը և նրա գործած սխրանքի նկարագրությունը:

Հոդված 169. Մահճակալամերձ պահարանիկի մեջ պահվում են. վերին դարակում` արդուզարդի և սափրվելու պարագաները, թաշկինակները, ենթաօձիքները և անձնական օգտագործման այլ մանր առարկաներ, միջին բաժնում` գրքեր, կանոնադրություններ, լուսանկարչական ալբոմներ, տետրեր և այլ գրենական պիտույքներ, ստորինում` հագուստի և կոշիկների մաքրման պարագաներ:

Հոդված 170. Զորանոցներում տեղավորված զինծառայողների անկողինները պետք է բաղկացած լինեն ծածկոցներից, սավաններից, բարձի երեսներով բարձերից, ներքնակներից և սփռոցներից: Անկողինները պետք է միակերպ հարդարված լինեն: Արգելվում է համազգեստով (բացի վաշտի հերթապահից` հանգստի ժամանակ) և կոշիկներով պառկել կամ նստել անկողնուն:

Հոդված 171. Շինելները, դաշտային տաք բաճկոններն ու տաբատները, կիսամուշտակները, գլխարկները, համալրված իրապայուսակները պահվում են զորանոցի շինություններում տեղավորված հատուկ պահարաններում, իսկ պողպատյա սաղավարտները, անհատական պաշտպանության միջոցները, բացի հակագազերից` նաև դարակաշարերում, տոնական հագուստը, մարզական համազգեստը և աշխատանքային հագուստը` վաշտի գույքի և զինծառայողների անձնական իրերի պահման համար նախատեսված պահեստանոցի պահարաններում: Հատուկ հագուստը պահվում է ննջարաններից դուրս գտնվող պահարաններում: Համապատասխան պայմանների առկայության դեպքում զինվորական և մարզական համազգեստներն ու զինծառայողների անձնական իրերը կարող են պահվել անհատական պահարաններում (պահախորշերում):
Բոլոր տեսակի համազգեստները պահելու համար նախատեսված տեղերը կցվում են զինծառայողներին և դրանց վրա ամրացվում է ցուցակ` զինծառայողի զինվորական կոչման, ազգանվան և անվան ու հայրանվան սկզբնատառերի նշումով:
Ամենօրյա հագուստն ու կաշեգոտին քնից առաջ կոկիկ և միակերպ դասավորում են աթոռակի վրա, կոշիկները դրվում են մահճակալի մոտ, ոտքերի կողմում: Հագուստը, սպիտակեղենը և կոշկեղենը անհրաժեշտության դեպքում չորացնում են չորանոցներում:
Լուսանկարչական ապարատների, ձայնագրիչների, ռադիոընդունիչների և կենցաղային ռադիոէլեկտրոնային այլ տեխնիկայի պահպանման համար և օգտագործման կարգը զինծառայողների համար սահմանում է գնդի հրամանատարը:

Հոդված 172. Հրազենն ու զինամթերքը, այդ թվում նաև ուսումնականը, ստորաբաժանումներում պահվում են մետաղյա ճաղացանց ունեցող պատուհաններով առանձին սենյակներում, որոնք մշտապես գտնվում են օրվա վերակարգի հսկողության տակ: Սենյակի դուռը պետք է սարքավորված լինի դեպի գնդի հերթապահի սենյակը դուրս բերվող էլեկտրոնաձայնային ազդանշանիչով, ունենա դիտապատուհան և բացվի դեպի շինության ներսը (դեպի կողք տեղաշարժվի): Թույլատրվում է դռան կամ շարժական պատի վրա մետաղյա ճաղացանցի տեղադրում:
Գնդացիրները, ավտոմատները, կարաբինները, հրացանները և ձեռքի նռնականետերը, ինչպես նաև գնդացիրների պահեստային փողերը, սվին-դանակները (սվինները) պետք է պահվեն զինադարակում, իսկ ատրճանակներն ու զինամթերքը` կողպեքով փակվող մետաղյա պահարաններում կամ դարակներում: Զինադարակներում են պահվում նաև հետևակային բահերը և հակագազերը:
Ուսումնական զենքը և ուսումնական զինամթերքը պետք է պահվի մարտականից անջատ: Առանձին զինադարակի բացակայության դեպքում թույլատրվում է ուսումնական զենքը պահել մարտականի հետ և այդ դեպքում նրա պահպանման տեղը նշվում է «Ուսումնական զենք» մակագրությամբ: Ուսումնական ատրճանակները պահվում են ստորաբաժանման զինվորների ու սերժանտների մարտական ատրճանակների հետ: Մարզական զենքը պահվում է մարտականի հետ: Դրա պահպանման տեղը նշվում է «Մարզական զենք» մակագրությամբ: Ուսումնական և մարզական զենքի և ուսումնական փամփուշտների բացթողումը կատարվում է նույն կերպ, ինչպես և մարտական զենքինն ու զինամթերքինը:

Հոդված 173. Զինադարակները, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինադարակներն ու սենյակները` վաշտի հերթապահի կնիքով, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները` վաշտի ավագի կնիքով:
Պահասենյակի և զինադարակի բանալիները պետք է մշտապես գտնվեն վաշտի հերթապահի մոտ, իսկ ատրճանակների ու զինամթերքի պահարանների ու դարակների բանալիները` վաշտի ավագի մոտ:
Բանալիները ուրիշին տալն արգելվում է:
Պահեստային բանալիները պահվում են վաշտի հրամանատարի մոտ կնքված դարակում` կողպեքով փակվող մետաղյա պահարանում (արկղիկում):
Զենքի պահասենյակում փակցվում է գույքացուցակը, որի մեջ գրանցվում է այդ սենյակում պահվող զինադարակների, պահարանների, դարակների, վահանակների, պլակատների և այլ գույքի քանակը: Գույքացուցակում նշվում են պահարանների համարները, թե ինչ կնիքով են դրանք կնքված: Յուրաքանչյուր զինադարակի (պահարանի, դարակի) վրա ամրացվում են ցուցանակներ, որոնց վրա նշվում է ստորաբաժանումը, պատասխանատու անձի զինվորական կոչումը, ազգանունը, ինչպես նաև անվան ու հայրանվան սկզբնատառերը, զինադարակի (պահարանի, դարակի) համարը, կնիքի համարը:
Զինադարակում (պահարանում, դարակում) կախվում է գույքացուցակը, որի մեջ նշվում է պահվող զենքի և գույքի տեսակն ու քանակը: Զինադարակում (պահարանի) յուրաքանչյուր բնի վրա պետք է ամրացված լինի ցուցանակ, որի վրա նշվի զենքի տեսակն ու համարը, հակագազի համարը, ինչպես նաև այն անձի զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, որին դրանք կցված են:
Զենքի պահասենյակներում և զինադարակներում, պահարաններում, արկղերում գտնվող բոլոր գույքացուցակները ստորագրում է վաշտի հրամանատարը:
Նույն պահասենյակում մի քանի ստորաբաժանումների զենքի ու զինամթերքի պահպանման դեպքում զենքի և զինամթերքի տեղավորման, պահպանման և անվնասության համար գնդի հրամանատարության հրամանով պատասխանատու անձ է նշանակվում, որը և ստորագրում է պահասենյակի գույքացուցակը:

Հոդված 174. Գումարտակի (գնդի շտաբի և ծառայությունների) սպաների և ենթասպաների անձնական զենքը, փամփուշտները, ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափիչները պահվում են կողպեքով փակվող մետաղյա պահարանում` վաշտերից մեկին (գնդի շտաբին) կից: Ընդ որում` փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա առանձին արկղում, որը կնքում է դրանց պահպանման համար պատասխանատու սպան (ենթասպան): Օրվա վերակարգում ծառայություններ անցկացնելու համար սպաներին ու ենթասպաներին տրվող փամփուշտները կարող են պահել արկղից դուրս: Պահարանը կնքվում է վաշտի ավագի (գնդի հերթապահի) կողմից: Սպաների ու ենթասպաների անձնական զենքի, փամփուշտների և ռադիոակտիվ ճառագայթման դոզաչափերի պահարանը, որը գտնվում է գնդի հերթապահի մոտ, դրանցից բացի պետք է ունենա պահակապետի մոտ ծածուկ դուրս բերվող էլեկտրաձայնային ազդանշանիչ:
Գումարտակի սպաների ու ենթասպաների անձնական զենքի պահարանները և փամփուշտների արկղերը պահվում են վաշտի ավագի մոտ, իսկ գնդի շտաբի և ծառայությունների սպաներինն ու ենթասպաներինը` գնդի հերթապահի մոտ:
Ատրճանակների և դրանց փամփուշտների բացթողման և ընդունման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:

Հոդված 175. Պահակախմբերի ու հերթապահ ստորաբաժանումների փամփուշտները պետք է գտնվեն կողպեքով փակվող մետաղյա կնքված արկղերում, որոնց բանալիներն ու կնիքները պահվում են վաշտի ավագի մոտ: Յուրաքանչյուր արկղում պետք է լինի ռազմամթերքի առկայության ցուցակը: Փամփուշտների արկղերը տեղավորվում են զինադարակների մոտակայքում:
Այն զորամասերում, որտեղ պահակները նշանակվում են մի քանի ստորաբաժանումներից, նրանց փամփուշտները թույլատրվում է պահել զորամասի հերթապահի սենյակում:
Այն ստորաբաժանումները, որոնք ծառայությունը կատարում են արտահաստիքային զենքով, զինամթերքը պահեստից ստանում են զենքի հետ միաժամանակ:

Հոդված 176. Վաշտում սարքավորվում է ցնցուղարան` տասնհինգ-քսան մարդուն մեկ ծորակ (ցնցուղ) հաշվարկով, տեղադրվում են լվացարաններ` հինգ-յոթ մարդուն մեկ ծորակ հաշվարկով և ոտքի առնվազն երկու լոգարան` հոսող ջրով, ինչպես նաև տեղ է սարքավորվում զինծառայողների կողմից իրենց համազգեստը լվանալու համար:
Արհեստանոցներին, հավաքակայաններին, հացի փռերին, հացի գործարաններին ու ճաշարաններին կից, դրանից բացի, պետք է սարքավորված լինի տաք ցնցուղարան, իսկ լվացարանների մոտ պետք է օճառ և սրբիչ լինի:
Ջրմուղի բացակայության դեպքում ջեռուցվող շինություններում տեղադրվում են լցովի ջրով լվացարաններ, դրանցում պետք է շուրջօրյա ջուր լինի:
Լվացարանների մեջ թարմ ջուր լցնելուց առաջ դրանցում մնացած ջուրը դատարկվում է, լվացարանները մաքրվում են, կեղտոտ ջուրը տարվում և դատարկվում դրա համար հատկացված տեղերը:
Համազգեստը և կոշկեղենը մաքրելու համար առանձնացվում են հատուկ սարքավորված շինություններ կամ տեղեր:
Ծխել թույլատրվում է հատուկ առանձնացված և սարքավորված սենյակներում կամ տեղերում (Հավելված 16):

Հոդված 177. Կենցաղային սպասարկման սենյակը կահավորվում է զինվորական համազգեստի արդուկման սեղաններով, համազգեստն ու հագուստը կրելու, զինծառայողների արտաքին տեսքի, ինչպես նաև հագուստի ու կոշկեղենի նորոգման կանոնները պատկերող պլակատներով, հայելիներով, աթոռներով (աթոռակներով), արդուկների անհրաժեշտ քանակով, ինչպես նաև մազերը կտրելու և համազգեստի ու կոշկեղենի ընթացիկ նորոգումը կատարելու համար անհրաժեշտ գործիքներով ու գույքով, օժանդակ և վերանորոգման նյութերով:

Հոդված 178. Համալրման եկած անձնակազմը 14 օրով տեղավորվում է առանձին շինությունում: Այդ ընթացքում կատարվում է խորացված բուժքննություն, պատվաստումներ են արվում, կատարվում է համազգեստի և կոշկեղենի` սահմանված չափերով բացթողում և հարմարեցում, համալրման անձնակազմի հետ պարապմունքներ են անցկացվում նրանց նախնական ռազմական պատրաստության կատարելագործման ուղղությամբ:

Հոդված 179. Համալրման եկած անձնակազմից գնդի հրամանով կազմավորվում է առանձին ստորաբաժանում, նշանակվում են ստորաբաժանման հրամանատար, անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով նրա տեղակալ, որպես հրամանատարներ ու հրահանգիչներ առանձնացվում են անհրաժեշտ թվով սպաներ, ենթասպաներ, սերժանտներ և զինվորներ:
Եկած համալրման բաշխումն ըստ գնդի ստորաբաժանումների կատարվում է 6-րդ հավելվածում նշված կարգով:

Հոդված 180. Զորակոչվածների անձնական իրերը (սպիտակեղեն, կոշկեղեն, հագուստ) կարգի են բերվում, փաթեթավորվում և զինվորական անվճար ծանրոցներով զորամասի կողմից ուղարկվում են նշված հասցեներով:

Շինություններ պահելը

Հոդված 181. Գնդի բոլոր շենքերն ու շինությունները, ինչպես նաև տարածքը պետք է միշտ պահվեն մաքուր և կարգին վիճակում: Յուրաքանչյուր պետ պատասխանատու է շենքի և շինության ճիշտ օգտագործման, կահույքի, գույքի և սարքավորման անվնասության համար:
Շենքերի ճակատամասերը և բոլոր շինությունները պետք է ներկված լինեն սահմանված գույնի ներկերով:

Հոդված 182. Բոլոր սենյակները պետք է համարակալված լինեն: Յուրաքանչյուր սենյակի մուտքի դռան արտաքին կողմից կախվում է փոքրիկ ցուցատախտակ, որի վրա նշվում է սենյակի համարը և դրա նշանակումը (Հավելված 13), իսկ յուրաքանչյուր սենյակի ներսում` դրանում գտնվող գույքի (կահույք, գույք և սարքավորում) ցուցակը:
Շինության կահույքը, գույքն ու սարքավորումը համալրվում են հետևի կողմից և գրանցվում հաշվառման գրքում, որը պահվում է վաշտի գրասենյակում:

Հոդված 183. Կահույքը, գույքն ու սարքավորումը պատկանում են շինությանը և առանց գնդի հրամանատարի թույլտվության չեն կարող տեղափոխվել մի ստորաբաժանումից մյուսը: Արգելվում է կահույքը, գույքն ու սարքավորումը տեղափոխել զինվորական մի ավանից մյուսը:

Հոդված 184. Անձնակազմի ննջարաններում և այլ շինություններում` երևացող տեղերում, հատուկ վահանակների վրա պետք է փակցված լինեն օրվա կանոնակարգը, պարապմունքների դասացուցակը, վերակարգի թերթիկները, անձնակազմի տեղավորման սխեման, գույքացուցակը և անհրաժեշտ հրահանգները:

Հոդված 185. Սենյակներում (շինություններում) կախվող դիմանկարներն ու նկարները պետք է շրջանակների մեջ լինեն, իսկ պլակատներն ու մյուս զննական պիտույքները` փայտե ձողերի վրա: Թույլատրվում է բոլոր շինություններում ունենալ ծաղիկներ, իսկ պատուհաններին կախել միագույն կոկիկ վարագույրներ:
Ներքին հարկերի` քաղաքի փողոցներին հարող պատուհանների ապակիները անհրաժեշտ բարձրությամբ պետք է անթափանց լինեն կամ ներկված լինեն սպիտակ ներկով:
Անհրաժեշտության դեպքում զորանոցի մուտքի դռներին կարող են դիտանցքեր լինեն, դրանք կարող են սարքավորվել հուսալի ներքին փականքներով և ստորաբաժանման օրապահի մոտ դուրս եկող ձայնային ազդանշանիչներով: Այդ դեպքում ներքևի հարկերի պատուհաններին տեղադրվում են ճաղացանցեր:

Հոդված 186. Ջրմուղ ունեցող որոշ շինություններում սարքավորվում են ջուր խմելու ցայտաղբյուրներ, իսկ ջրմուղ չունեցող շինություններում տեղադրվում են խմելու ջրի` կողպեքով փակված ջուր պահելու ամաններ, որոնց վրա նույնպես դրվում են ծորակներ: Բաքերը վաշտի հերթապահի հսկողությամբ ամեն օր ողողվում և լցվում են խմելու թարմ ջրով, շաբաթը մեկ անգամ կատարվում է նրանց ախտահանումը: Բաքի բանալիները պահվում են վաշտի հերթապահի մոտ:

Հոդված 187. Բոլոր շինություններն ապահովվում են անհրաժեշտ քանակությամբ աղբամաններով, իսկ ծխարանները` ջրով (վարակազերծիչ հեղուկներով) լցված աղբամաններով:
Շինության մուտքի դռների մոտ պետք է լինեն կոշիկները ցեխից մաքրելու հարմարանքներ և աղբամաններ:

Հոդված 188. Շինությունների ամենօրյա մաքրումը կատարում են հերթական հավաքարարները` վաշտի հերթապահի անմիջական ղեկավարությամբ: Հերթական հավաքարարները պարապմունքներից չեն ազատվում:
Հերթական հավաքարարները պարտավոր են մահճակալների և մահճակալամերձ պահարանիկների տակից դուրս հանել աղբը, ավլել մահճակալների շարքերի միջի անցումները, անհրաժեշտության դեպքում հատակը սրբել խոզանակով կամ խոնավ լաթով, աղբը դուրս բերել սահմանված տեղը, սրբել պատուհանների, դռների, պահարանների, արկղերի և այլ իրերի փոշին, դեռ երեկոյան ջուր լցնել լվացարանները, մաքրել աղբամանները, իսկ ծխարաններում, դրանից բացի, դրանց մեջ ջուր կամ վարակազերծիչ հեղուկ լցնել:
Պարապմունքների ժամանակ շինությունների մաքրության պահպանման պարտականությունը դրվում է օրապահների վրա:

Հոդված 189. Բացի ամենօրյա մաքրումից, շաբաթը մեկ անգամ կատարվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրում` վաշտի ավագի ղեկավարությամբ: Ընդհանուր մաքրման ժամանակ անկողնային պարագաները (ներքնակներ, բարձեր, վերմակներ) կարող են բակ դուրս բերվել` օդափոխման: Հատակին մոմածեփ (մաստիկա) քսելուց առաջ այն պետք է մաքրվի կեղտից և սրբվի խոնավ լաթով:
Եթե հատակին մոմածեփ չի քսվում, ապա հատակը լվացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ: Ջուր լցնելով` հատակը լվանալն արգելվում է:

Հոդված 190. Ճաշարաններում, հացաթխման փռերում ու հացի գործարաններում ամբողջ սարքավորումն ու գույքը դրոշմադրվում է (պիտակավորվում), պահվում է մաքուր և կարգին վիճակում, սնունդ ընդունելուց հետո ամանեղենը պետք է մաքրվի, լվացվի, եռման ջրով ողողվի, չորացվի և պահվի դարակաշարերի (ստելլաժների) վրա կամ հատուկ պահարաններում:

Հոդված 191. Ձմռանը շենքի ձեղնապատուհանները պետք է փակվեն, իսկ ամռանը բացվեն, բայց պահպանվեն հատուկ ճաղացանցերով:
Ձեղնահարկերում, ծխնելույզներից հեռու ընկած տեղերում կարող են պահվել միայն ձմեռային ապակեկալները:
Ձեղնահարկերը, չորանոցները, նկուղները կողպվում են, դրանց բանալիները պահվում են այն ստորաբաժանման հերթապահի մոտ, որի վրա դրված է այդ շինությունների պահպանության պատասխանատվությունը:

Հոդված 192. Զուգարանները սարքավորվում են 10-12 մարդուն մեկ միզարանի և զուգարանակոնքով (անցքով) մեկ փակվող խցիկի հաշվարկով: Զուգարանները պետք է պահվեն մաքուր վիճակում, ամեն օր ախտահանվեն և ունենան լավ օդափոխություն և լուսավորություն: Դրանց մաքրման համար անհրաժեշտ գույքը պահվում է հատկացված հատուկ տեղում (պահարանում): Զուգարանների մաքրության հսկողությունը դրվում է ստորաբաժանումների ավագների, վաշտերի սանհրահանգիչների և հերթապահների վրա:
Դրսի զուգարանները սարքվում են բնակելի շինություններից, ճաշարաններից, հացի փռերից (հացի գործարաններից) 40-100 մ հեռավորության վրա` անջրանցիկ հորերով: Հյուսիսային շրջաններում այդ հեռավորությունն ավելի փոքր կարող է լինել: Դրսի զուգարան տանող արահետները գիշերային ժամերին լուսավորվում են: Անհրաժեշտության դեպքում (գիշերվա համար) տարվա ցուրտ եղանակներին հատուկ առանձնացված շինություններում սարքվում են միզարաններ:
Զուգարանների հորերը ժամանակին մաքրվում և ախտահանվում են:

Հոդված 193. Առանց բնակշահագործման և հրշեջ մարմինների թույլտվության արգելվում է շինությունների վերապլանավորումը, գոյություն ունեցող կառույցների քանդումն ու տեղափոխումը և նորերի կառուցումը, ներքին էլեկտրացանցերի, կապի գծերի, ազդանշանների, հեռուստատեսային անտենաների անցկացումը, ինչպես նաև նոր վառարանների կառուցումն ու ժամանակավոր տեղադրումը:
Էլեկտրամատակարարման, գազամատակարարման, կենտրոնական ջեռուցման ցանցերի և սարքավորման նորոգումը իրականացնում է բնակշահագործման ծառայության կամ հատուկ պատրաստություն և այդ աշխատանքների կատարման թույլտվություն ունեցող անձինք:
Զորանոցային շինություններում արգելվում է շարքով համաքայլ քայլել:

Հոդված 194. Գնդի տեղակայման շրջանը, զինվորական ավանի տարածքը և նրա հարակից փողոցները պետք է կանաչապատ լինեն և պահվեն մաքուր ու կարգին վիճակում, իսկ մութ ժամանակ` լուսավորվեն: Զինվորական ավանի տարածքը պարսպապատվում է:
Գնդի տեղակայման շրջանը մաքրելու համար այն հատվածներով բաժանվում է ստորաբաժանումների միջև: Աղբն ամեն օր հավաքվում է կափարիչներով փակվող աղբարկղերում (կոնտեյներում) և դուրս է բերվում: Աղբարկղերը տեղադրվում են կարծր ծածկով հարթակների վրա: Շաբաթական առնվազն մեկ անգամ աղբարկղերը մաքրվում և ախտահանվում են:
Զինվորական ավանի տարածքի մաքրումը կատարվում է օրվա վերակարգի և ճաշից հետո առանձնացված խմբերի ուժերով: Հավաքակայանային-տնտեսական օրը գնդի տեղավորման շրջանը մաքրելու համար առանձնացվում են խմբեր կամ ստորաբաժանումներ:

Շինությունների ջեռուցումը

Հոդված 195. Ջեռուցման շրջանի սկիզբն ու վերջը հայտարարվում է կայազորի պետի հրամանով: Վառարանային ջեռուցման դեպքում ջեռուցման կարգն ու ժամկետը, վառելիքի ընդունման ու բացթողման կարգը սահմանում է գնդի հրամանատարը:
Բոլոր կաթսայատները, կենտրոնական ջեռուցման համակարգերը, վառարաններն ու ծխնելույզները մինչև ջեռուցման շրջանի սկիզբը պետք է ստուգվեն, իսկ անսարքները` նորոգվեն: Ծխնելույզի մաքրումն իրականացվում է սահմանված ժամկետներում:

Հոդված 196. Ձմռանը բնակելի շինություններում պահվում են +18օ-ից, իսկ բժշկական հիմնարկներում` +20օ-ից ոչ ցածր ջերմաստիճան, մնացած շինություններում` ըստ սահմանված չափերի: Ջերմաչափերը շինություններում ամրացվում են ներսի պատերին, վառարաններից և տաքացնող սարքերից հեռու, հատակից 1,5 մ բարձրության վրա:

Հոդված 197. Վառարանները վառելը պետք է ավարտվի ժամը 20-ից ոչ ուշ: Ուսումնական և ծառայողական շինություններում վառարանների վառելը կատարվում է առավոտյան և պետք է ավարտվի պարապմունքները (աշխատանքները) սկսվելուց մեկ ժամ առաջ: Այն շինություններում, որտեղ ջերմաստիճանը հոդված 196-ում սահմանված նորմերից ցածր է, գնդի հրամանատարի թույլտվությամբ կարելի է շարունակել վառարանները վառելը:

Հոդված 198. Ջեռուցման շրջանում վառարանները վառելու համար զինվորների թվից գնդի հրամանով նշանակվում են հնոցապաններ, որոնց նախապես պետք է սովորեցնել վառարանները վառելու կանոններն ու հրդեհային անվտանգության պահանջները: Հնոցապանները պարապմունքներից չեն ազատվում: Ջեռուցման շրջանում նրանք ազատվում են բոլոր վերակարգերից:
Ստորաբաժանումներում վառարանները վառելուն հետևելու պարտականությունը դրվում է վաշտի ավագի և վաշտի հերթապահի վրա, իսկ գնդի շտաբում` գնդի շտաբի հերթապահի վրա:
Օրվա վերակարգի անձանց հրահանգավորման ժամանակ նրանց ուշադրությունը հատկապես հրավիրվում է բնակելի և ծառայողական շինություններում վառարանները վառելու կանոնների պահպանումը վերահսկելու անհրաժեշտության վրա:

Հոդված 199. Արգելվում է օգտվել անսարք վառարաններից, վառելու համար օգտագործել հեղուկ վառելանյութեր, առանց հսկողության թողնել վառվող վառարանները, վառելիքը չորացնել վառարաններում կամ նրանց կողքին և այն պահել բնակելի շինություններում, ինչպես նաև փայտ կոտրել ու սղոցել շինություններում, միջանցքներում և սանդուղքների վրա:

Հոդված 200. Ջեռուցման շրջանի ավարտից հետո բոլոր վառարաններն ու ծխնելույզները պետք է մաքրված լինեն և գնդի բնակշահագործման ծառայության պետի հետ համատեղ ստուգված լինեն վաշտի ավագի կողմից, որից հետո վառարանների դռները կապարակնքվում (պլոմբվում) կամ կնքվում են:

Շինությունների օդափոխությունը

Հոդված 201. Զորանոցներում շինությունների օդափոխությունը կատարում է օրապահը` վաշտի հերթապահի հսկողության տակ, ննջասենյակներում` քնից առաջ և հետո, դասարաններում` պարապմունքներից առաջ և ընդմիջումների ժամանակ:

Հոդված 202. Ցուրտ ժամանակ պատուհանների օդանցքերը (վերնափեղկերը), իսկ ամառ ժամանակ` պատուհանները բացվում են, երբ մարդիկ գտնվում են շինությունից դուրս: Եթե մարդիկ շինությունից դուրս չեն գալիս, օդանցքերը (վերնափեղկերը) կամ պատուհանները բացվում են շինության միայն մեկ կողմից: Բաց օդանցքերը և պատուհանների շրջանակներն ամրացվում են կեռիկներով:
Ամառ ժամանակ ճաշարանների, բուժկետերի, զուգարանների պատուհանները ծածկվում են մանրացանցերով` միջատներից պաշտպանվելու համար:
Գործող օդափոխիչ սարքերը պետք է գտնվեն սարքին վիճակում: Հոսքային-արտածծող օդափոխիչները գործածվում են գնդի հրամանատարի սահմանած ժամանակ:

Շինությունների լուսավորությունը

Հոդված 203. Լուսավորության կարգը որոշում է գնդի հրամանատարը:
Զորանոցային լուսավորությունը լինում է լրիվ և հերթապահ (ոչ պայծառ, մուգ կապույտ գույնի):
Քնի ժամին ննջարաններում վառ է թողնվում հերթապահ լուսավորությունը: Նավթային լուսավորության դեպքում հերթապահ լամպերը վառվում են լրիվ լույսով: Զորանոցի մուտքի մոտ, զենքի պահասենյակներում, միջանցքներում, սանդուղքներին ու զուգարաններում մութն ընկնելուն պես մինչև լուսաբաց պահպանվում է լրիվ լուսավորություն: Լուսավորության ռեժիմի հսկողության պատասխանատվությունը դրվում է հերթապահների և օրապահների վրա:

Հոդված 204. Վթարի կամ այլ պատճառներով էլեկտրական լուսավորության ժամանակավոր անջատման դեպքերի համար վաշտի և այլ ստորաբաժանումների հերթապահների մոտ պետք է լինեն լուսավորության պահեստային աղբյուրներ, որոնց պահելու տեղերը որոշում է գնդի հրամանատարը:

Բնակավայրերում տեղաբաշխելը

Հոդված 205. Բնակավայրերում գնդի ստորաբաժանումների տեղաբաշխումն իրականացվում է պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների ներկայացուցիչների համաձայնությամբ` վարչական շենքերում, իսկ դրանց բացակայության դեպքում` բնակության համար պիտանի տներում ու շինություններում:
Տեղավորվելուց հետո տնից տուն ինքնակամ տեղափոխվելն արգելվում է:

Հոդված 206. Ժամանակավոր տեղաբաշխման համար նախատեսված բնակավայրերը գնդի հրամանատարի հրամանով նախօրոք ստուգվում են սանիտարահամաճարակային առումով: Սանիտարահիգիենիկ առումով անբարենպաստ բնակավայրերում տեղաբաշխվումն արգելվում է:

Հոդված 207. Շինությունները, ծածկերն ու հրապարակները զբաղեցնելուց առաջ ստորաբաժանման հրամանատարը զննում է դրանք, որից հետո տեղավորում է անձնակազմը, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան:
Դասակները տեղավորվում են հնարավորին չափ կենտրոնացված:
Սպաներն ու ենթասպաները տեղավորվում են առանձին շինություններում` իրենց ենթակա ստորաբաժանումների դիրքերի մոտակայքում:
Սպառազինությունն ու ռազմական տեխնիկան տեղավորվում են ըստ ստորաբաժանումների, շինություններից դուրս, ծածկված (քողարկված) հրապարակներում կամ ծածկերի տակ:

Հոդված 208. Յուրաքանչյուր վաշտի համար նշվում է նրա տեղաբաշխման սահմանը, որի շրջանակներում էլ նրան հատկացվում են շինություններ, հողակտորներ պարապմունքների անցկացման համար, ինչպես նաև նշանակվում է տագնապով հավաքի վայրը:

Հոդված 209. Պահեստների տեղավորման համար առանձնացվում են հրդեհային անվտանգության պահանջներին համապատասխանող առանձին շինություններ:
Խոհանոցները, հացի փռերն ու բաղնիքները, եթե դրանց համար առանձին շինություններ չեն հատկացված, սարքավորվում են բնակելի շինություններից և այլ կառույցներից այնպիսի հեռավորության վրա, որպեսզի բացառվի հրդեհի բռնկումը:

Հոդված 210. Ստորաբաժանումների բնակավայրերում ժամանակավորապես տեղավորվելիս անմիջապես սարքավորվում են զուգարաններ, դրանց ժամանակին կառուցման և կարգին վիճակում պահելու վրա պետք է հատուկ ուշադրություն դարձվի:

Հոդված 211. Խմելու և կերակրի պատրաստման համար ջուրը վերցվում է ջրամատակարարման միայն հատուկ առանձնացված կետերից (աղբյուրներից), միջոցներ են ձեռնարկվում դրանց աղտոտումը կանխելու համար, դրանց մոտ կարգվում է շուրջօրյա պահակություն:

Հոդված 212. Յուրաքանչյուր շինությունում նշանակվում է ավագ, որը պատասխանատու է զինծառայողների վարքի, ներքին կարգուկանոնի և շինությունում գտնվող գույքի անվտանգության պահանջների պահպանման համար:
Բոլոր զինծառայողներին արգելվում է օգտվել շինությունների տերերի գույքից առանց նրանց թույլտվության:

Հոդված 213. Բնակավայրերում ժամանակավոր տեղավորման ժամանակ զենքն ու զինամթերքը պահվում են չոր, դռներից, վառարաններից, տաքացնող սարքերից հեռու տեղերում և մշտապես պահպանվում են վերակարգի կողմից, համազգեստներն ու հանդերձանքը պահվում են դրա համար հատուկ հարմարեցված տեղերում: Անձնական իրերը և սպիտակեղենը պահվում են իրապարկերում:

Հոդված 214. Բոլոր այլ դեպքերում, ինչ վերաբերում է ներքին կարգուկանոնին և գնդի տեղափոխման վայրից ժամկետային ծառայության զինծառայողներին արձակելուն, պետք է պահպանվեն զորանոցային տեղաբաշխման համար սահմանված կանոնները:

Հակահրդեհային պաշտպանություն

Հոդված 215. Բոլոր զինծառայողները պարտավոր են իմանալ և կատարել հրդեհային անվտանգության պահանջները (Հավելված 16) և պետք է կարողանան ճիշտ վարվել հրշեջ միջոցների հետ:
Հրդեհի բռնկման դեպքում յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների զինվորական խումբ (հետագայում` հրշեջ խումբ) կամ արտահաստիքային հրշեջ խումբ կանչելու և ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով հրդեհը մարելու, ինչպես նաև մարդկանց, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական այլ միջոցները փրկելու համար:

Հոդված 216. Գնդում մշակվում է հակահրդեհային պաշտպանության պլանը, որը հաստատում է գնդի հրամանատարը և հայտնում ողջ անձնակազմին:
Գնդում հրդեհային անվտանգության պահանջները, հրդեհի մարմանը ներգրավվող ուժերի և միջոցների հաշվարկը, ինչպես նաև անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների էվակուացման կարգի մասին քաղվածքները պետք է գտնվեն գնդի հերթապահի մոտ:

Հոդված 217. Հակահրդեհային պաշտպանության կազմակերպման ու վիճակի համար գնդում պատասխանատու է թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալը:
Նա պարտավոր է`
- կազմակերպել ողջ անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը.
- ապահովել բոլոր օբյեկտներում ջրի նորմատիվային պաշարների, շանթարգելների և հրշեջ միջոցների առկայությունը.
- առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը և անցկացնել ուսումնական հրդեհային տագնապներ.
- ապահովել հրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը.
- հեռախոսային կապ հաստատել մոտակա քաղաքային (կայազորային) հրշեջ խմբի հետ:

Հոդված 218. Գնդի հրամանատարը և հրաձգարանի պետը պատասխանատու են գնդին ու հրաձգարանին կցված անտառներում, ինչպես նաև պարապմունքների, հրաձգության, զորավարժությունների ու մարտական պատրաստության այլ միջոցների անցկացման ժամանակ բոլոր անտառներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման համար:

Հոդված 219. Ստորաբաժանումների հրամանատարները, ծառայությունների, արհեստանոցների, ակումբների, լաբորատորիաների և այլ օբյեկտների պետերը պատասխանատու են իրենց ենթակա ստորաբաժանումներում, օբյեկտներում հրդեհային անվտանգության պահանջների կատարման և հրդեհամարիչ միջոցները սարքին վիճակում պահելու համար:

Հոդված 220. Գնդում հակահրդեհային պաշտպանությունն անմիջականորեն ղեկավարում է հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետը, իսկ այնտեղ, ուր նա հաստիքով նախատեսված չէ, նրա պարտականությունները համատեղության կարգով դրվում են սպաներից մեկի վրա:

Հոդված 221. Հաստիքային հրշեջ խումբ չունեցող գնդում ստեղծվում է 5 - 15 հոգուց բաղկացած արտահաստիքային հրշեջ խումբ:
Արտահաստիքային հրշեջ խմբի կազմում, որպես կանոն, նշանակվում են ստորաբաժանումներից մեկի զինվորներն ու սերժանտները:
Հրշեջ խմբից առանձնացվում է հրշեջ վերակարգը, որը շուրջօրյա կամ գնդի հրամանատարի հաստատած պահակակետերի ցուցակին համապատասխան որոշակի ժամանակահատվածում ծառայություն է կատարում հրշեջ պահակակետերում:
Հրշեջ խմբի անձնակազմը ազատվում է մյուս վերակարգերից:

Հոդված 222. Հակահրդեհային ծառայության և փրկարարական աշխատանքների պետը միաժամանակ հրշեջ խմբի պետն է և ենթարկվում է թիկունքի գծով գնդի հրամանատարի տեղակալին: Նա պատասխանատու էհակահրդեհային պաշտպանության կազմակերպման, հրշեջ խմբի, հրդեհամարիչ միջոցների մշտական պատրաստության և անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջներն ուսուցանելու համար:

Հոդված 223. Հակահրդեհային պաշտպանության և փրկարարական աշխատանքների ծառայության պետը պարտավոր է`
- գիտենալ գնդի օբյեկտների հրդեհային անվտանգության վիճակի առանձնահատկությունները, մասնակցել հակահրդեհային պաշտպանության պլանի և հրդեհային անվտանգության պահանջների մշակմանը.
- գնդի ստորաբաժանումների սպաների, ենթասպաների և ավագների հետ անձամբ պարապմունքներ անցկացնել հակահրդեհային պատրաստության, հրդեհամարիչ միջոցների շահագործման վերաբերյալ, անձնակազմի շրջանում բացատրական աշխատանք տանել հրդեհային անվտանգության պահանջների կատարման ուղղությամբ, ինչպես նաև անցկացնել հրշեջ խմբի հատուկ պատրաստություն և հրահանգավորել հրշեջ վերակարգը.
- անցկացնել բոլոր օբյեկտների հակահրդեհային վիճակի ստուգում և իրականացնել անձնակազմի կողմից հրդեհային անվտանգության սահմանված պահանջների կատարման ու հրշեջ վերակարգի ամենօրյա վերահսկողություն.
- հետևել հրդեհամարիչ բոլոր միջոցների, հրդեհային ազդանշանների, հրշեջ ջրամատակարարման աղբյուրների սարքինությանն ու ճիշտ շահագործմանը և միջոցներ ձեռնարկել դրանք մշտական պատրաստության վիճակում պահելու համար.
- կատարել կրակմարիչների տեխնիկական վիճակի հաշվառում.
- արգելել ջեռուցման, լուսավորության և այլ անսարք ու հրդեհավտանգ սարքավորումներից և սարքերից օգտվելը.
- գնդի հրամանատարին ժամանակին զեկուցել օբյեկտների հակահրդեհային վիճակի թերությունների մասին, իսկ բռնկումների, հրդեհների բոլոր դեպքերի և ձեռնարկված միջոցների մասին զեկուցել անհապաղ.
- ղեկավարել հրդեհի մարումը:

Շրջակա միջավայրի պահպանությունը

Հոդված 224. Յուրաքանչյուր զինծառայող իր ամենօրյա գործունեության ընթացքում պարտավոր է պահպանել բնությունն ու նրա հարստությունները: Դրա համար նա պետք է գիտենա գնդում (ստորաբաժանումում) եղած աղտոտման հիմնական աղբյուրները և խստագույնս իրականացնի ջրային ռեսուրսների, մթնոլորտի, հողի աղտոտվածության կանխման, կենդանական և բուսական աշխարհի պահպանության կանոններով և հրահանգներով նախատեսված միջոցառումները:
Այն զինծառայողները, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով աղտոտվում է շրջակա միջավայրը, պատասխանատվության են ենթարկվում:
Շրջակա միջավայրի վրա զորքերի բացասական ազդեցությունը կանխելու համար գնդում ստեղծվում է մշտապես գործող հանձնաժողով և մշակվում է շրջակա միջավայրի պահպանության պլան, որը հասցվում է ողջ անձնակազմին:

Հոդված 225. Գնդի հրամանատարը պատասխանատու է շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման և նրա վիճակի համար: Նա պարտավոր է`
- կազմակերպել անձնակազմի գնդի տեղակայման շրջանում շրջակա միջավայրի պահպանության կանոնների ուսումնասիրումը և դրա պահպանության կազմակերպումը.
- ապահովել շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների պլանի ժամանակին կատարումը:
Շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների կատարումը գնդում անմիջականորեն ղեկավարում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը:

Հոդված 226. Գնդի հրամանատարը և հրաձգարանի պետը պատասխանատու են հրաձգարանում զորավարժությունների և մարտական պատրաստության այլ միջոցառումների անցկացման ժամանակ շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը կանխելուն անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար:

Գ Լ ՈՒ Խ  5

ԺԱՄԱՆԱԿԻ ԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆԸ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 227. Զորամասում ժամանակի բաշխումն իրականացվում է այնպես, որ ապահովվի մշտական մարտական պատրաստությունը և պայմաններ ստեղծվեն կարգուկանոնի, զինվորական կարգապահության և անձնակազմի դաստիարակության, զինծառայողների մարտական կազմակերպված ուսուցման, նրանց կուլտուրական մակարդակի բարձրացման, կենցաղային համակողմանի սպասարկման, ժամանակին հանգստանալու և սնվելու համար:
Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` ծառայողական շաբաթվա տևողությունը սահմանվում է` ժամկետային ծառայության զինծառայողների, ուսանողների և զինվորական ուսումնական հաստատությունների, ուսումնական կենտրոնների (զորամասերի) ունկնդիրների և ուսանողների համար` վեցօրյա շաբաթ` հանգստյան մեկ օրով, սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների համար` հնգօրյա շաբաթ` հանգստյան երկու օրով:
Սպաների, ենթասպաների, պայմանագրով զինվորական ծառայության անցած զինվորների, սերժանտների, ավագների, ինչպես նաև կին զինծառայողների շաբաթական ծառայողական ժամանակի ընդհանուր տևողությունը, որպես կանոն, չպետք է գերազանցի օրենսդրությամբ սահմանված աշխատաժամանակի տևողությունը:
Մարտական հերթապահությունը (մարտական ծառայությունը), զորավարժությունները և այլ միջոցառումներ, որոնց ցանկը որոշում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (նախարարը), անցկացնում են առանց ծառայության ժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:
Զորամասի մարտական և զորահավաքային պատրաստության հետ անմիջականորեն կապված շտապ միջոցառումները կատարվում են զորամասի հրամանատարի հրամանով օրվա ցանկացած ժամին` զինծառայողներին հանգստի համար տրամադրելով առնվազն 4 ժամ:
Հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված սպաներին ու ենթասպաներին զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգիստ է տրվում շաբաթվա մյուս օրերին` ծառայության շահերի հաշվառումով: Հանգստի տևողությունը չպետք է գերազանցի հանգստյան կամ տոնական օրը ծառայության մեջ անցկացրած ժամանակը:
Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին շաբաթական ծառայության ժամանակի սահմանված տևողությունից դուրս ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավելու և այն շաբաթվա մյուս օրերին հանգստով փոխհատուցելու անհնարինության դեպքում այդ ժամանակը գումարվում և զինծառայողին է տրվում հանգստի լրացուցիչ օրերի ձևով, որոնք կարող են միացվել հիմնական արձակուրդներին:

Հոդված 228. Զորամասում օրվա ընթացքում, իսկ որոշ կանոնակարգերով` նաև շաբաթվա ընթացքում ժամանակի բաշխումն իրականացվում է օրվա կանոնակարգով ծառայության ժամանակի բաշխման կարգով:
Զորամասի օրվա կանոնակարգը նախատեսում է զորամասի շտաբի և ստորաբաժանումների անձնակազմի առօրյա գործունեության, ուսման և կենցաղի հիմնական միջոցառումների կատարումն ըստ ժամերի:
Ծառայության ժամանակի բաշխման կարգը, ի լրումն օրվա կանոնակարգի, սահմանում է սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակը:
Օրվա կանոնակարգը և ծառայության ժամանակի բաշխման կարգը սահմանում է զորամասի կամ միավորման հրամանատարը` զինված ուժերի տեսակի և զորատեսակի, զորամասի առջև դրված խնդիրների, տարվա եղանակի, տեղային և կլիմայական պայմանների հաշվառումով: Նրանք մշակվում են ուսուցման շրջանի համար և զորամասի (զորամիավորման) հրամանատարի կողմից կարող են ճշտվել մարտական հրաձգության, դաշտ դուրս գալու, զորավարժությունների և զորաշարժերի անցկացման, մարտական հերթապահության (մարտական ծառայության), օրվա վերակարգում և պահակությունում ծառայության կատարման և այլ միջոցառումների անցկացման ժամանակ` նրանց կատարման առանձնահատկությունների հաշվառումով:
Զորամասի օրվա կանոնակարգը գտնվում է օրվա վերակարգի փաստաթղթերում, իսկ սպաների, ենթասպաների պայմանագրային ծառայության զինծառայողների և կին զինծառայողների ծառայական ժամանակի բաշխման կարգը` զորամասի շտաբում և ստորաբաժանումների գրասենյակներում:

Հոդված 229. Օրվա կանոնակարգում պետք է ժամանակ նախատեսված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան և երեկոյան արդուզարդի, առավոտյան ստուգման, ուսումնական պարապմունքների և նրանց նախապատրաստվելու, հատուկ (աշխատանքային) հագուստը փոխելու, կոշիկները մաքրելու և ուտելուց առաջ ձեռքերը լվանալու, ուտելու, սպառազինությունը և ռազմական տեխնիկան խնամելու, դաստիարակչական և մարզազանգվածային աշխատանք կատարելու, անձնակազմին տեղեկություն տալու, ռադիոհաղորդումներ ունկնդրելու և հեռուստահաղորդումներ դիտելու, բուժկետում հիվանդներ ընդունելու, զինծառայողների անձնական կարիքները հոգալու (2 ժամից ոչ քիչ), երեկոյան զբոսանքի, անվանականչի և 8 ժամ քնի համար:
Սնվելու ժամանակամիջոցը 7 ժամը չպետք է գերազանցի:
Ճաշից հետո առնվազն 30 րոպեի ընթացքում պարապմունքներ կամ աշխատանքներ չպետք է անցկացվեն:
Ժողովները, նիստերը, ինչպես նաև բեմադրությունները, կինոդիտումները և այլ միջոցառումները պետք է ավարտվեն երեկոյան զբոսանքից առաջ:

Հոդված 230. Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների ծառայության ժամանակաբաշխումը պետք է նախատեսի աշխատանքի գալու և աշխատանքից գնալու ժամանակը, ուտելու համար (ճաշի) ընդմիջման, ինքնուրույն նախապատրաստման (շաբաթական առնվազն 4 ժամ), ամենօրյա պարապմունքների նախապատրաստման և ֆիզիկական պատրաստության (շաբաթական առնվազն 3 ժամ ընդհանուր տևողությամբ) ժամանակը:
Ծառայության ժամանակատեղաբաշխման սահմանման ժամանակ հաշվի է առնվում զինծառայողների կողմից իրենց պաշտոնական պարտականությունների կատարման անհրաժեշտությունը` օրվա կանոնակարգին համապատասխան, ինչպես նաև զորամասը (ստորաբաժանումը) մշտական մարտական պատրաստության վիճակում պահելու համար միջոցառումների անցկացումը:
Մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության ժամանակ ծառայողական ժամանակի չափը սահմանվում է զինվորական կանոնադրություններով և համապատասխան հրահանգներով:
Օրվա վերակարգի մեջ չմտնող սպաների, ենթասպաների շուրջօրյա հերթապահությունը զորամասում և ստորաբաժանումներում, ինչպես նաև սահմանված վերակարգում պատասխանատու անձանց նշանակումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում և սահմանափակ ժամանակով` ռազմաճակատների և զորախմբերի հրամանատարների կողմից:

Հոդված 231. Յուրաքանչյուր շաբաթ գնդում անցկացվում է հավաքակայանային-տնտեսական օր` սպառազինության, ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների սպասարկման հավաքակայանների և ուսումնանյութական բազայի օբյեկտների լրասարքավորման և բարեկարգման, զինվորական ավանները կարգի բերելու և այլ աշխատանքներ կատարելու նպատակով: Սովորաբար այդ նույն օրն անցկացվում է բոլոր շինությունների ընդհանուր մաքրումը, և անձնակազմը լողանում է բաղնիքում:
Բացի այդ, սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մշտապես մարտական պատրաստության մեջ պահելու նպատակով գնդում անցկացվում են հավաքակայանային օրեր` ամբողջ անձնակազմի ներգրավումով:
Հավաքակայանային-տնտեսական և հավաքակայանային օրերը անցկացվում են ըստ պլանների, որոնք մշակում է գնդի շտաբը գնդի հրամանատարի` սպառազինության և թիկունքի գծով տեղակալների հետ համատեղ և հաստատում է գնդի հրամանատարը: Պլանների քաղվածքները հասցվում են ստորաբաժանումներին:
Հավաքակայանային-տնտեսական օրերին կատարվող աշխատանքները և առաջին հերթին սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի սպասարկման աշխատանքները ղեկավարելու համար հերթականության կարգով նշանակվում են նվազագույն թվով սպաներ և ենթասպաներ: Շաբաթվա ընթացքում նրանց տրվում է հանգստյան օր:

Հոդված 232. Կիրակի և տոնական օրերը հանգստյան օրեր են ամբողջ անձնակազմի համար, բացառությամբ մարտական հերթապահության (մարտական ծառայության) և օրվա վերակարգում ծառայություն կատարողների: Այդ օրերին, ինչպես նաև պարապմունքներից ազատ ժամանակ անձնակազմի հետ անցկացվում են մշակութաժամանցային աշխատանք, մարզական մրցումներ և խաղեր:
Հանգստյան օրերին առավոտյան մարմնամարզություն չի անցկացվում:

Վերկացը, առավոտյան ստուգումը և երեկոյան անվանականչը

Հոդված 233. Առավոտյան «Վերկաց» ազդանշանից 10 րոպե առաջ վաշտի հերթապահը իրականացնում է դասակների հրամանատարների տեղակալների և վաշտի ավագի վերկացը, իսկ սահմանված ժամին («Վերկաց» ազդանշանով)` վաշտի ամբողջական վերկացը:

Հոդված 234. Վերկացից հետո անցկացվում են առավոտյան մարմնամարզություն, շինությունների և տարածքի մաքրում, անկողինների հարդարում, առավոտյան արդուզարդ և առավոտյան ստուգում:

Հոդված 235. Առավոտյան ստուգման համար վաշտի հերթապահի «Վա~շտ առավոտյան ստուգման շարվի´ր» հրամանով դասակների հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները) նշանակված տեղում շարում են իրենց ստորաբաժանումները, գործուղվածները շարվում են ձախ թևում: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, վաշտի ավագին զեկույց է տալիս առավոտյան ստուգմանը վաշտի պատրաստ լինելու մասին: Վաշտի ավագի հրամանով դասակների հրամանատարների տեղակալները և ջոկերի հրամանատարները կատարում են առավոտյան ստուգումը:

Հոդված 236. Առավոտյան ստուգումների ժամանակ ստուգվում է մարդկանց առկայությունը, նրանց արտաքին տեսքը և նրանց կողմից անձնական հիգիենայի կանոնների պահպանումը:
Բուժօգնության կարիք ունեցողներին վաշտի հերթապահը գրանցում է հիվանդների գրանցման գրքում (Հավելված 12)` նրանց գնդի բուժկետ ուղարկելու համար:
Առավոտյան ստուգման ընթացքում ջոկերի հրամանատարները կարգադրում են վերացնել բացահայտված թերությունները, ստուգում են դրանց վերացումը և ստուգման արդյունքների մասին զեկուցում դասակների հրամանատարների տեղակալներին, իսկ վերջիններս` վաշտի ավագին:
Ոտքերի, գուլպաների (ոտքի փաթաթանների) և ներքին սպիտակեղենի վիճակն ստուգվում է պարբերաբար, սովորաբար քնից առաջ:

Հոդված 237. Երեկոյան անվանականչից առաջ, օրվա կանոնակարգով սահմանված ժամին վաշտի ավագի կամ դասակների հրամանատարների տեղակալներից մեկի ղեկավարությամբ անցկացվում է երեկոյան զբոսանք: Երեկոյան զբոսանքի ժամանակ անձնակազմը ստորաբաժանման կազմում կատարում է շարային երգեր: Զբոսանքից հետո վաշտի հերթապահի «Վա~շտ , երեկոյան անվանականչին շարվի´ր» հրամանով դասակների հրամանատարների տեղակալները (ջոկերի հրամանատարները) շարում են իրենց ստորաբաժանումները անվանականչի: Վաշտի հերթապահը, վաշտը շարելով, ավագին կամ նրան փոխարինող անձին զեկուցում է երեկոյան անվանականչին վաշտի պատրաստ լինելու մասին:
Վաշտի ավագը կամ նրան փոխարինողը սկսում է անվանականչը: Անվանականչի սկզբում նա կարդում է այն զինծառայողների ազգանունները, որոնք իրենց գործած սխրանքների համար գրանցվել են վաշտի ցուցակներում հավերժ կամ որպես պատվավոր զինվորներ: Նշված զինծառայողների ազգանուններն արտասանելիս` առաջին դասակի հրամանատարի տեղակալը զեկուցում է. «Այսինչը (զինվորական կոչումը և ազգանունը) քաջի մահով ընկել է Հայրենիքի ազատության ու անկախության համար մղված մարտում» կամ «Վաշտի պատվավոր զինվոր (զինվորական կոչումը և ազգանունը) պահեստային է»:
Այսուհետև վաշտի ավագը անվանական ցուցակով ստուգում է անձնակազմը: Լսելով իր ազգանունը` յուրաքանչյուրը պատասխանում է` «Ես եմ»: Բացակաների փոխարեն պատասխանում են ջոկերի հրամանատարները, օրինակ` «Պահակախմբում է», «Արձակուրդում է»:
Անվանականչի ավարտից հետո վաշտի ավագը հրապարակում է այն հրամաններն ու կարգադրությունները, որոնք պետք է հայտնի լինեն բոլոր զինծառայողներին, հաջորդ օրվա վերակարգը, ինչպես նաև ճշտում է տագնապի կամ հրդեհի դեպքում գործելու համար կազմված մարտական անձնակազմը: Սահմանված ժամին տրվում է «Քնել» ազդանշանը, միացվում է հերթապահ լուսավորությունը և հաստատվում է լիակատար անդորր:

Հոդված 238. Վաշտի հրամանատարի կամ վաշտի սպաներից մեկի` վաշտում գտնվելու դեպքում առավոտյան ստուգման և երեկոյան անվանականչի ժամանակ վաշտի հերթապահը զեկուցում է ստուգման (անվանականչի) արդյունքները:
Առավոտյան ստուգումից և երեկոյան անվանականչից հետո վաշտերի հերթապահները կապի տեխնիկական միջոցներով գնդի հերթապահին զեկուցում են ստուգման արդյունքների, այդ թվում և բացակայողների մասին: Ինքնակամ բացակայողների առկայության դեպքում վաշտի հերթապահները, դրանից բացի, գնդի հերթապահին տեղեկություններ են տալիս այդ զինծառայողների մասին` նշելով նրանց ազգանունը, անունը, հայրանունը և գտնվելու ենթադրյալ վայրը:

Հոդված 239. Գնդի պլանով պարբերաբար անցկացվում են ընդհանուր գումարտակային կամ գնդային երեկոյան անվանականչեր: Երեկոյան անվանականչի համար նախատեսված տեղը պետք է լուսավորված լինի:
Ընդհանուր բրիգադային (գնդային) անվանականչերին պարտավոր են ներկա լինել գումարտակի (գնդի) բոլոր սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները:
Ամբողջ անձնակազմի անվանականչն ըստ անվանացուցակի կատարում են վաշտերի հրամանատարները և արդյունքների մասին զեկուցում են գումարտակի հրամանատարներին:
Ընդհանուր գնդային անվանականչի ժամանակ գնդի գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները անվանականչի արդյունքների մասին զեկուցում են գնդի հրամանատարին:
Ընդհանուր գումարտակային (գնդային) անվանականչի ավարտից հետո գումարտակի (գնդի) հրամանատարը տալիս է «Զգաստ» հրամանը և կարգադրում «Երեկոյահավաք» շեփորել: Ընդհանուր գնդային երեկոյան անվանականչի անցկացման ժամանակ «Երեկոյահավաքի» ավարտից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Այնուհետև ստորաբաժանումներն անցնում են նվագախմբի ուղեկցությամբ: «Երեկոյահավաքի» կատարման սկզբից ստորաբաժանումների հրամանատարները` դասակի հրամանատարը և ավելի բարձր, ձեռքը հպում են գլխարկին և իջեցնում «Ազատ» հրամանով, որը տալիս է գումարտակի (գնդի) հրամանատարը «Երեկոյահավաքի» կամ պետական օրհներգի կատարումից հետո:

Ուսումնական պարապմունքներ

Հոդված 240. Խաղաղ ժամանակ զինծառայողների ամենօրյա գործունեության հիմնական բովանդակությունը մարտական պատրաստություն է: Մարտական պատրաստության պլանով և պարապմունքների դասացուցակով նախատեսված միջոցառումները կարող է հետաձգել միայն այդ փաստաթղթերը հաստատած հրամանատարը (պետը): Ժամանակակից մարտում կիրառվող գործողությունների եղանակները (ձևերը) զինծառայողներին սովորեցնելու նպատակով կազմակերպված պարապմունքներն ու զորավարժությունները պետք է անցկացվեն առանց զիջողության և պարզեցման:
Ուսումնական պարապմունքներին ու զորավարժություններին պարտավոր է մասնակցել գնդի ողջ անձնակազմը: Պարապմունքներից ազատվում են միայն օրվա վերակարգում և գնդի հրամանով նախատեսված աշխատանքների վերակարգում գտնվող անձինք, ինչպես նաև այն զինծառայողները, որոնց հանգստյան օր է հատկացված որպես փոխհատուցում տոնական կամ հանգստյան օրը կատարած ծառայության:
Հիվանդության պատճառով դաշտային պարապմունքներից ազատված զինծառայողների և սերժանտների հետ վաշտի հրամանատարի հրամանով պարապմունքներ են կազմակերպվում դասարանում:
Անձնակազմին մարտական պատրաստության պարապմունքներից կտրած հրամանատարները (պետերը) ենթարկվում են պատասխանատվության:

Հոդված 241. Պարապմունքները սկսվում և ավարտվում են ազդանշանով` օրվա կանոնակարգով սահմանված ժամերին:
Պարապմունքների գնալուց առաջ ջոկերի հրամանատարները և դասակի հրամանատարների տեղակալները ստուգում են ենթակաների ներկայությունը և զննում` սահմանված ձևո՞վ են, արդյոք, նրանք հագնված, ճի՞շտ են, արդյոք, կրում ռազմական հանդերձանքը և լիցքավորված չէ՞, արդյոք, զենքը:
Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո ստորաբաժանումների հրամանատարները պետք է անձամբ ստուգեն ողջ սպառազինության, ռազմական տեխնիկայի և ուսումնամարզական միջոցների առկայությունն ու լրակազմությունը, ինչպես նաև հրազենի և զինամթերքի առկայությունը: Զենքը և պահեստատուփերի պայուսակները ստուգում են ջոկերի հրամանատարները: Ստուգման արդյունքների մասին զեկույց է տրվում հրամանով: Չօգտագործված զինամթերքը և պարկուճները հանձնվում են սահմանված կարգով:
Պարապմունքների և զորավարժությունների ավարտից հետո իրականացվում է զենքի և սակրային գործիքի մաքրում, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեխնիկական սպասարկում, ինչպես նաև մաքրվում են պարապմունքների անցկացման վայրերը:

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը

Հոդված 242. Օրվա կանոնակարգով սահմանված ժամին կերակրի պատրաստումը պետք է ավարտված լինի:
Նախքան կերակուր բաժանելը բժիշկը (բուժակը) գնդի հերթապահի հետ միասին պետք է ստուգի կերակրի որակը, անցկացնի բաժնեչափերի ստուգիչ կշռում, ինչպես նաև ստուգի ճաշարանի շինությունների ճաշարանախոհանոցային ամանեղենի և գույքի սանիտարական վիճակը: Բժշկի (բուժակի) եզրակացությունից հետո կերակուրը պետք է համտեսի գնդի հրամանատարը կամ նրա ցուցումով` գնդի հրամանատարի տեղակալներից մեկը:
Ստուգման արդյունքները գրանցվում են կերակրի պատրաստման որակի ստուգման հաշվառման գրքում:
Սահմանված ժամին գնդի հրամանատարը կերակուրը բաժանելու թույլտվություն է տալիս:

Հոդված 243. Զինվորներն ու սերժանտները ճաշարան պետք է գան մաքուր հագուստով և կոշիկներով, շարքով, վաշտի ավագի կամ նրա ցուցումով` դասակների հրամանատարների տեղակալներից մեկի հրամանատարությամբ:
Ուտելու ժամանակ ճաշարանում պետք է կարգուկանոն պահպանվի:
Ուտելիս արգելվում է ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով (տաք բաճկոններով) և հատուկ (բանվորական) հագուստով:

Հոդված 244. Օրվա վերակարգում գտնվող անձինք կերակուրը ստանում են գնդի հրամանատարի սահմանած ժամին:
Գնդի բուժկետում գտնվող հիվանդների համար կերակուրը պատրաստվում է հոսպիտալային օրապարենի (մթերաբաժնի) չափերով և մատուցվում առանձին:

Գնդի տեղաբաշխման վայրից արձակումը

Հոդված 245. Զինծառայողները (բացի ժամկետային ծառայության զինծառայողներից) կարող են ազատ տեղաշարժվել կայազորի սահմաններում, իսկ ժամկետային ծառայության զինծառայողները գնդի տեղաբաշխման վայրից արձակվում են միայն կայազորի սահմաններում:
Կայազորի սահմաններից զինծառայողի դուրս գալը կատարվում է զորամասի հրամանատարի թույլտվությամբ:

Հոդված 246. Ժամկետային ծառայության զինծառայողը, եթե նրա վրա դրված չէ «հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը, շաբաթական մեկ անգամ գնդի տեղակայման վայրից արձակվելու իրավունք ունի: Զինծառայողների արձակումը պետք է կարգավորվի ստորաբաժանումների միջև այն հաշվով, որ չթուլանա մարտական պատրաստությունը և չընկնի մարտական հերթապահության որակը:
Ժամկետային ծառայության զինվորներին ու սերժանտներին վաշտի հրամանատարը արձակում է գնդի տեղակայման վայրից` գնդի հրամանատարի նշանակած օրը և ժամին` նրա սահմանած կարգով: Ստորաբաժանումից միաժամանակ կարող է արձակվել ժամկետային ծառայության զինծառայողների 30 տոկոսից ոչ ավելին: Առաջին տարվա ծառայության զինծառայողները գնդի տեղակայման վայրից արձակվում են միայն զինվորական երդում տալուց հետո: Շաբաթ և նախատոնական օրերին արձակումը թույլատրվում է մինչև 24.00-ը, իսկ կիրակի և տոնական օրերին` մինչև երեկոյան ստուգումը (անվանականչը):
Գումարտակի հրամանատարի թույլտվությամբ վաշտի հրամանատարը ժամկետային ծառայության զինծառայողներին հարգելի պատճառով կարող է արձակել նաև շաբաթվա մյուս օրերին` ուսումնական պարապմունքներից հետո մինչև քունը կամ մինչև հաջորդ օրվա առավոտը (բայց պարապմունքներն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ):
Արձակումը կատարվում է ըստ հերթականության: Արձակման հերթականությունը կարգավորում են դասակների հրամանատարների տեղակալները:
Հանգստյան և տոնական օրերին մարտական հերթապահության և օրվա վերակարգում ծառայության կատարման համար զինծառայողներն ու սերժանտները չեն արձակվում:
Ժամկետային ծառայության զինվորների արձակումն իբրև խրախուսանք կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնադրության պահանջներին համապատասխան:

Հոդված 247. Արձակման թույլտվություն ստանալու համար զինծառայողները դիմում են իրենց անմիջական պետին:
Օրինակ` «Պարոն սերժանտ, խնդրում եմ ինձ արձակել մինչև ժամը 20-ը»:
Ժամկետային ծառայության զինվորների և սերժանտների արձակման ցուցակները դասակների հրամանատարների տեղակալները ներկայացնում են վաշտի ավագին` վաշտի հրամանատարին զեկուցելու համար:

Հոդված 248. Վաշտի հերթապահը նշանակված ժամին շարում է արձակվածներին և զեկույց է տալիս վաշտի ավագին:
Վաշտի ավագը զննում է արձակվողներին, ստուգում նրանց սափրված լինելը, մազերի հարդարանքը, ինչպես նաև համազգեստի և կոշկեղենի վիճակն ու հարմարեցումը, զինվորական ողջույնի, փողոցում ու հասարակական վայրերում վարքի կանոնների նրանց իմացությունը: Այնուհետև ավագը արձակվողներին տալիս է վաշտի հրամանատարի ստորագրությամբ արձակման գրությունները (Հավելված 12): Վաշտի հերթապահը արձակվողներին գրանցում է գրքում (Հավելված 12), կազմում նրանց ցուցակը և այն ներկայացնում գնդի հերթապահին:
Գնդի տեղաբաշխման վայրից արձակվող ժամկետային ծառայության զինվորներն ու սերժանտները պետք է ունենան զինվորական գրքույկ:
Արձակման գրությունը ուժի մեջ է միայն իր կայազորի սահմաններում:

Հոդված 249. Արձակումից վերադառնալուն պես զինծառայողները ներկայանում են գնդի հերթապահին և զեկույց են տալիս իրենց վերադարձի մասին: Գնդի հերթապահը արձակման գրության մեջ նշում է վերադարձի ժամը: Այնուհետև նրանք գնում են ստորաբաժանում, ներկայանում վաշտի հերթապահին, նրան հանձնում արձակման գրությունները և զեկույց տալիս իրենց անմիջական պետին:
Օրինակ` «Պարոն սերժանտ, շարքային Պողոսյանը արձակումից վերադարձել է: Արձակման մեջ եղած ժամանակ նկատողություն եմ ստացել (կամ այսինչից ստացել եմ այս-այս նկատողությունը)»:
Եթե զինծառայողը ստորաբաժանում է գալիս քնի ազդարարումից հետո, ապա անմիջականորեն պետին զեկույց է տալիս հաջորդ օրը, առավոտյան ստուգումից առաջ:
Վաշտի հերթապահը արձակվողների գրքում նշում է արձակումից վերադարձածների ներկայանալու ժամը և արձակման գրությունները հանձնում վաշտի ավագին:

Հոդված 250. Ռազմական ուսումնական հաստատության տարածքից առաջին կուրսի ուսանողների արձակումը կատարվում է նույն կարգով, ինչ ժամկետային ծառայության զինվորներինն ու սերժանտներինը: Երկրորդ կուրսի ուսանողների արձակման կարգը սահմանվում է ռազմաուսումնական հաստատության պետի կողմից: Երրորդ և բարձր կուրսերի ուսանողները, ինչպես նաև հանրակացարաններում բնակվելու իրավունք ունեցող ուսանողները կարող են զինվորական ուսումնական հաստատության տարածքից դուրս գտնվել օրվա կանոնակարգով սահմանված ուսումնական պարապմունքներից և ինքնուրույն աշխատանքի համար պարտադիր ժամերից հետո մինչև ժամը 24-ը, իսկ ընտանիքավոր ուսանողները` մինչև հաջորդ օրվա ուսումնական պարապմունքների սկիզբը:

Հոդված 251. Բնակավայրերից հեռու գտնվող զորամասերում (առանձին ստորաբաժանումներում) և այլ դեպքերում, երբ նշված կարգով արձակումներն աննպատակահարմար են, զորամասի (առանձին ստորաբաժանման) հրամանատարի որոշումով հանգստյան օրերին կազմակերպվում են խմբային ուղևորություններ դեպի մերձակա խոշոր բնակավայրերը (քաղաքները):

Ստորաբաժանումների (անձնախմբերի) մեկնումը և շարժը (ընթացքը)

Հոդված 252. Ծառայողական գործուղումների համար, որպես կանոն, առանձնացվում են ստորաբաժանումներ` իրենց հրամանատարների գլխավորությամբ: Տարբեր ստորաբաժանումներից գործուղման ուղարկվող զինվորներից ու սերժանտներից ստեղծվում է անձնախումբ և սերժանտներից, ենթասպաներից կամ սպաներից նշանակվում է անձնախմբի պետ: Ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին) գնդում տրվում են գործուղման վկայական և ստորաբաժանման (անձնախմբի) անձնակազմի ցուցակը, ուր նշվում է զենքի տեսակն ու հրամանը, զինամթերքի քանակը: Դրանք հաստատվում են գնդի շտաբի ստորագրությամբ և զորամասի` զինանշանով ու կնիքով: Ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին), դրանից բացի, ցուցումներ են տրվում ընթանալու և ճանապարհներին սնվելու կարգի մասին, երբ, ուր և ում տնօրինությանը պետք է ներկայանա ստորաբաժանումը (անձնախումբը), անվտանգության պահանջների, զենքի պահպանման և կիրառման պահանջների մասին, ինչպես նաև ստորաբաժանման (անձնախմբի) կողմից ծառայության կատարման հետ կապված այլ ցուցումներ:

Հոդված 253. Ծառայողական գործուղման մեկնող ստորաբաժանման (անձնախմբի) նախապատրաստման աշխատանքները ղեկավարում է այն ստորաբաժանման հրամանատարը, որից այն առանձնացվում է:
Սահմանված ժամին ստորաբաժանումը (անձնախումբը) ստորաբաժանման նշանակված հրամանատարի (անձնախմբի պետի) ղեկավարությամբ ներկայանում է գնդի հերթապահին: Գնդի հերթապահն ստուգում է ստորաբաժանման (անձնախմբի) կազմն ու ապահովվածությունը և նրա պատրաստ լինելու մասին զեկուցում շտաբի պետին կամ գնդի հրամանատարին:
Շտաբի պետը կամ գնդի հրամանատարը զննում են ստորաբաժանումը (անձնախումբը), ստուգում նրա պատրաստությունը, հրահանգավորում ստորաբաժանման հրամանատարին (անձնախմբի պետին), իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ողջ անձնակազմին, ապահովում են ստորաբաժանման (անձնախմբի) ժամանակին մեկնումը` անհրաժեշտ դեպքում հատկացնելով փոխադրամիջոցներ:

Հոդված 254. Ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի պետը) պատասխանատու է անձնակազմի զինվորական կարգապահության և կարգուկանոնի պահպանման, առաջադրանքի ժամանակին կատարման համար, ինչպես նաև զենքի, զինամթերքի և զինվորական այլ ունեցվածքի անվնասության համար:
Նշանակված վայրը ներկայանալուն պես ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի պետը) զեկուցում է այն անձին, որին ի տնօրինություն ներկայացել է ստորաբաժանումը (անձնախումբը), իսկ վերադառնալուն պես` գնդի շտաբի պետին:

Հոդված 255. Մեքենաներով ուղևորվելիս` ստորաբաժանումների հրամանատարները (անձնախմբերի պետերը) կատարում են շարասյան պետի (մեքենայի ավագի) պարտականությունները` շարադրված 378 հոդվածում:
Արգելվում է անձնակազմի փոխադրումը չսարքավորված, իսկ ձմեռ ժամանակ` բաց մեքենաներով:
Երկաթուղային, ծովային, գետային և օդային տրանսպորտով ուղևորվելիս ղեկավարվել նույն Կանոնագրքի 12-րդ գլխում շարադրված ցուցումներով:

Հոդված 256. Վաշտի զինվորներն ու սերժանտները կայազորի սահմանները ծառայողական առաջադրանքների կատարման, ինչպես նաև կինո, թատրոն և հասարակական այլ հիմնարկներ են գնում խմբով` սպաներից, ենթասպաներից կամ սերժանտներից վաշտի հրամանատարի նշանակած ավագի գլխավորությամբ:
Սպաներից կամ ենթասպաներից նշանակված ավագը հավաքում է խմբի ողջ անձնակազմը, շարում և զննում է, կազմում է ցուցակը և անձնախմբի պատրաստ լինելու մասին զեկուցում վաշտի հրամանատարին կամ նրան փոխարինող անձին: Թույլտվություն ստանալով` նա անձնախումբը տանում է նշանակված վայրը:
Սերժանտներից նշանակված ավագը շարում է անձնախումբը և այն ներկայացնում վաշտի ավագի կամ նրան փոխարինող անձի զննմանը, նրանից ստանում իր արձակման գրությունը և խմբի ցուցակը` վաշտի հրամանատարի ստորագրությամբ: Ավագի հետ մեկնողների ընդհանուր թիվը նշվում է նաև նրա արձակման գրության մեջ: Այնուհետև ավագն անձնախումբը ներկայացնում է գնդի հերթապահին:

Հոդված 257. Ստորաբաժանումից երկու և ավելի զինծառայողների մեկնումի դեպքում նրանցից մեկը ավագ է նշանակվում: Երեք և ավելի մարդուց բաղկացած անձնախմբերը նշանակման վայր են ուղևորվում շարքով ավագի ղեկավարությամբ (բացի հանգստի համար հասարակական հիմնարկներ ուղևորվելու դեպքերից):
Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով հետիոտն զորաշարքով ընթանալիս` անձնախմբերը շարքի առջևում և վերջում գիշերը պետք է ունենան ազդանշանային լապտերներ, իսկ ցերեկը` ազդանշանային դրոշակներ:

Զինծառայողներին այցելելը

Հոդված 258. Ժամկետային զինծառայողներին այցելելու թույլտվությունը տալիս է վաշտի հրամանատարը օրվա կանոնակարգով սահմանված ժամին և այդ նպատակով գնդում առանձնացված այցելուների սենյակում (տեղում):

Հոդված 259. Գնդի հրամանատարի հրամանով` զինծառայողներին այցելելու համար սահմանված ժամերին սերժանտներից նշանակվում է այցելուների սենյակի հերթապահ: Նրա իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են գնդի հրամանատարի հաստատած հրահանգում:
Զինծառայողներին այցելելու ցանկություն ունեցող այցելուներին սենյակ մտնելու թույլտվություն է տալիս գնդի հերթապահը:

Հոդված 260. Զինծառայողների ընտանիքների անդամները և այլ անձինք գնդի հրամանատարի թույլտվությամբ կարող են այցելել զորանոց, ճաշարան, զորամասի մարտական փառքի (պատմության) սենյակ և այլ շինություններ` գնդի անձնակազմի կյանքին և կենցաղին ծանոթանալու:
Նրանց ուղեկցելու և անհրաժեշտ բացատրություններ տալու համար նշանակվում են այդ նպատակով նախատեսված զինծառայողներ:

Հոդված 261. Ոգելից խմիչք ունեցող կամ ոչ սթափ վիճակում գտնվող այցելուները զինծառայողների մոտ չեն թույլատրվում: Կողմնակի անձանց չի թույլատրվում գիշերել զորանոցներում և ուրիշ շինություններում (հոդված 166):

Գ Լ ՈՒ Խ  6

ՕՐՎԱ ՎԵՐԱԿԱՐԳ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 262. Օրվա վերակարգը նշանակվում է զորամասի (ստորաբաժանման) ներքին կարգուկանոնի, անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի, շինությունների և ունեցվածքի պահպանման, ստորաբաժանումում գործերի վիճակի վերահսկման և իրավախախտումները կանխող միջոցների ժամանակին ձեռնարկման համար, ինչպես նաև ներքին ծառայության գծով այլ պարտականությունների կատարման համար:

Հոդված 263. Օրվա վերակարգի կազմը հայտնվում է գնդի հրամանատարի հրամանով` ուսուցման ողջ ընթացքի համար.
նախատեսվում է գնդի վերակարգի հետևյալ կազմը.
գնդի հերթապահ,
գնդի հերթապահի օգնական,
պահակախումբ,
հավաքակայանի հերթապահ և օրապահներ, ինչպես նաև հերթապահ քարշակների վարորդներ (վարորդներ),
հերթապահ բուժակ կամ սանհրահանգիչ և բուժկետի օրապահներ,
հսկիչ-անցագրային կետի հերթապահ և հերթապահի օգնականներ,
ճաշարանի հերթապահ և ճաշարանում աշխատողներ,
գնդի շտաբի հերթապահ,
հերթապահ փողհար-թմբկահար,
ցրիչներ (թղթատարներ),
հրշեջ վերակարգ:
Ամեն օր գնդի հրամանով նշանակվում են գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, պահակախմբի պետը, հավաքակայանի հերթապահը, հերթապահ ստորաբաժանումը, ինչպես նաև այն ստորաբաժանումները, որոնցից առանձնացվում են գնդի օրվա վերակարգը և աշխատանքի վերակարգը: Անհրաժեշտության դեպքում գնդի հրամանատարն իրավունք ունի կրճատել օրվա վերակարգի կազմը:
Կապի հանգույցներում, բուժկետերում և զինվորական ավտոտեսչությունում ծառայության նշանակված սպաները, ենթասպաները և պայմանագրով ծառայության անցած զինծառայողները ուրիշ վերակարգի կազմում չեն նշանակվում:

Հոդված 264. Խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում, բացառությամբ հանրակացարանի օրվա վերակարգի: Անհրաժեշտության դեպքում նրանք ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բուժակ (սանհրահանգիչ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ):
Կին զինծառայողները հերթապահության են նշանակվում նաև ըստ մասնագիտության:

Հոդված 265. Վաշտի օրվա վերակարգում նշանակվում են.
վաշտի հերթապահ,
վաշտի օրապահներ:
Վաշտում օրապահների հերթափոխերի քանակը որոշում է գնդի հրամանատարը:
Կին զինծառայողների հանրակացարանի օրվա վերակարգի կազմը և նրա պարտականությունները որոշվում են` ելնելով վաշտի օրվա վերակարգից:

Հոդված 266. Որոշ գումարտակներում նրանց թվաքանակով և տեղակայման հանգամանքներով պայմանավորված` վաշտերի հերթապահների փոխարեն գնդի հրամանատարի որոշմամբ կարող է նշանակվել գումարտակի հերթապահ, իսկ գնդի մատակարարման ստորաբաժանումներում, նրանց համատեղ տեղակայման դեպքում` այդ ստորաբաժանումների հերթապահ:
Վերոհիշյալ դեպքերում օրապահների քանակը որոշվում է` ելնելով ստորաբաժանումների տեղակայման, պահպանության, մատակարարման և ներքին կարգուկանոնի պահպանման պայմաններից:

Հոդված 267. Բոլոր հերթապահները և նրանց օգնականները կրծքի ձախ կողմում (ձախ թևին) պետք է ունենան կրծքանշան (թևկապ)` համապատասխան մակագրությամբ (Հավելված 14): Նախկին հերթապահը կրծքանշանը (թևկապը) նոր հերթապահին է փոխանցում հերթապահության հանձնման և ընդունման զեկույցից հետո:

Հոդված 268. Սպաներից և ենթասպաներից նշանակված գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը զինվում են երկու լիցքավորված պահեստատուփ ունեցող ատրճանակներով:
Սերժանտներից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, ստորաբաժանումների հերթապահներն ու օրապահները, բացի հանրակացարանի օրվա վերակարգի կազմի մեջ մտնող կին զինծառայողներից, հավաքակայանի օրապահներն ու թղթատարները (ցրիչները) զինվում են սվին-դանակներով: Սվին-դանակը պետք է գտնվի կաշեգոտու ձախ կողմում` ճարմանդից ափաչափ հեռու:
Անհրաժեշտության դեպքում կայազորի պետի հրամանով որոշ զորամասերում հսկիչ-անցագրային կետի օրապահներն ու հերթապահները, վաշտի օրվա վերակարգը և հավաքակայանի օրապահները կարող են զինվել երկու լիցքավորված պահեստատուփ (պահունակով 30 փամփուշտ) ունեցող ավտոմատներով (կարաբիններով): Զենքի հետ վարվելու կարգը, ինչպես նաև նրա օգտագործումն իրականացվում է սույն Կանոնագրքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության դրույթների պահանջներին համապատասխան:

Աշխատանքի վերակարգը

Հոդված 269. Զինծառայողների աշխատանքի վերակարգի համար տրված հրամանում նշվում է, թե որ ստորաբաժանումներն են նշանակվում աշխատանքի, աշխատանքի տեսակը, նրա տևողությունը, ինչպես նաև երբ, ուր և ում տնօրինությանը պիտի ներկայանան ստորաբաժանումները: Աշխատանքի համար առանձնացված ստորաբաժանումները աշխատանքի են ներկայանում իրենց հրամանատարի կամ սպաներից, ենթասպաներից, սերժանտներից նշանակված հրամանատարի կամ ավագի գլխավորությամբ:
Չնախատեսված աշխատանքների կատարման համար վերակարգի նշանակումն իրականացնում է գնդի շտաբի պետը:

Հոդված 270. Աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման համար պատասխանատու է այն պետը, որին ի տնօրինություն ժամանել է ստորաբաժանումը: Ստորաբաժանման հրամանատարը (անձնախմբի ավագը) պարտավոր է վերահսկել անձնակազմի կողմից անվտանգության պահանջների պահպանումը:
Արգելվում է կին զինծառայողներին նշանակել այնպիսի աշխատանքների, որոնք կապված են աշխատանքային օրենսդրությամբ նրանց համար սահմանված առավելագույն նորմերը գերազանցող ծանրությունների տեղափոխման և տեղաշարժման հետ:

Հերթապահ ստորաբաժանումը

Հոդված 271. Հերթապահ ստորաբաժանումը նշանակվում է պահակախմբերի ուժեղացման կամ հրդեհների, տարերային աղետների և այլ պատահարների ժամանակ շտապ կանչերի համար:
Արգելվում է հերթապահ ստորաբաժանումներն օգտագործել գնդի տեղակայման վայրից դուրս տնտեսական աշխատանքներ կատարելու համար:
Հերթապահ ստորաբաժանումը ենթարկվում է գնդի հերթապահին:

Հոդված 272. Տագնապ հայտարարվելու (կանչի) դեպքում հերթապահ ստորաբաժանումը շարվում է իրեն հատկացված տեղում և գործում է գնդի հերթապահի ցուցումով:
Հերթապահ ստորաբաժանմանը փամփուշտներ տրվում են միայն գնդի հերթապահի հրամանով:

Հոդված 273. Հերթապահ ստորաբաժանման հետ պարապմունքներ անցկացվում են գնդի տեղակայման վայրի մերձակայքում: Հերթապահ ստորաբաժանման գտնվելու վայրը և նրան կանչելու կարգը պետք է հայտնի լինեն գնդի հերթապահին:

Ծառայության գծով վերակարգերի նշանակման կարգը և դրանց մասին հաշվետվությունը

Հոդված 274. Ստորաբաժանումները վերակարգ են նշանակվում իրենց հրամանատարների հետ միասին:
Ենթասպաների, սպաների և գնդի ստորաբաժանումների միջև վերակարգերի հերթականությունը սահմանում է գնդի շտաբի պետը:
Վաշտում դասակների միջև վերակարգի հերթականությունը սահմանում է վաշտի ավագը, իսկ դասակում` դասակի հրամանատարի տեղակալը:
Հերթական վերակարգերի թիվը զինվորների, սերժանտների, ենթասպաների և սպաների միջև պետք է բաշխվի հավասարաչափ և արդար:
Առանձին ժամանակահատվածներում տարբեր զինծառայողների ծառայողական խնդիրների ծավալի մեծ տարբերությունների դեպքում առավել զբաղված սպաների և ենթասպաների համար վերակարգերի թիվը այդ ժամանակահատվածում կարող է պակասեցվել գնդի հրամանատարի որոշմամբ:

Հոդված 275. Վերակարգերի թերթիկները լրացնում են ամեն ամսվա համար առանձին (Հավելված 12)`
զինծառայողների համար` դասակների հրամանատարների տեղակալները.
սերժանտների համար` վաշտի ավագը.
գնդի վարչության և առանձին ստորաբաժանումների ենթասպաների և սպաների, ինչպես նաև գումարտակների հրամանատարների և նրանց տեղակալների համար` գնդի շտաբում, մյուս ենթասպաների և սպաների համար` գումարտակների շտաբներում:
Վերակարգերի թերթիկները պահվում են մեկ տարի, որից հետո ոչնչացվում են:

Օրվա վերակարգի նախապատրաստումը

Հոդված 276. Զորամասի շտաբը նոր ամսվա սկզբից 5-6 օր առաջ ստորաբաժանումների հրամանատարներին հայտնում է օրվա վերակարգի կազմը և այն ստանձնելու օրը:

Հոդված 277. Այն ստորաբաժանումների հրամանատարները, որոնցից նշանակվում է օրվա վերակարգը, պատասխանատու են վերակարգի անձնակազմի ընտրության, ծառայությանը նրա նախապատրաստման, գնդի համապատասխան պաշտոնատար անձանց մոտ ժամանակին պարապմունքների (հրահանգավորման), հերթափոխման ներկայացնելու համար:

Հոդված 278. Վերակարգի նախընթաց գիշերը օրվա վերակարգ նշանակված անձինք պետք է ազատվեն բոլոր պարապմունքներից և աշխատանքներից: Արտահաստիքային հրշեջ խմբից նշանակված հրշեջ վերակարգը գնդի տարածքում անցկացվող պարապմունքներից ու աշխատանքներից չի ազատվում:

Հոդված 279. Վերակարգը ստանձնելու օրը կանոնակարգով սահմանված ժամերին անձնակազմին պետք է տրվի առնվազն 3 ժամ, իսկ մեկ օր անց պահակության անցնելու դեպքում` առնվազն 4 ժամ ծառայությանը նախապատրաստվելու, այդ թվում` գործնական պարապմունքների անցկացման համար, և առնվազն մեկ ժամ` հանգստի (քնի) համար:

Հոդված 280. Օրվա վերակարգի անձնակազմի նախապատրաստումը, բացի վաշտից (մարտկոցից) նշանակված պահակախմբից, իրականացնում է ստորաբաժանման ավագը կամ նշանակված այլ պաշտոնատար անձ: Գումարտակից (դիվիզիոնից) կամ զորամասից նշանակված օրվա վերակարգի նախապատրաստումը կազմակերպում են համապատասխան հրամանատարները և անցկացնում նրանց տեղակալները:
Պահակախմբի նախապատրաստումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային զինծառայողների կանոնադրությանը համապատասխան:

Հոդված 281. Օրվա վերակարգի` գնդի հրամանով որոշված անձինք, իրենց ծառայողական նշանակությանը (դերին) համապատասխան, սահմանված ժամին պարապմունքների (հրահանգավորման) են ներկայանում գնդի հրամանատարի տեղակալի կամ գնդի հրամանատարի այլ նպատակով նշանակած պաշտանատար այլ անձանց:
Պարապմունքների (հրահանգավորման) ժամանակ ուսումնասիրվում են զինվորական կանոնադրությունների, հրահանգների և անվտանգության պահանջների դրույթները և ստուգվում է վերակարգի անձնակազմի` իր հատուկ պարտականությունների իմացությունը:
Գործնական պարապմունքներն անցկացվում են վերակարգը ստանձնելու օրը` օրվա կանոնակարգով սահմանված ժամերին, օրվա վերակարգի ծառայության կատարման համար կահավորված շինություններում (տեղերում), ստորաբաժանման տարածքում կամ ծառայության կատարման տեղում:

Հոդված 282. Օրվա վերակարգի որոշ անձանց ավտոմատներով (կարաբիններով) զինելիս` անհրաժեշտության դեպքում զենքի կիրառմամբ գործողությունների հետ կապված պարապմունքներ են անցկացվում:

Հոդված 283. Հերթափոխի անցնելուց 15 րոպե առաջ օրվա վերակարգը պետք է պատրաստ լինի ծառայությանը և իր հերթապահների ու գնդի պահակապետի կողմից ընդունված լինի նրանց ենթակայության տակ:

Օրվա վերակարգի հերթափոխումը

Հոդված 284. Օրվա վերակարգի հերթափոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության պահանջներին համապատասխան:
Հերթափոխումը անցկացնում է գնդի նոր հերթապահը գնդի հրամանատարի սահմանած ժամանակ:

Հոդված 285. Հերթափոխումից 10 րոպե առաջ գնդի հերթապահի սպաների թվից նոր նշանակված օգնականը օրվա վերակարգի անձնակազմը, բացի հերթապահ ստորաբաժանումից, կին զինծառայողների հանրակացարանի վերակարգից, ճաշարանի և հրշեջ վերակարգերից, շարում է դրա համար սահմանված տեղում, ստուգում նրա առկայությունը և գնդի հերթապահի ներկայանալուն պես զեկուցում նրան:
Եթե գնդի հերթապահի օգնականը ենթասպա է, ապա օրվա վերակարգը շարում և գնդի հերթապահին զեկույց է տալիս օրվա վերակարգի անձնակազմի սպաներից մեկը:

Հոդված 286. Հերթափոխի համար օրվա վերակարգը շարվում է. աջ թևում` պահակախմբերը, այնուհետև աջից ձախ` հավաքակայանի հերթապահը, հերթապահ բուժակը (սանհրահանգիչը), հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, վաշտերի բոլոր հերթապահները` ստորաբաժանումների կարգով, թղթատարները (ցրիչները), ճաշարանի հերթապահը, հրշեջ վերակարգի պետը և հերթապահ փողհար-թմբկահարը, հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, օրապահները և հերթապահ քարշակների մեխանիկ-վարորդները (վարորդները) շարվում են իրենց հերթապահների թիկունքում. գնդի հերթապահի օգնականը կանգնում է պահակախմբերի աջ թևում:

Օրվա վերակարգի անձանց պարտականությունները

Ընդհանուր դրույթներ

Հոդված 287. Օրվա վերակարգի բոլոր անձինք պետք է գիտենան, ճիշտ և բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները` համառորեն ձգտելով կանոնակարգի կատարմանը և ներքին կարգուկանոնի այլ պայմանների պահպանմանը:
Օրվա վերակարգի անձինք իրավունք չունեն դադարեցնել կամ ուրիշին հանձնել իրենց պարտականությունների կատարումը առանց գնդի հերթապահի թույլտվության:

Հոդված 288. Երբ ստորաբաժանում են գալիս պետերը, սկսած գնդի հրամանատարներից և ավելի բարձր, ստորաբաժանումների հերթապահները պարտավոր են այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հերթապահին:

Հոդված 289. Գնդի հերթապահին և նրա օգնականին հերթով, ինչպես նաև վաշտի հերթապահին թույլատրվում է գնդի հրամանատարի սահմանած ժամանակ չորսական ժամ պառկած հանգստանալ (քնել) առանց կոշիկների, հագուստը և հանդերձանքը չհանած:
Օրապահների ազատ հերթափոխին թույլատրվում է հերթով պառկած հանգստանալ (քնել) միայն քնի ազդարարումից մինչև վերկացը` առանց հագուստի:
Հավաքակայանի, հսկիչ-անցագրային կետի և ճաշարանի հերթապահներին, հերթապահ բուժակին (սանհրահանգչին), գնդի շտաբի հերթապահին և փողհար-թմբկահարին թույլատրվում է գիշերը պառկած հանգստանալ (քնել) առանց կոշիկների, հանդերձանքով և հագուստով:

Հոդված 290. Օրվա վերակարգի հերթափոխը հանձնած զինծառայողները հերթը հանձնելու օրը ազատվում են պարապմունքներից և աշխատանքներից:
Հանգստյան և տոնական օրվա օրական վերակարգում եղած սպաներին և ենթասպաներին շաբաթվա ընթացքում հանգստյան օր է հատկացվում:

Գնդի հերթապահը

Հոդված 291. Գնդի հերթապահը նշանակվում է գնդի վարչության և գումարտակների սպաներից, վաշտերի հրամանատարներից և նրանց համահավասար անձանցից: Նա պատասխանատու է գնդի ստորաբաժանումներին և վարչությանը տագնապի ազդարարման մասին ժամանակին ծանուցելու, գնդում ներքին կարգուկանոնի պահպանման և օրվա վերակարգի ծառայության կատարման համար, ինչպես նաև գնդի շտաբի և ծառայությունների սպաների և ենթասպաների ատրճանակների և զինամթերքի պահպանման համար: Գնդի հերթապահը ենթարկվում է գնդի հրամանատարին: Նրան է ենթարկվում գնդի ամբողջ օրվա վերակարգը:
Առանձին գումարտակներում և նրանց համահավասար զորամասերում թույլատրվում է զորամասի հերթապահ նշանակել դասակի հրամանատարներին, ինչպես նաև գումարտակի շտաբի և ծառայությունների ենթասպաներին:
Գնդի ներքին պահակախմբերի վերաբերմամբ գնդի հերթապահը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության` պահախմբերի հերթապահի մասին դրույթներով:

Հոդված 292. Հերթափոխումից առաջ նոր հերթապահը նշանակված ժամին ներկայանում է գնդի շտաբի պետին` հրահանգավորման և նշանաբառը (պայմանաբառը) ստանալու: Հերթափոխման ժամանակ գնդի նոր հերթապահը ստուգում է օրվա վերակարգի թվակազմը, սպառազինությունը, օրվա վերակարգի համար սահմանված համազգեստը, իրենց պարտականությունների իմացությունը, ցուցումներ է տալիս բացահայտված թերությունները վերացնելու համար և ներկայացնում հաջորդ օրվա համազգեստը:
Հերթափոխումից հետո նոր հերթապահը նախկին հերթապահից ընդունում է փաստաթղթերը (Հավելված 10), ինչպես նաև գնդի շտաբի և ծառայությունների սպաների ու ենթասպաների զենքն ու զինամթերքը: Զենքն ընդունում է հատ-հատ` համարներով և լրակազմով: Այնուհետև գնդի նախկին հերթապահի հետ համատեղ նա ստուգում է ծանուցման և ռադիացիոն ու քիմիական հետախուզության սարքերը, պահպանող տեխնիկական միջոցների սարքինությունը, մեկուսացվածների գրքով ճշտում է մեկուսացվածների թիվը և կարգապահական մեկուսարանում նրանց պահելու ժամկետները:

Հոդված 293. Հերթապահության հանձնումից-ընդունումից և պահակախմբերի հերթափոխման մասին պահակակետերի զեկույցներից հետո նախկին և նոր հերթապահները զեկույցով ներկայանում են գնդի հրամանատարին:
Օրինակ` «Պարոն գնդապետ, ավագ լեյտենանտ Մելքոնյանը գնդի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն գնդապետ, կապիտան Սահակյանը գնդի հերթապահությունը ընդունել է»:
Այնուհետև գնդի նոր հերթապահը հայտնում է հերթապահության ընդունման ժամանակ բացահայտված բոլոր թերությունները, որոնք չէին կարող վերացվել փոխվող վերակարգի կողմից:

Հոդված 294. Գնդի հերթապահը պարտավոր է`
- տագնապի ազդանշանը ստանալուն պես անհապաղ տալ ստորաբաժանումների վերկացի ազդանշանը, զեկուցել գնդի հրամանատարին, ծանուցել նրա տեղակալներին և այլ պաշտոնատար անձանց մինչև նրանց ժամանումը.
- ղեկավարել ստորաբաժանումների ելքը դեպի հավաքակետերը.
- զորահավաքի ծանուցումը ստանալուն պես այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հրամանատարին ու շտաբի պետին և գործել նրանց ցուցումներին ու հրահանգներին համապատասխան.
- գնդի վարչության սպաներին ու ենթասպաներին անձնական զենք և զինամթերք, ռադիոակտիվ ճառագայթման անհատական դոզաչափեր տալ ստորագրությամբ` դրված զենքի և զինամթերքի բացթողման գրքում (Հավելված 12), իսկ տագնապի ժամանակ` քարտեզով վերահսկել նրանց ժամանակին հանձնումը, ստորաբաժանումներում զենքի պահասենյակների ազդանշանման համակարգի չհիմնավորված գործելու դեպքում պարզել պատճառները և վերահսկել պահպանության համար ազդանշանման համակարգի միացումը.
- թշնամու կողմից զանգվածային ոչնչացման կամ ատոմային և քիմիական արդյունաբերության ձեռնարկություններում տեղի ունեցած վթարների հետևանքով ռադիացիոն և քիմիական վտանգի առաջացման դեպքում գործել եղած հրահանգներին համապատասխան.
- հետևել ստորաբաժանումներում օրվա կանոնակարգի կատարմանը և ղեկավարել սահմանված ազդանշաններ տալը.
- օրական առնվազն երկու անգամ (մի անգամ` գիշերը) անձամբ ստուգել ստորաբաժանումներում օրվա վերակարգի ծառայության կատարումը և ներքին կարգուկանոնի պահպանումը, միջոցներ ձեռնարկել հանցագործությունները, պատահարները, զանցանքները կանխելու, անվտանգության պահանջների խախտումներ թույլ չտալու, ինչպես նաև բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.
- մշտապես գիտենալ գնդի հրամանատարի գտնվելու վայրը, անհապաղ զեկուցել նրան գնդում տեղի ունեցած բոլոր պատահարների, ժամկետային ծառայության զինծառայողների ինքնակամ բացակայությունների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին.
- գտնվել հերթապահի սենյակում, ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել օգնականին և նրան հայտնել` ուր և որքան ժամանակով է գնում.
- գիտենալ ուսումնական դաշտերի շրջանները, ինչպես նաև վաշտերը որտեղ են անցկացնում պարապմունքները.
- տեղեկություններ ունենալ գնդի անձնակազմի, ինչպես նաև մարտական և տրանսպորտային մեքենաների բաշխման մասին, հավաքակայանի հերթապահի միջոցով վերահսկել մեքենաների վերադարձը հավաքակայան, գնդի հրամանատարին զեկուցել ուղերթում նրանց ուշացումների դեպքերի մասին, միջոցներ ձեռնարկել մեքենաների որոնման և դրանք հավաքակայան վերադարձնելու համար.
- ստուգել և ժամանակին ուղարկել գնդի նշանակած ստորաբաժանումները (խմբերը) և այդ մասին զեկուցել գնդի շտաբի պետին կամ հրամանատարին.
- ստուգել գնդի տեղակայման վայրից արձակվող ժամկետային ծառայության զինծառայողների արտաքին տեսքը և նրանց վերադարձի ժամանակի մասին նշումներ կատարել արձակման գրություններում, թղթատարներին (ցրիչներին) թույլատրել տեղաբաշխման սահմաններից դուրս գալ զինանշանով կնիքով հաստատված ծանուցման քարտերով.
- մեկուսացվածներին ընդունել կարգապահական մեկուսարան և մեկուսացումից ժամանակին ազատել նրանց` համապատասխան նշումներ անելով մեկուսացման մասին գրության մեջ և մեկուսացվածների գրքում.
- գնդի տեղակայման տարածքում կամ նրա մերձակայքում հրդեհի բռնկման կամ տարերային աղետի դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել գնդի մարտական դրոշը, մարդկանց, սպառազինությունը, ռազմական տեխնիկան և նյութական միջոցները փրկելու համար, հրդեհի դեպքում հրշեջ խումբ կանչել և մինչև նրա ժամանումը կազմակերպել հրդեհի մարումը.
- նախքան կերակուրը բաժանելը բժշկի (բուժակի) հետ միասին ստուգել նրա որակը` համապատասխան գրանցումներ կատարելով պատրաստված կերակրի որակի վերահսկողության հաշվառման գրքում, թույլատրել նրա բաժանումը, կերակրի որակը կասկածի տակ առնելու դեպքում այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հրամանատարին, ճաշարանում անձամբ ներկա գտնվել կերակրի բաժանմանն ու ընդունելուն և վերահսկել այն ամբողջությամբ անձնակազմին հասցնելը.
- հետևել զորանոցներում և գնդի տարածքում մաքրությանն ու կարգուկանոնին.
- հատուկ դեպքերում ստորաբաժանումների հերթապահներին հրաման տալ կողպելու զորանոցների մուտքի դռները.
- գնդի հրամանատարի ժամանման դեպքում դիմավորել նրան, տալ «Զգա´ստ» հրամանը և զեկուցել նրան:
Օրինակ` «Պարոն գնդապետ, իմ հերթապահության ընթացքում պատահարներ տեղի չեն ունեցել (կամ տեղի է ունեցել այս, այս): Գնդի հերթապահ կապիտան Սահակյան»:
Գնդի հրամանատարի տեղակալներին գնդի հերթապահը միայն ներկայանում է:

Հոդված 295. Երեկոյան ստուգումից (անվանականչից) և վերկացից հետո գնդի հերթապահը ստորաբաժանումների հերթապահներից զեկույցներ է ընդունում և տեղեկություններ կազմում բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայողների առկայության դեպքում` կազմում նրանց ցուցակը: Վերջինս մեկուսացվածների ցուցակի հետ միասին առավոտյան զեկույցից հետո ներկայանում է գնդի հրամանատարին:
Իր հերթապահության ընթացքում օրվա վերակարգի ծառայության մեջ բացահայտված բոլոր թերությունների և գնդում ներքին կարգուկանոնի այն խախտումների մասին, որոնք չեն կարող վերացվել մինչև հերթապահության հանձնումը, գնդի հերթապահը գրառումներ է կատարում հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12): Գնդի հերթապահը հերթապահության հանձնման-ընդունման գիրքը ամեն օր ներկայացնում է գնդի հրամանատարին:

Հոդված 296. Գնդի հերթապահը դիմավորում և գնդի տարածքում ուղեկցում է`
Հայաստանի Հանրապետության Նախագահին, ՀՀ Ազգային ժողովի նախագահին, ՀՀ վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին), գեներալ-գնդապետներին, գնդի հրամանատարներից բարձր ուղղակի պետերին և տեսչական ստուգումների անցկացումը ղեկավարելու համար նշանակված անձանց:
Այդ անձանց դիմավորելիս` գնդի հերթապահը տալիս է «Զգա´ստ» հրամանը և զեկուցում նրանց:
Օրինակ` «Պարոն գեներալ-գնդապետ, 2-րդ մոտոհրաձգային գունդը (այսինչ շրջանում) զբաղվում է մարտական պատրաստությամբ` պարապմունքների կարգացուցակին համապատասխան: Գնդի հերթապահ կապիտան Կարապետյան»:
Վերոհիշյալ անձանց ժամանման մասին գնդի հերթապահն անհապաղ զեկուցում է գնդի հրամանատարին կամ նրան փոխարինողին:
Այն դեպքում, երբ ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը և զեկույց տալիս նրան, գնդի հերթապահը միայն ներկայանում է:
Վերը նշված գեներալների, ինչպես նաև այլ զորամասերի ավագ սպաների ժամանման դեպքում գնդի հերթապահը ներկայանում է նրանց:
Օրինակ` «Պարոն գեներալ մայոր: Գնդի հերթապահ կապիտան Պետրոսյան»: Այնուհետև նա ուղեկցում է նրանց գնդի հրամանատարի կամ նրան փոխարինողի մոտ:
Այլ զորամասերի մյուս զինծառայողներին, նրանց անձը և ժամանման նպատակները պարզելուց հետո, անհրաժեշտության դեպքում թույլատրվում է գունդ մտնել մեկանգամյա անցագրով:

Գնդի հերթապահի օգնականը

Հոդված 297. Գնդի հերթապահի օգնականը նշանակվում է կրտսեր սպաներից կամ ենթասպաներից և ենթարկվում է գնդի հերթապահին: Նա պարտավոր է գիտենալ գնդի հերթապահի հրահանգը, կարողանալ գործածել գնդի հերթապահի մոտ եղած ծանուցման միջոցները, պահպանության տեխնիկական միջոցներն ու կապի միջոցները, ռադիացիոն և քիմիական հետախուզության սարքերը, հերթապահի փոխարեն մնալիս կատարել նրա պարտականությունները:

Հոդված 298. Սպաներից նշանակված գնդի հերթապահի օգնականին ենթարկվում են օրվա վերակարգի բոլոր անձինք: Ներքին պահակախմբերի վերաբերմամբ նա ղեկավարվում է կայազորային և պահակային ծառայությունների կանոնադրության` պահակախմբի հերթական օգնականի մասին դրույթներով:
Ենթասպաներից նշանակված գնդի հերթապահի օգնականին ենթարկվում են օրվա վերակարգի բոլոր անձինք, բացի սպաներից:

Հսկիչ-անցագրային կետի հերթապահը

Հոդված 299. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը նշանակվում է ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է գունդ ժամանող (գնդից հեռացող) անձանց ներս թողնելու (դուրս գալու), ինչպես նաև որևէ ունեցվածքի դուրսբերման (ներկրման) ճշտության համար: Հսկիչ-անցագրային հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին և նրա օգնականին: Նրան են ենթարկվում հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի հերթապահին:

Հոդված 300. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը պարտավոր է`
- հերթափոխումից հետո ցուցակով ընդունել փաստաթղթերը, սարքավորումն ու գույքը (Հավելված 10).
- ստուգել գունդ ժամանողների անձը վկայող փաստաթղթերը, մեկանգամյա անցաթղթեր դուրս գրել այն անձանց թույլտվությամբ, որոնց ցուցակը հաստատված է գնդի հրամանատարի կողմից, ինչպես նաև գնդի հերթապահի ցուցումով.
- գնդի հերթապահին զեկուցել այն անձանց մասին, որոնց փաստաթղթերի ճշտությանը ինքը կասկածում է.
- ժամկետային ծառայության զինծառայողներին չթույլատրել գնդի տարածքից դուրս գալ առանց դրա իրավունքը տվող փաստաթղթի, սահմանված ձևով հագնված չլինելու դեպքում կամ թափթփված տեսքով, իսկ հետիոտն շարքով գնացող խմբերին գիշերային ժամերին` առանց շարքի սկզբում և վերջում ազդանշանային լապտերների, իսկ ցերեկային ժամերին` առանց ազդանշանային դրոշակների.
- գտնվել հսկիչ-անցագրային կետում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել օգնականներին.
- հսկել իր օգնականների ծառայության կատարման ճշտությունը.
- գնդի հրամանատարի կամ նրա օգնականների ժամանման դեպքում դիմավորել նրանց և ներկայանալ:

Հոդված 301. Հսկիչ-անցագրային կետի հերթապահը դիմավորում է այլ զորամասերի սպաներին և ներկայանում նրանց:
Օրինակ` «Պարոն գեներալ-մայոր: Հսկիչ-անցագրային կետի հերթապահ սերժանտ Հովհաննիսյան»:
Այնուհետև նա ժամանածների մասին անհապաղ զեկուցում է գնդի հերթապահին:

Հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականը

Հոդված 302. Հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականը նշանակվում է սերժանտներից և զինվորներից: Նա ենթարկվում է հսկիչ-անցագրային կետի հերթապահին:
Հերթապահի հերթական օգնականը անբացակա գտնվում է հսկիչ-անցագրային կետում և պատասխանատու է գունդ ժամանող անձանց ներս թողնելու, ինչպես նաև որևէ ունեցվածքի դուրսբերման կամ ներկրման ճշտության համար:

Հոդված 303. Հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականը պարտավոր է`
- իր գնդի սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին և կին զինծառայողներին ներս թողնել անձնական վկայականներով, իսկ անձնապես (դեմքով) ճանաչելու դեպքում` առանց դրանց, ժամկետային ծառայության զինծառայողներին` արձակման գրություններով (արձակուրդային տոմսերով, գործուղման վկայականներով, կարգադրագրերով, ծանուցման քարտերով) այլ անձանց` անցագրերով.
- մշտական կամ մեկանգամյա անցագրերը ստուգելիս` դրանք համեմատել հսկիչ-անցագրային կետում եղած նշումների հետ, ստուգել լուսանկարի առկայությունը և համապատասխանությունը ներկայացնողին, հետևել, որպեսզի անցագրերը ժամկետանց չլինեն, իսկ մեկանգամյա անցագրերի վրա այցելուի դուրս գալու ժամանակ լինի անցագիրը տվող անձի նշումը.
- որևէ ունեցվածքի դուրսբերման կամ ներկրման ժամանակ նյութական բեռնագրով ստուգել` ինչ և ինչ քանակությամբ է թույլատրված անցկացնել, բաց թողնել միայն ուղեգրեր ունեցող մեքենաները.
- հսկիչ-անցագրային կետի հերթապահին զեկուցել ժամկետանց անցագիր ունեցող, ինչպես նաև այն անձանց մասին, որոնց փաստաթղթերի իսկությանն ինքը կասկածում է.
- հսկիչ-անցագրային կետի հերթապահին անհապաղ զեկուցել գնդի հրամանատարի, նրա տեղակալների, ինչպես նաև այլ զորամասերի սպաների ժամանման մասին:

Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահը

Հոդված 304. Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահը նշանակվում է սերժանտներից (ջոկերի, անձնակազմերի հրամանատար ենթասպաներից) և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին:
Գումարտակի հերթապահը գումարտակում ներքին ծառայության կարգով ենթարկվում է գումարտակի հրամանատարին, իսկ գնդի ապահովման ստորաբաժանումների հերթապահը` ստորաբաժանումներից մեկի հրամանատարին, որը գնդի հրամանով այդ ստորաբաժանումների ավագ է նշանակված:
Գումարտակի (գնդի ապահովման ստորաբաժանումների) հերթապահն իր պարտականությունները կատարում է վաշտի հերթապահի պարտականություններին համապատասխան: Ընդ որում, ապահովման բոլոր ստորաբաժանումների անձնակազմերի ուղղակի պետերի, գնդի հերթապահի, տեսչական ստուգումը անցկացնող անձանց, ինչպես նաև ներքին ծառայության կարգով իր վերադասի` գունդ ժամանելուն պես ապահովման ստորաբաժանումների հերթապահը պարտավոր է արձակել «Զգա´ստ» հրամանը և զեկույց տալ, եթե այդ ժամանակ գնդի տեղակայման սահմաններից բացակայում են ծառայողական դիրքով բարձր պետերը:

Հոդված 305. Գնդի մյուս ստորաբաժանումներից անջատ (առանձին) տեղակայված գումարտակում գումարտակի հերթապահը կարող է նշանակվել սպաներից և ենթասպաներից: Այդ դեպքում իր պարտականությունները նա կատարում է գնդի հերթապահի պարտականություններին համապատասխան:

Վաշտի հերթապահը

Հոդված 306. Վաշտի հերթապահը նշանակվում է սերժանտներից և, որպես կանոն, առավել պատրաստված զինվորներից: Նա պատասխանատու է օրվա կարգուկանոնի ճշգրիտ կատարման և վաշտում ներքին կարգուկանոնի պահպանման համար, զենքի, զինամթերքի արկղերի, վաշտի ունեցվածքի, զինվորների և սերժանտների անձնական իրերի անվտանգության և օրապահների կողմից ծառայության ճիշտ կատարման համար: Վաշտի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին և նրա օգնականին, իսկ վաշտի ներքին ծառայության կարգով` վաշտի հրամանատարին և վաշտի ավագին: Նա վաշտի նույն կամ ավելի ցածր զինվորական կոչում ունեցող բոլոր զինծառայողների պետն է:

Հոդված 307. Հերթափոխումից առաջ վաշտի նոր հերթապահը ստուգում է վաշտի օրվա վերակարգի կազմը, զննում այն և ներկայացնում վաշտի ավագին: Վաշտի ավագի կատարած զննումից, իրենց պարտականությունների իմացության ստուգումից և գործնական պարապմունքների անցկացումից հետո վաշտի հերթապահը հին հերթապահից տեղեկություններ է ստանում մարդկանց առկայության ու բաշխման մասին և օրվա վերակարգը տանում հերթափոխման:
Հերթափոխումից հետո նոր հերթապահը հին հերթապահի հետ ստուգում և ըստ ցուցակի ընդունում է զենքը, զինամթերքի արկղերն ու նրանց վրայի կնիքները, ունեցվածքը, ստուգում է հրդեհամարիչ և ծանուցիչ միջոցների առկայությունն ու սարքինությունը, որից հետո հերթապահները ստորագրում են հերթապահության հանձնման և ընդունման գրքում (Հավելված 12):
Զենքն ընդունվում է հատ-հատ, ըստ համարների և լրակազմով:
Ընդ որում` ստուգվում է կողպեքների, պահպանման ազդանշանիչների, պահարանների կնիքների և այլ սարքավորումների սարքինությունը:
Ընդունելով հերթապահությունը` նոր հերթապահը հին հերթապահի հետ միասին հերթապահության հանձնման և ընդունման մասին զեկույցով ներկայանում են վաշտի հրամանատարին, նրա բացակայությամբ` վաշտի հրամանատարի տեղակալին, իսկ վերջինիս բացակայելու դեպքում` վաշտի ավագին:
Օրինակ` «Պարոն կապիտան, սերժանտ Ստեփանյանը վաշտի հերթապահությունը հանձնել է»: «Պարոն կապիտան, կրտսեր սերժանտ Կարապետյանը վաշտի հերթապահությունն ընդունել է»:
Այնուհետև վաշտի նոր հերթապահը հայտնում է հերթափոխման ժամանակ գնդի հերթապահի արած բոլոր դիտողություններն ու տված ցուցումները, ինչպես նաև հերթապահության ընդունման ժամանակ հայտնաբերված անսարքությունների կամ թերհանձնման մասին:

Հոդված 308. Վաշտի հերթապահը պարտավոր է`
- տագնապի ազդարարման ժամանակ իրականացնել անձնակազմի վերկացը, ծանուցել վաշտի սպաներին, ենթասպաներին և պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, մինչև նրանց վաշտ ժամանելը կատարել գնդի հերթապահի ցուցումները.
- հետևել վաշտում օրվա կանոնակարգի ճիշտ կատարմանը, սահմանված ժամերին կատարել անձնակազմի ընդհանուր վերկացը.
- գիտենալ վաշտի գտնվելու վայրը և նրան կանչելու կարգը, վաշտում մարդկանց առկայությունը, վերակարգում գտնվողների, հիվանդների, կալանավորների, գնդի դիրքավորումից արձակվածների կամ խմբերի կազմում ուղարկվածների թիվը, ինչպես նաև զենքի առկայությունն ու ճշգրիտ ծախքը.
- զենքը, բացի ատրճանակներից, բաց թողնել միայն վաշտի հրամանատարի կամ ավագի հրամանով` այդ մասին գրառումներ կատարելով զենքի և զինամթերքի բացթողման գրքում (Հավելված 12), զենքի ընդունման ժամանակ ստուգել համարներն ու լրակազմը, մշտապես իր մոտ ունենալ և ոչ ոքի չփոխանցել զենքի պահասենյակի բանալիները.
- վաշտում որևէ պատահարի և վաշտի զինվորների կամ սերժանտների միջև փոխհարաբերությունների կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես զեկուցել գնդի հերթապահին և վաշտի հրամանատարին կամ նրա տեղակալին, իսկ վերջիններիս բացակայությամբ` վաշտի ավագին.
- հետևել վաշտի հրդեհամարիչ միջոցների և զենքի պահասենյակների պահպանման ազդանշանիչների առկայությանն ու սարքին վիճակին, վաշտում հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը (ծխելը թույլատրել միայն դրա համար հատկացված հատուկ տեղերում, համազգեստի չորացումը` միայն չորանոցներում, վառարանները վառելու և լամպերն օգտագործելու կանոնների կատարմանը).
- գնդի հերթապահի հրամանով փականքներով կողպել զորանոցի դռները, իսկ այցելուներին ներս թողնել ազդանշանիչի զանգով` նախապես ծանոթանալուց հետո.
- հրդեհի բռնկման դեպքում հրշեջ խումբ կանչել, միջոցներ ձեռնարկել այն մարելու համար և անհապաղ զեկուցել գնդի հերթապահին ու վաշտի հրամանատարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել վտանգի ենթակա մարդկանց զենքը և ունեցվածքը շինություններից դուրս բերելու ուղղությամբ.
- ժամանակին փոխել օրապահներին, աշխատանքի նշանակված ստորաբաժանումներն ու տարբեր խմբերը վաշտի ավագի հրամանով ուղարկել աշխատանքի, բոլոր հիվանդներին և բուժքննության ենթակա անձանց ուղարկել բուժկետ.
- նշանակված ժամին շարել գնդի տեղակայման տարածքից արձակվողներին, այդ մասին զեկուցել վաշտի ավագին և նրա հրամանով դրանց ներկայացնել գնդի հերթապահին.
- ծառայողական գործերով վաշտի շինությունից դուրս գալիս, ինչպես նաև իր հանգստի ժամանակ իր պարտականությունների կատարումը հանձնարարել ազատ հերթափոխի օրապահներից մեկին.
- երեկոյան ստուգումից (անվանականչից) հետո վաշտի ավագից տեղեկություններ ստանալ բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայողների առկայության դեպքում ստանալ նրանց ազգանունները, անուններն ու հայրանունները և զեկուցել գնդի հերթապահին:
Օրինակ` «Պարոն կապիտան, առաջին տանկային վաշտում ստուգումն (անվանականչն) անցկացված է, բոլորը ներկա են, բացի արձակուրդում գտնվող երկու և վերակարգում գտնվող երեք հոգուց: Վաշտի հերթապահ սերժանտ Բաղդասարյան»:
- վերկացից հետո կապի տեխնիկական միջոցներով գնդի հերթապահին զեկուցել վաշտի անձնակազմի ներկայության (առկայության) և գիշերվա ընթացքում տեղի ունեցած պատահարների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել արձակումից ուշացածների և ինքնակամ բացակայողների ցուցակները.
- հետևել վաշտի շինությունների խնամքով մաքրմանն ու պահպանմանը, դրանցում օդի սահմանված ջերմաստիճանի պահպանմանը, շինությունների լուսավորման կարգի պահպանմանը, ջեռուցմանը, օդափոխմանը, բակերում խմելու ջրի և լվացարաններում ջրի առկայությանը, ինչպես նաև վաշտին կցված տարածքի մաքրմանը.
- վաշտի անձնակազմի սնվելու ժամանակ ճաշարանում կարգուկանոն պահպանել, վաշտի ավագի ցուցումով ժամանակին հայտեր ներկայացնել ճաշարանի հերթապահին` կերակուր պահելու այն անձանց համար, ովքեր վերակարգում են գտնվում կամ բացակայում են ծառայողական այլ գործերով.
- անմիջական պետերի` սկսած վաշտի հրամանատարից և ավելի բարձր, գնդի հերթապահի, ինչպես նաև տեսչական ստուգումներ անցկացնող անձանց` վաշտ ժամանելու դեպքում արձակել «Զգա´ստ» հրամանը, զեկույց տալ և ուղեկցել նրանց վաշտի տարածքում:
Օրինակ` «Պարոն մայոր, իմ հերթապահության ընթացքում պատահարներ չենք ունեցել (տեղի է ունեցել այս, այն): Վաշտը պարապում է հրաձգարանում: Վաշտի հերթապահ` սերժանտ Վարդանյան»:
Մյուս սպաներին, ենթասպաներին և վաշտի ավագին հերթապահը զեկույց չի տալիս, այլ միայն ներկայանում է:
Ուրիշ վաշտերի սպաների ժամանման դեպքում վաշտի հերթապահը ներկայանում է նրանց և ուղեկցում վաշտի հրամանատարի մոտ:
Եթե ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է վաշտի հրամանատարը և զեկուցում նրան, վաշտի ներկա գտնվող հերթապահը զեկույց չի տալիս, այն միայն ներկայանում է:

Հոդված 309. Բնակավայրերում տեղակայվելու դեպքում վաշտի հերթապահը, բացի այդ, հետևում է, որպեսզի զինվորներն ու սերժանտները դուրս չգան վաշտի տեղակայման շրջանից, չմտնեն արգելված վայրեր, փողոցում գտնվելիս հագնված լինեն սահմանված կարգով և պահպանեն հասարակական կարգը: Կարգի խախտումներ թույլ տվածներին վաշտի հերթապահը բռնում է և ուղարկում վաշտի ավագի մոտ:

Վաշտի օրապահը

Հոդված 310. Վաշտի օրապահը նշանակվում է զինվորներից: Նա պատասխանատու է իր հսկողության տակ գտնվող զենքի, ատրճանակների պահարանների (արկղերի), զինամթերքի արկղերի, վաշտի ունեցվածքի, զինվորների և սերժանտների անձնական իրերի պահպանման համար: Վաշտի օրապահը ենթարկվում է վաշտի հերթապահին:

Հոդված 311. Վաշտի հերթական օրապահը ծառայությունը կատարում է զորանոցի շինության ներսում` մուտքի դռան մոտ, զենքի պահասենյակի մոտակայքում:
Նա պարտավոր է`
- վաշտի շինությունից չհեռանալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, մշտապես հսկել զենքի պահասենյակը.
- կողմնակի անձանց ներս չթողնել, ինչպես նաև թույլ չտալ առանց վաշտի հերթապահի թույլտվության զորանոցից դուրս բերել զենք, զինամթերք, ունեցվածք և այլ իրեր.
- վաշտի հերթապահին անհապաղ զեկուցել վաշտում տեղի ունեցած բոլոր պատահարների, վաշտի զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` կանոնադրություններով սահմանված կանոնների խախտումների, նկատված անսարքությունների և հրդեհային անվտանգության պահանջների խախտումների մասին, միջոցներ ձեռնարկել դրանց վերացման համար.
- ընդհանուր վերկացի ժամանակ արթնացնել անձնակազմը, ինչպես նաև գիշերը տագնապի կամ հրդեհի դեպքում ժամանակին կարգադրություններ անել ըստ օրվա կանոնակարգի.
- շինություններում հետևել մաքրությանն ու կանոնակարգին, զինծառայողներից պահանջել դրանց պահպանումը.
- զինծառայողներին թույլ չտալ ցուրտ եղանակներին, հատկապես գիշերը, չհագնված դուրս գալ շինություններից.
- հետևել, որ զինծառայողները ծխեն, կոշիկներն ու հագուստը մաքրեն դրա համար հատկացված շինություններում կամ տեղերում.
- անմիջական պետերի` սկսած վաշտի հրամանատարներից և ավելի բարձր, և գնդի հերթապահի` վաշտ ժամանելու դեպքում տալ «Զգա´ստ» հրամանը.
- վաշտի մյուս սպաների, ինչպես նաև վաշտի ավագի և ուրիշ վաշտերի զինծառայողների` վաշտ ժամանելու դեպքում կանչել հերթապահին: Օրինակ` «Վաշտի հերթապահ, դուրս գալ»:
Հերթական օրապահին արգելվում է նստել, հանել հանդերձանքը և արձակել հագուստի կոճակները:
Ազատ հերթափոխի օրապահը պարտավոր է մաքրություն և կարգ պահպանել վաշտի շինություններում ու ոչ մի տեղ չգնալ առանց վաշտի հերթապահի թույլտվության, օգնել նրան կարգուկանոն հաստատելու զինվորների և սերժանտների միջև փոխհարաբերությունների` զինվորական կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում, վաշտի հերթապահին փոխարինելիս կատարել նրա պարտականությունները:

Հոդված 312. Բնակավայրերում վաշտը բնակարաններում տեղավորելու դեպքում օրապահներից մեկը պարտավոր է անբացակա կերպով գտնվել փողոցում` վաշտի հրամանատարի որոշած և վատ եղանակին պաշտպանվելու համար ծածկով սարքավորված տեղում:
Օրապահը պարտավոր է մշտապես գիտենալ վաշտի հերթապահի գտնվելու վայրը և հետևել զինծառայողների հասարակական կարգի և զինվորական համազգեստը կրելու կանոնների պահպանմանը: Նկատված բոլոր խախտումների մասին նա զեկուցում է վաշտի հերթապահին:

Ճաշարանի հերթապահը

Հոդված 313. Ճաշարանի հերթապահը նշանակվում է ենթասպաներից կամ սերժանտներից: Նա պատասխանատու է պահեստից մթերքի ստացման ճշտության, դրանք կաթսայի մեջ լրիվ դնելու, կերակուրը սահմանված չափաբաժիններով ժամանակին բաժանելու, խոհանոցային գույքի և ամանեղենի անվնասության, ինչպես նաև ճաշարանի սանիտարահիգիենիկ վիճակի և դրանում կարգուկանոնի պահպանման համար: Ճաշարանի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին, գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին և գնդի պարենային ծառայության պետին: Նրան են ենթարկվում ճաշարանում աշխատելու համար նշանակված օրվա վերակարգը և խոհարարները:

Հոդված 314. Ճաշարանի նոր հերթապահը սահմանված ժամին հրահանգներ է ստանում գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալից իսկ նրա բացակայության դեպքում` պարենային ծառայության պետից:
Հերթափոխումից առաջ ճաշարանի նոր հերթապահը ստուգում է վերակարգի կազմը, լրացնում է ճաշարանի օրվա վերակարգի տեղեկագիրը և վերակարգը ներկայացնում բժշկական քննության: Հերթափոխումից հետո նա ցուցակով ընդունում է փաստաթղթերը (Հավելված 10), խոհանոցային գույքը և ամանեղենը, ստուգում տեխնոլոգիական սարքավորման սարքինությունը, աշխատանքի բաժանում կատարում ճաշարանի վերակարգի անձնակազմերի զինվորների միջև, անցկացնում անվտանգության պահանջների վերաբերյալ նրանց հրահանգավորումը:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին ճաշարանի հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալին կամ գնդի հերթապահին:

Հոդված 315. Ճաշարանի հերթապահը պարտավոր է`
- գիտենալ բավարարման ցուցակում գրանցվածների թիվը և ճաշացուցակ-բաշխումը.
- վերահսկել հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) պահեստից մթերքների ստացումը, դրանց քաշը և լավորակ լինելը, մթերքի որակը որոշելու համար անհրաժեշտության դեպքում կանչել բժշկին կամ բուժակին.
- հետևել մթերքի մշակմանը, ինչպես նաև այն բանին, որ մսի և ձկան մշակումը, պատրաստի կերակրի բացթողումը կատարեն միայն խոհարարները.
- ներկա գտնվել մթերքը կաթսայի մեջ դնելուն և հետևել, որ նախատեսված մթերքը կաթսայի մեջ դրվի ճիշտ քաշով.
- ներկա գտնվել միսն ու ձուկը չափաբաժինների բաժանելիս, ստուգել դրանց զանգվածը, ինչպես նաև պատրաստված կերակրի որակը վերահսկողության հաշվառման գրքում հրահանգիչ խոհարարի (ավագ խոհարարի) գրանցումների ճշտությունը.
- բուժքննություն չանցած զինվորներին թույլ չտալ ճաշարանում աշխատելու, հետևել աշխատանքի ժամանակ հիգիենայի կանոնների պահպանմանը.
- ճաշարանում մաքրություն և կարգուկանոն պահպանել, անձնակազմին թույլ չտալ նստելիս ճաշարանում գտնվել գլխարկներով, շինելներով և հատուկ (աշխատանքային) հագուստով.
- հետևել սեղաններին ժամանակին սպասքադրմանն ու հավաքմանը, կազմակերպել ճաշարանախոհանոցային ամանեղենի որակով լվացումը, թույլ չտալ այն դուրս բերել ճաշարանից.
- չթույլատրել կերակրի բացթողումը առանց բժշկի (բուժակի) կողմից նրա որակի ստուգման և գնդի հերթապահի թույլտվության, հետևել կերակրի` ժամանակին և ճիշտ բաշխմանը և ստորաբաժանումներին նրա բացթողման հերթականության ճշգրիտ պահպանմանը.
- պահանջել, որ մթերքի պաշարները պահվեն մաքուր և կարգին, ապահովվի դրանց հուսալի պահպանումը.
- վաշտերի ավագների կամ վաշտերի (գումարտակների, ապահովման ստորաբաժանումների) հերթապահների հայտերով կերակուր բաց թողնել` չթույլատրելով այն սահմանված ժամկետներից երկար պահել.
- կազմակերպել մթերքի մշակումից հետո մնացորդները ժամանակին հավաքելը և հետևել ճաշարանին հարակից տարածքի մաքրությանը.
- կողմնակի անձանց ճաշարան չթողնել.
- ապահովել հրդեհային անվտանգության և տեխնոլոգիական սարքավորման շահագործման ժամանակ անվտանգության պահանջների կատարումը.
- բոլոր թերությունների մասին զեկուցել գնդի հերթապահին կամ նրա օգնականին.
- անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարի տեղակալներից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի և նրա օգնականի` ճաշարան այցելելու դեպքում ներկայանալ նրանց:
Օրինակ` «Պարոն գնդապետ: Ճաշարանի հերթապահ` ենթասպա Բարսեղյան»:

Բուժկետի հերթապահ բուժակը, սանհրահանգիչը

Հոդված 316. Բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը) պատասխանատու է բուժկետում ներքին կարգուկանոնի համար, իսկ բժշկի բացակայության դեպքում` նախնական բուժօգնություն ցույց տալու համար: Նա ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին և գնդի բուժկետի պետին: Նրան ենթարկվում են բուժկետի օրապահները:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են բուժկետի պետին:

Հոդված 317. Բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը) պարտավոր է`
- գտնվել բուժկետում, ծառայողական գործերով դուրս գալիս իր փոխարեն թողնել բուժկետի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում.
- գիտենալ բուժկետում ստացիոնար բուժման մեջ գտնվող հիվանդների թիվը, նրանց հիվանդության բնույթը, հիվանդներից յուրաքանչյուրին նշանակված բուժումը և սնունդը, կատարել բժշկի նշանակումները.
- ճաշարանի հերթապահի կանչով ճաշարան գնալ` որոշելու ճաշարանին տրվող մթերքի որակը (լավորակ լինելը).
- նախքան բուժական ընդունելությունն սկսելը առանձնացնել (ընտրել) ընդունելության համար գրանցված զինծառայողների բուժգրքույկները և չափել հիվանդների ջերմությունը.
- հանկարծակի հիվանդացած զինծառայողների` բուժկետ ընդունվելու դեպքում նախնական բժշկական օգնություն ցույց տալ նրանց և զեկուցել բուժկետի պետին.
- վաշտի հերթապահի կամ գնդի հերթապահի կանչով անհապաղ ներկայանալ հիվանդի (հիվանդացածի) մոտ` նրան օգնություն ցույց տալու, իսկ անհետաձվելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդացածին անհապաղ ուղարկել բուժկետ և զեկուցել բժշկին.
- կատարել արձակուրդից, գործուղումից վերադարձողների, ճաշարանում վերակարգ նշանակվողների, ինչպես նաև ուղերթից առաջ` վարորդների բուժզննում.
- բուժկետի օրապահներից պահանջել մանրազնին հսկողություն և խնամք հիվանդների նկատմամբ.
- հետևել հիվանդների համար նախատեսված սննդի որակի և նրա ժամանակին բաշխմանը բուժկետի (շենքի) մաքրմանն ու ախտահանմանը, ջերմաստիճանին ու օդափոխմանը.
- հերթապահությունն ընդունելիս` ստացականով ընդունել թունավոր և թմրեցուցիչ դեղանյութերը և այն պահարանների բանալիները, որոնցում դրանք պահվում են.
- հերթապահությունն ընդունելուց հետո գնդի հերթապահին տեղեկություններ տալ բուժկետում բուժման մեջ գտնվող հիվանդների թվի մասին.
- բուժկետ այցելած անմիջական պետերին` սկսած բուժկետի պետից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահին ու նրա օգնականին ներկայանալ:
Օրինակ` «Պարոն մայոր, հերթապահ բուժակ` ենթասպա Հարությունյան»:
Ներկայանալուց հետո հերթապահ բուժակը եկողին զեկուցում է բուժկետում հիվանդների առկայության և նրանց վիճակի մասին:
Բուժկետի օրապահ:

Հոդված 318. Բուժկետի օրապահը նշանակվում է սանիտարներից և ենթարկվում է հերթապահ բուժակին (սանհրահանգչին): Եթե բուժծառայության հաստիքում չկա սանիտարի պաշտոն, բուժկետի օրապահը նշանակվում է առողջացող (ապաքինվող) զինվորներից:
Նա պարտավոր է`
- հերթապահ բուժակի (սանհրահանգչի) ցուցումով և նրա հսկողությամբ անցկացնել ընդունվող հիվանդների սանմշակումը.
- ընդունել և ախտահանման նախապատրաստել հիվանդների անձնական իրերը.
- սպասարկել հիվանդներին, նրանց մատուցել սնունդ և ջուր.
- մաքրել (կարգի բերել) բուժկետի շենքը.
- հետևել բուժկետում ներքին կարգուկանոնի պահպանմանը:

Գնդի շտաբի հերթապահ

Հոդված 319. Գնդի շտաբի հերթապահը նշանակվում է գնդի վարչության ենթասպաներից և սերժանտներից: Նա պատասխանատու է շտաբի ծառայողական սենյակների պահպանման, շտաբի շենքի մաքրության, ցրիչների (թղթատարների) ծառայության ճիշտ կատարման, թղթակցության և հեռախոսագրերի ժամանակին ընդունման համար: Գնդի շտաբի հերթապահը ենթարկվում է գնդի հերթապահին, նրա օգնականին և գնդի շտաբի պետին:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին հին և նոր հերթապահները զեկուցում են գնդի շտաբի պետին և գնդի հերթապահին:

Հոդված 320. Գնդի շտաբի հերթապահը պարտավոր է`
- ընդունել թղթակցությունը ոչ աշխատանքային ժամերին.
- ընդունել և հաղորդել ծառայողական հեռախոսագրերը.
- ղեկավարել ցրիչներին (թղթատարներին).
- մշտապես ներկա լինել շտաբի շենքում, այնտեղ պահպանել մաքրություն ու կարգուկանոն, կողմնակի անձանց շտաբի շենք մտնելու թույլտվություն տալ գնդի հրամանատարի սահմանած կարգով.
- տագնապի ազդարարման դեպքում անմիջապես տեղեկացնել բոլոր սպաներին, ենթասպաներին, պայմանագրային ծառայության զինծառայողներին ու գնդի վարչության կին զինծառայողներին.
- պահպանության տակ առնել ծառայողական սենյակները և պահել դրանց բանալիները.
- հետևել վառարանները վառելու կանոնների կատարմանը, իսկ աշխատանքային օրվա վերջում անցկացնել գնդի շտաբի շենքի զննում հակահրդեհային առումով.
- հրդեհի առաջացման դեպքում կանչել հրշեջ խումբ, այն հանգցնելու և փաստաթղթերն ու շտաբի ունեցվածքը փրկելու միջոցներ ձեռնարկել, այդ մասին անհապաղ զեկուցել գնդի հերթապահին և գնդի շտաբի պետին.
- գնդի շտաբի պետի և գնդի հրամանատարի մյուս տեղակալների ու նրանցից բարձր պետերի, ինչպես նաև զորամասերի սպաների` գնդի շտաբ գալու դեպքում ներկայանալ նրանց.
Օրինակ` «Պարո´ն մայոր: Գնդի շտաբի հերթապահ` սերժանտ Պետրոսյան»:

Հրշեջ վերակարգ

Հոդված 321. Հրշեջ վերակարգը նշանակվում է գնդի արտահաստիքային հրշեջ խմբից հետևյալ կազմով` վերակարգի պետ, վարորդներ և մարտական անձնակազմի մարտիկներ ըստ հաստատված հրշեջ մեքենաների կամ այլ ավտոմեքենաների (պոմպ) քանակի, պահակներ ըստ հրշեջ պահակակետերի քանակի: Հրշեջ վերակարգը ենթարկվում է գնդի հերթապահին և հրշեջ խմբի պետին:

Հոդված 322. Հրշեջ վերակարգը պարտավոր է`
- հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը բոլոր ստորաբաժանումների շինություններում և գնդի ողջ տարածքում.
- հրշեջ - պահակային ծառայություն կատարել ըստ պահակակետերի ցանկի.
- հետևել օբյեկտներում հրշեջ միջոցների սարքինությանը.
- օբյեկտների փակումից առաջ պահեստարանների, պահեստների պետերի և հավաքակայանի հերթապահի հետ համատեղ ստուգել հրշեջ անվտանգության պահանջների կատարումը և էլեկտրական ցանցերի անջատումը, այդ կանոնների պահպանման դեպքում նրանց հանձնել հրշեջ մետաղանիշեր (ժետոններ).
- պահակակետերի ցուցակով սահմանված ժամկետներում գնդի հերթապահին զեկուցել գնդում հրդեհային անվտանգության պահանջների կատարման մասին.
- հրդեհի դեպքում մասնակցել այն մարելուն:
Հերթապահության հանձնման և ընդունման մասին հրշեջ վերակարգի հին և նոր պետերը զեկուցում են գնդի արտահաստիքային հրշեջ խմբի պետին և գնդի հերթապահին:
Հրշեջ վերակարգն ապահովվում է հրդեհաշեջ անհրաժեշտ միջոցներով, իսկ հրշեջ ավտոմեքենաների (պոմպերի) մարտական անձնակազմերում ծառայող զինծառայողները` հատուկ անջրանցիկ գործվածքից բաճկոններով ու տաբատներով, գոտիներով և պողպատե սաղավարտներով:

Հերթապահ փողհար-թմբկահարը

Հոդված 323. Հերթապահ փողհար-թմբկահարը նշանակվում է ստորաբաժանումների պատրաստված զինվորներից և ենթարկվում է գնդի հերթապահին ու նրա օգնականին: Նա պարտավոր է գտնվել գնդի հերթապահի սենյակի մոտակայքում և ազդանշաններ տալ գնդի հերթապահի կամ նրա օգնականի հրամանով:
Փողհար-թմբկահարի բացակայության դեպքում ազդանշաններ տալու համար կարող են օգտագործվել ձայնագրության վերարտադրման տեխնիկական միջոցներ:

Գ Լ ՈՒ Խ  7

ՎԵՐԿԱՑ ՏԱԳՆԱՊՈՎ

Հոդված 324. Գնդի տագնապով վերկացը անցկացնում են այն հրամանատարները (պետերը), որոնց այդ իրավունքը տվել է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը (նախարարը):
Տագնապները լինում են մարտական և ուսումնական:

Հոդված 325. Մարտական տագնապով գնդի վերկացն անցկացվում է մարտական խնդիրների կատարման նախապատրաստման նպատակով: Ընդ որում, դուրս է բերվում գնդի ողջ անձնակազմը` իր ամբողջ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով և այլ նյութական միջոցներով:

Հոդված 326. Մարտական տագնապով գնդի վերկացի կարգը սահմանվում է գնդի հրամանատարի անմիջական ղեկավարությամբ շտաբի մշակած և ավագ հրամանատարի հաստատած պլանով: Դրանում պետք է նախատեսված լինի`
ով իրավունք ունի մարտական տագնապ հայտարարել, ստորաբաժանումների ծանուցման, ինչպես նաև սպաների, ենթասպաների պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների տեղեկացման ու հավաքի կարգը,
գնդի հերթապահի և օրվա վերակարգի այլ անձանց գործողությունները տագնապի ազդարարման ժամանակ,
գնդի հավաքի շրջանը, ստորաբաժանումների հավաքակետերը և անձնակազմի դուրս գալու ու ռազմական տեխնիկայի դուրսբերման կարգը,
գնդի կենտրոնացման շրջանները և նրանց ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերը, ինչպես նաև ելագիծը (մեկնակետը), երթուղիները և գնդի տեղաբաշխման կարգը,
գնդի համակողմանի ապահովման միջոցառումները,
գնդի` տագնապով վերկացի, տեղաշարժման ժամանակ և կենտրոնացման շրջանում ղեկավարման ու կապի կազմակերպումը,
մարտական դրոշի դուրսբերման կարգը,
զինամթերքի, պարենի և նյութական այլ միջոցների դուրսգրման, ինչպես նաև դրանց բեռնման և կենտրոնացման շրջաններ դուրս բերելու կարգը,
պարետային ծառայության կազմակերպումը հավաքի և կենտրոնացման շրջաններ դուրս գալիս:

Հոդված 327. Ուսումնական տագնապով գնդի վերկացն անցկացվում է մարտական տագնապով գործողություններին նախապատրաստելու նպատակով, գունդը (ստորաբաժանումը) զինավարժությունների դուրս բերելու ժամանակ, տարերային աղետի դեպքում, հրդեհի մարման և այլ խնդիրների լուծման համար: Ընդ որում գունդը (ստորաբաժանումը) գործում է ինչպես մարտական տագնապի դեպքում, նախատեսված սահմանափակումներով:

Հոդված 328. Բոլոր զինծառայողները պետք է հաստատապես իմանան տագնապի դեպքում գնդի (ստորաբաժանման) գործողությունների կարգի իրենց վերաբերող մասը:
Բոլոր դեպքերում տագնապի ազդարարման ժամանակ անձնակազմը պետք է գործի արագ և կազմակերպված` պահպանելով քողարկումը:

Գ Լ ՈՒ Խ  8

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ

Ընդհանուր դրույթներ

Հոդված 329. Զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը, ֆիզիկական զարգացումը իրենց զինվորական պարտքի կատարմանը նրանց նախապատրաստման կարևոր և անբաժան մասն է: Հրամանատարի (պետի) հոգածությունը ենթակաների առողջության նկատմամբ նրա հիմնական պարտականություններից մեկն է զորամասի (ստորաբաժանման) կայուն մարտական պատրաստության ապահովման ուղղությամբ նրա գործունեության մեջ:

Հոդված 330. Զինծառայողների առողջության պահպանումն ու ամրապնդումը իրագործում են. հրամանատարները` (պետերը) ծառայության և կենցաղի պայմանների առողջացման միջոցառումների անցկացումով,
նրանց պարբերական կոփումով, ֆիզիկական պատրաստությամբ և մարզական կանոնավոր պարապմունքներով,
սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային և բուժկանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ:

Զինծառայողների ծառայության և կենցաղի պայմանների առողջացումը

Հոդված 331. Զինծառայողների ամենօրյա գործունեությունը ցանկացած իրադրության մեջ պետք է իրագործվի զինվորական կանոնադրությունների ու նրանց ծառայության ու կենցաղի պայմանների առողջացման հրահանգների պահանջների պահպանումով: Ընդ որում, հաշվի են առնվում իրականացվող խնդիրների առանձնահատկությունները, զորամասի տեղաբաշխման շրջանի կլիմայական պայմանները, բնապահպանական իրավիճակը, նյութական ապահովման և զորանոցային-բնակարանային ֆոնդի վիճակը:

Հոդված 332. Զինծառայողների ծառայության և կենցաղի պայմանների առողջացման ուղղությամբ հրամանատարների (պետերի) գործունեության հիմնական ուղղություններն են.
անվտանգության անհրաժեշտ պահանջների հաստատումը, զինծառայողներին ժամանակին հասցնելը, դրանց կատարման ապահովումը,
զինծառայողների տեղավորման, նրանց սննդի կազմակերպման, ջրամատակարարման և նյութական-կենցաղային ապահովման ձևերի մասին զինվորական կանոնադրության պահանջների ու սանիտարական նորմերի խիստ կատարումը,
օրվա կանոնակարգի և աշխատաժամանակի բաշխման ճշգրիտ կատարման կազմակերպումը,
բավարարման սահմանված նորմերը յուրաքանչյուր զինծառայողին ժամանակին և լրիվ հասցնելը,
զինծառայողների առողջության վրա վնասակար գործոնների ազդեցության վերացումը կամ նվազեցումը մինչև հաստատված սահմանը, զորամասերի (ստորաբաժանման) տեղակայման շրջանում բնապահպանական իրավիճակի առողջացման միջոցառումների անցկացումը:

Զինծառայողների կոփումը, ֆիզիկական պատրաստությամբ և սպորտով զբաղվելը

Հոդված 333. Զինծառայողների կոփումը, ֆիզպատրաստությամբ և սպորտով զբաղվելը իրականացվում է շրջապատող միջավայրի ֆիզիկական գործոնների զանազան կտրուկ փոփոխությունների, զինծառայության առանձնահատկությունների և մարտական խնդիրների կատարման հետ կապված պայմանների նկատմամբ նրանց օրգանիզմի տոկունության բարձրացման նպատակով:

Հոդված 334. Զինծառայողների կոփման միջոցառումներն անցկացնում են նրանց հրամանատարները բուժծառայության պետի և ֆիզպատրաստության ու սպորտի պետի սիստեմատիկ հսկողությամբ:
Այդ միջոցառումների պլանավորման ժամանակ հաշվի են առնվում զինծառայողների առողջական վիճակը, տարիքը, տեղանքի կլիմայական պայմանները:

Հոդված 335. Զինծառայողների կոփումը պետք է անցկացվի սիստեմատիկաբար և անընդհատ` ջրային, արեգակնային և օդային գործոնների համալիր օգտագործման ճանապարհով, դրանք զուգակցելով ֆիզպատրաստության և մարզական պարապմունքների հետ:
Զինծառայողների կոփման հիմնական միջոցներն են.
ամենօրյա բացօթյա ֆիզիկական վարժությունները,
մինչև գոտկատեղ սառը ջրով լվացումը կամ կարճատև սառը ցնցուղի ընդունումը,
կոկորդի ողողումը սառը ջրով, ինչպես նաև քնելուց առաջ ոտքերը սառը ջրով լվանալը,
ձմռանը դահուկային մարզումների և պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով,
ամռանը մարզական-զանգվածային միջոցառումների և պարապմունքների անցկացումը, որոշ աշխատանքների կատարումը թեթև հագուստով,
ամռանը մարզական-զանգվածային միջոցառումների և պարապմունքների անցկացումը թեթև հագուստով, արևի լոգանքի ընդունումը և լողը բաց ջրամբարներում` պարապմունքներից ու աշխատանքից ազատ ժամանակ և հանգստյան օրերին:

Հոդված 336. Սպորտի և ֆիզիկական պատրաստության պարապմունքները իրականացվում են առավոտյան մարզանքի, ուսումնական պարապմունքների, մարզական-զանգվածային աշխատանքների ժամանակ, զինծառայողների ուսումնամարզական գործունեության, ինչպես նաև ինքնուրույն մարզումների ընթացքում:
Պարապմունքների ժամանակ կատարվում են ֆիզիկական վարժություններ մարզումների զանազան ձևերի օգտագործումով և ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ տարբեր չափաքանակով զինված ուժերի տիպին և զորատեսակին զինծառայողների պատկանելիության, նրանց տարիքի և առողջական վիճակի հաշվառումով:
Մարզական պարապմունքներն անցկացվում են մարզական սեկցիաներում և թիմերում օրվա կանոնակարգում և ծառայաժամանակի բաշխումով սահմանված ժամկետում:

Սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումները

Հոդված 337. Յուրաքանչյուր զինծառայող պետք է հոգ տանի իր առողջության պահպանման համար, չթաքցնի հիվանդությունները, խիստ պահպանի անձնական և հասարակական հիգիենայի կանոնները, զերծ մնա վնասակար սովորություններից (ծխելուց, ալկոհոլի և թմրադեղերի օգտագործումից):

Հոդված 338. Անձնական հիգիենայի կանոնների կատարումը ներառում է.
առավոտյան լվացվելը, ատամների մաքրելը,
ուտելուց առաջ ձեռքերը լվանալը,
քնելուց առաջ լվացվելը, ատամները մաքրելը և ոտքերը լվանալը,
ժամանակին սափրվելը, մազերը և եղունգները կտրելը,
ամեն շաբաթ բաղնիքում լողանալը` ներքին և անկողնու սպիտակեղենը, ոտքի փաթաթանները և գուլպաները փոխելով,
հագուստը, կոշիկները և անկողինը մաքուր պահելը, ենթաօձիքը ժամանակին փոխելը:
Զինծառայողի սանրվածքը, բեղերը պետք է լինեն կոկիկ, համապատասխանեն հիգիենայի պահանջներին և չխանգարեն անհատական պաշտպանության միջոցների օգտագործմանն ու հանդերձանքը կրելուն: Մորուք կրելը թույլատրվում է միայն սպաներին ու ենթասպաներին:
Հասարակական հիգիենայի կանոնները ներառում են` մաքրության պահպանումը ննջասենյակներում, շենքերի կանոնավոր օդափոխումը, մաքրության պահպանումը հասարակական վայրերում, ինչպես նաև գնդի տեղաբաշխման ողջ տարածքում:

Հոդված 339. Վարակիչ հիվանդությունների նկատմամբ զինծառայողների անընկալունակությունն ապահովելու համար կատարվում են կանխարգելիչ պատվաստումներ: Պատվաստումները կարող են լինել պլանային և համաճարակային նախանշանների դեպքում:
Գնդի ողջ անձնակազմի պլանային կանխարգելիչ պատվաստումները կատարվում են պատվաստումների օրացույցի համաձայն, իսկ համաճարակային նախանշանների դեպքում` ավագ հրամանատարի (պետի) հրամանով:
Զինծառայողները պատվաստումներից ազատվում են միայն բժշկի եզրակացության հիման վրա:
Պատվաստումների մասին նշումներ են կատարվում բժշկական գրքույկների և զինվորական գրքույկների մեջ:

Հոդված 340. Զինծառայողը պարտավոր է հրամանատարությանը զեկուցել իր հետ նույն բնակարանում (հանրակացարանի սենյակում) բնակվող անձանց շրջանում վարակիչ հիվանդությունների առաջացման մասին և իր ծառայողական պարտականությունները կատարել բուժծառայության պետի եզրակացության հիման վրա` գնդի հրամանատարի թույլտվությամբ:

Հոդված 341. Գնդում վարակիչ հիվանդի հայտնաբերման դեպքում բժշկական ծառայության պետը անմիջապես այդ մասին զեկուցում է գնդի հրամանատարին, ավագ բժշկական պետին, անցկացնում է հիվանդների ակտիվ հայտնաբերում, մեկուսացում և հոսպիտալացում: Ստորաբաժանումներում կատարվում է ախտահանում, հսկողություն է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր շփվել են հիվանդի հետ, ուժեղացվում է սանիտարահիգիենիկ հսկողությունը:
Անհրաժեշտության դեպքում գնդում մտցվում է դիտման (օբսերվացիայի) կամ շփարգելման (կարանտինի) ռեժիմ, դադարեցվում կամ կրճատվում է շփումը քաղաքացիական բնակչության հետ, գնդի ներսում արգելվում են անձնակազմի ժողովները կամ կուլտուր-զանգվածային միջոցառումները, ստեղծվում են լրացուցիչ մեկուսարաններ:

Բուժկանխարգելիչ միջոցառումներ

Հոդված 342. Բուժկանխարգելիչ հիմնական միջոցառումներն են զինծառայողների դիսպանսերացումը, ամբուլատորային, ստացիոնար և առողջարանային բուժումը:
Վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով բուժծառայության առաջարկած կանխարգելիչ միջոցառումները պարտադիր են բոլոր զինծառայողների համար:

Հոդված 343. Դիսպանսերացումը ներառում է անձնակազմի առողջական վիճակի բժշկական հսկողությունը, հիվանդությունների վաղաժամ ակտիվ բացահայտումը, զինծառայողների ծառայության և կենցաղի պայմանների ուսումնասիրությունը, նրանց առողջության վրա բացասաբար ազդող գործոնների բացահայտումը, կանխարգելիչ և բուժառողջարարական միջոցառումների անցկացումը:

Հոդված 344. Զինծառայողների առողջական վիճակի բժշկական հսկողությունն իրականացվում է հետևյալ ուղիներով`
անձնակազմի ամենօրյա հսկողություն մարտական նախապատրաստության ընթացքում և կենցաղում,
զինծառայողների բուժզննում,
զինծառայողների խորացված և հսկիչ-բժշկական քննություն:

Հոդված 345. Բուժզննումների ենթարկվում են`
գնդի ամբողջ անձնակազմը` նախքան կանխարգելիչ պատվաստումներ կատարելը.
բոլոր սերժանտներն ու զինվորները` բաղնիքում լողանալուց առաջ.
հերթապահ ուժերի (հերթափոխների) անձնակազմը` նախքան մարտական հերթապահության (մարտական ծառայության) անցնելը.
այն զինծառայողները, որոնց աշխատանքը կապված է անբարենպաստ գործոնների հնարավոր ազդեցության հետ, ինչպես նաև անձինք, որոնք գտնվում են դիսպանսերային անընդհատ հսկողության տակ` նրանց համար սահմանված ժամկետներում.
ճաշարաններում, մթերային պահեստներում, ջրամատակարարման օբյեկտներում, հացի փռերում, բաղնիքներում, լվացքատներում մշտապես աշխատող անձինք և սանիտարները` շաբաթական մեկ անգամ.
ճաշարանում վերակարգի նշանակած անձնակազմը` մինչև օրվա վերակարգի հերթափոխը.
արձակուրդից, գործողումներից, նոր ժամանած ժամկետային ծառայության բոլոր զինծառայողները, ինչպես նաև ապաքինումից հետո բուժական հիմնարկներից վերադարձած անձինք` գունդ ժամանելու օրը, մինչև ստորաբաժանումներ ուղարկվելը.
վարորդները` ուղերթ դուրս գալուց առաջ.
մարտական միջոցառումների մասնակիցները` մրցումներից առաջ.
կարգապահական կարգով կալանված անձինք` կալանատուն ուղարկվելուց առաջ:
Խորացված բժշկական քննության են ենթարկվում`
զինվորները և սերժանտները տարեկան երկու անգամ` ուսուցման ձմեռային և ամառային շրջաններից առաջ.
սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները` չորրորդ եռամսյակում (երկրորդ եռամսյակում անցկացվում է ստուգիչ բժշկական քննություն):
Սպաների, ենթասպաների, պայմանագրով ծառայության անցած զինծառայողների և կին զինծառայողների խորացված բժշկական քննությանը ներգրավվում են բժիշկ-մասնագետներ զինբժշկական հիմնարկներից:

Հոդված 346. Գնդի ստորաբաժանումների անձնակազմի բժշկական քննության և բուժզննման ժամանակը, կարգը և տեղը հայտնվում են գնդի հրամանում: Արգելվում է ստորաբաժանումների բժշկական քննությունը և բուժզննությունը նշանակել հանգստյան օրերին:

Հոդված 347. Վաշտը բժշկական քննության է ներկայացնում վաշտի հրամանատարը, իսկ բուժզննման` վաշտի ավագը:
Վաշտի անձնակազմի բժշկական քննությանը պարտավոր են ներկա գտնվել վաշտի բոլոր սպաները և ենթասպաները: Նրանք բժշկին պետք է հայտնեն ենթակաների առողջական վիճակի իրենց դիտարկումները:
Վաշտի անձնակազմի բժշկական քննության և բուժզննման արդյունքները բժիշկը գրանցում է բժշկական գրքույկների մեջ: Առողջական վիճակի պատճառով դիսպանսերային դինամիկ հսկողության կարիք ունեցող զինծառայողները հաշվառման են վերցվում և ենթարկվում են պարբերական ստուգիչ բժշկական քննությունների:
Վաշտի հրամանատարը պատասխանատու է ամբողջ անձնակազմը բժշկական քննության ենթարկվելու համար:

Հոդված 348. Որևէ պատճառով բժշկական քննության չներկայացած զինծառայողներին, առաջին իսկ հնարավորության դեպքում` վաշտի հրամանատարը ուղարկում է բուժկետ:

Հոդված 349. Գնդի անձնակազմի բժշկական քննության արդյունքները, ինչպես նաև բուժառողջարարական անհրաժեշտ միջոցառումների անցկացման վերաբերյալ առաջարկությունները գնդի բժշկական ծառայության պետը զեկուցում է գնդի հրամանատարին:

Հոդված 350. Զինծառայողը չպետք է թաքցնի իր հիվանդությունը: Հիվանդանալու դեպքում նա պարտավոր էայդ մասին անմիջապես զեկուցել իր անմիջական պետին և նրա թույլտվությամբ դիմել գնդի բուժկետ` բժշկական օգնություն ստանալու:

Հոդված 351. Ամբուլատոր ընդունելությունը գնդի բուժկետում կատարվում է օրվա կանոնակարգով սահմանված ժամերին: Հանկարծակի հիվանդացած կամ վնասվածք ստացած զինծառայողները օրվա ցանկացած ժամին անհապաղ ուղարկվում են գնդի բուժկետ:

Հոդված 352. Զինվորներին և սերժանտներին գնդի բուժկետ է ուղարկում վաշտի հերթապահը` վաշտի սանհրահանգչի կամ հիվանդների թվից նշանակված ավագի հրամանատարությամբ: Հիվանդների գրանցման գիրքը (Հավելված 12) վաշտի ավագի ստորագրությամբ ներկայացվում է գնդի բուժկետի հերթապահին ամբուլատոր ընդունելությունն սկսվելուց առնվազն 2 ժամ առաջ:
Բժիշկը հսկում է վաշտի հիվանդների գրքում գրանցված բոլոր զինծառայողների բուժկետ ներկայանալը:
Բժշկի (բուժակի) զինումից հետո հիվանդները բուժման են ուղարկվում գնդի բուժկետ, գնդից դուրս գտնվող բուժհիմնարկ (հոսպիտալ, հիվանդանոց) կամ նրանց նշանակվում է ամբուլատոր բուժում` պայմանավորված հիվանդության բնույթով:
Սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները, ըստ բժշկի եզրակացության, բուժումը կարող են ստանալ տանը:
Հիվանդների զննման արդյունքների, ցույց տրված օգնության բնույթի և նշանակումների մասին բժիշկը համապատասխան նշումներ է կատարում բժշկական գրքույկներում, իսկ եզրակացությունները գրանցում է հիվանդների գրանցման գրքում:
Բժշկական օգնություն ստանալուց հետո զինվորները և սերժանտները վերադառնում են վաշտի սանհրահանգչի կամ ավագի հրամանատարությամբ: Անձնախմբի ավագը հիվանդների գրանցման գիրքը հասցնում է վաշտի հրամանատարին: Վաշտի ավագը, ըստ հիվանդների գրանցման գրքում բժշկի գրանցած եզրակացության և վաշտի հրամանատարի համապատասխան որոշման, անհրաժեշտ ցուցումներ է տալիս:

Հոդված 353. Աշխատանքից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին եզրակացությունը տալիս է բժիշկը, իսկ այն զորամասերում, որտեղ հաստիքով բժիշկ չի նախատեսված, բուժակը` երեք օրից ոչ ավել ժամկետով: Անհրաժեշտության դեպքում կարելի է կրկին ազատել: Ծառայողական պարտականություններից լրիվ կամ մասնակիորեն ազատելու մասին բժշկի (բուժակի) հանձնարարականը պաշտոնական անձանց կողմից ենթակա է պարտադիր կատարման:
Ազատման ժամկետը լրանալուց հետո զինվորները և սերժանտները պետք է ուղարկվեն կրկնական բուժզննման, եթե ունեն դրա կարիքը:
Սպաներին, ենթասպաներին, պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, կին զինծառայողներին ծառայողական պարտականություններից ազատելու և հիվանդությունից հետո ծառայության դուրս գալու մասին հայտնվում է գնդի հրամանում:
Ամբուլատոր բուժման նշանակում ստացած հիվանդները դեղորայք ընդունելու և բուժական այլ պրոցեդուրաներ ստանալու համար, ինչպես նաև բուժմասնագետների կոնսուլտացիաների կարիք ունեցողները գնդի բուժկետ են ուղարկվում հիվանդների գրանցման գրքում բժշկի նշած օրերին և ժամերին:

Հոդված 354. Դիետիկ սննդի կարիք ունեցող զինվորների և սերժանտների գրանցումը կատարվում է գնդի հրամանով մինչև երեք ամիս ժամկետով` գնդի բուժծառայության պետի եզրակացության հիման վրա:

Հոդված 355. Գնդի բուժկետի լազարեթում անցկացվում է հիվանդների սանիտարական բուժում` մինչև 14 օր բուժման ժամկետով: Լազարեթ ընդունվելիս` հիվանդներն անցնում են սանմշակում:

Հոդված 356. Զինծառայողներին գնդից դուրս բուժման ուղարկում է գնդի հրամանատարը` ըստ բժշկի եզրակացության, իսկ անհապաղ օգնության համար` բժշկի բացակայության դեպքում` բուժկետի հերթապահ բուժակը (սանհրահանգիչը)` միաժամանակ զեկուցելով գնդի բուժծառայության պետին և գնդի հերթապահին:
Հիվանդները բուժհիմնարկ են հասցվում գնդի հերթապահ սանիտարական տրանսպորտով` բուժակի (սանհրահանգչի) ուղեկցությամբ:
Գնդից դուրս բուժման ուղարկվելու դեպքում զինծառայողները պետք է հագնված լինեն տարվա եղանակին համապատասխան և ունենան ուղեգիր` գնդի հրամանատարի ստորագրությամբ, բժշկական գրքույկ, անձը վկայող փաստաթուղթ, անհրաժեշտ անձնական իրեր և պարենի ատեստատ, անհրաժեշտության դեպքում` տեղեկանք վնասվածքի մասին և բժշկական բնութագիր, իսկ կայազորի սահմաններից դուրս բուժման մեկնելու դեպքում դրանից բացի` իրային և դրամական բավարարման ատեստատներ և ուղևորման փաստաթղթեր` մինչև բուժհիմնարկ և ետ:

Հոդված 357. Գնդից դուրս ստացիոնար բուժման ընդունված զինծառայողների մասին, ինչպես նաև ապաքինվելուց հետո նրանց դուրսգրման մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է նույն օրը հաղորդել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել են այդ զինծառայողները:
Ընդունված հիվանդի մոտ վարակիչ հիվանդություն հայտնաբերելու դեպքում այդ մասին, և թունավորումներով, վնասվածքներով ընդունված հիվանդների մասին բուժհիմնարկի (զորամասի) պետը (հրամանատարը) պարտավոր է անհապաղ տեղեկացնել այն գնդի հրամանատարին, որտեղից եկել է հիվանդը (հիվանդները), իսկ վարակիչ հիվանդության մասին` նաև մոտակա սանիտարահամաճարակային հիմնարկությանը:
Արձակուրդի կամ գործուղման ժամանակ հիվանդացած զինծառայողներին ստացիոնար բուժման են ուղարկում զինվորական պարետները կամ զինվորական կոմիսարները:
Ապաքինված զինծառայողները զինվորական հոսպիտալից կամ հիվանդանոցից գունդ են ուղարկվում համապատասխան փաստաթղթերով, որոնք ժամանելուն պես հանձնում են վաշտի ավագին:

Բաղնիքալվացքային սպասարկումը

Հոդված 358. Զինվորները և սերժանտները պետք է լողանան բաղնիքում շաբաթական 1 անգամից ոչ պակաս, իսկ խոհարարներն ու հացթուխները, դրանից բացի ամեն օր պետք է ցնցուղ ընդունեն: Մեխանիկ վարորդները (վարորդները) և մյուս զինվորներն ու սերժանտները, որոնք կապված են սպառազինության և զինվորական տեխնիկայի շահագործման ու սպասարկման հետ, ցնցուղ են ընդունում ըստ հարկի:
Բաղնիքում լողանալիս (ցնցուղ ընդունելիս)` ժամկետային ծառայության զինծառայողները ապահովվում են օճառով, սրբիչներով և ախտահանված ճիլոպներով:
Բաղնիքում լողանալու ժամանակը որոշվում է նախապես:

Հոդված 359. Վաշտը բաղնիք է գնում վաշտի ավագի հրամանատարությամբ: Ժամկետային ծառայության այն զինծառայողները, որոնք գտնվում են օրվա վերակարգում կամ աշխատանքի վերակարգում և կամ որևէ պատճառով բացակայում են, ինչպես նաև գործուղումներից և արձակուրդից վերադարձածները վաշտի ավագի կողմից բաղնիք են ուղարկվում մեկ այլ ժամանակ սերժանտներից նշանակված ավագի հրամանատարությամբ (ղեկավարությամբ):
Կալանվածները բաղնիք են ուղարկվում առանձին, իրենց համար հատուկ հատկացված ժամանակ:
Բաղնիքում կարգուկանոնին հետևելու համար սերժանտներից նշանակվում է բաղնիքի հերթապահ, իսկ անձնակազմի բուժզննումն անցկացնելու և լողանալու համար բուժօգնություն ցույց տալու համար նշանակվում է հերթապահ բուժակ (սանհրահանգիչ):
Լողացողների յուրաքանչյուր հերթից (հերթափոխից) հետո բաղնիքի շինությունները մաքրելու և ախտահանելու համար բաղնիքի հերթապահին ի տնօրինություն նշանակվում են անհրաժեշտ թվով զինվորներ:

Հոդված 360. Սպիտակեղենի լվացումը կատարվում է լվացքատներում: Լվացքի կարգը սահմանում է գնդի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալը:
Այնտեղ, ուր բամբակե գործվածքից համազգեստները հնարավոր չէ լվացքատներում լվանալ, ժամկետային ծառայության զինվորներին թույլատրվում է ինքնուրույն լվանալ դրանք այդ նպատակով առանձնացված և հատուկ կահավորված շինություններում: Համազգեստների չորացումը կատարվում է չորանոցներում կամ դրա համար հատկացված տեղերում:
Ներքին և անկողնու սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները և գուլպաները պետք է փոխվեն շաբաթական մեկ անգամ, բաղնիքում լողանալու օրերին, խոհարարների և հացթուխների ներքին սպիտակեղենը փոխվում է շաբաթական առնվազն երկու անգամ: Զինծառայողները ներքին մաքուր սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները, գուլպաները ստանում և կեղտոտ սպիտակեղենը հանձնում են անմիջապես բաղնիքում:
Անհրաժեշտության դեպքում սպիտակեղենը, սրբիչները, ոտքի փաթաթանները և գուլպաները կարող են ավելի հաճախ փոխվել:


Հոդված 361. Ներքին և անկողնու սպիտակեղենի հատուկ մշակումը կատարվում է գնդի հրամանատարի հատուկ հրամանով:

Համարը         ՀՕ-99
Տիպը         Օրենք
Սկզբնաղբյուրը ՀՀՊՏ   1997.01/1 հունվար
Ընդունող մարմինը ՀՀ Ազգային ժողով
Ստորագրող մարմինը ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 03.12.1996
Ստորագրման ամսաթիվը 07.01.1997

Комментариев нет:

Отправить комментарий