Խաղաղ օվկիանոս
Խաղաղ օվկիանոս, երկրագնդի ամենամեծ և ամենախոր օվկիանոսն է։ Նրա մակերևույթի ամբողջ մակերեսը ծածկում է երկրագնդի մակերևույթի մոտ 35%-ը և ջրային մակերևույթի մոտ 49.5%ը։ Խաղաղ օվկիանոսը արևելքից սահմանակից է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներին, արևմուտքից՝ Եվրասիային և Ավստրալիային, հարավից՝ Անտարկտիդային։ Անունը տրվել է Ֆերնանդ Մագելանի կողմից։ Խաղաղ օվկիանոսի և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սահմանը ձգվում է Պեեկ հրվանդանից (Չուկոտյան թերակղզի) մինչև Ուելսյան արքայազնի հրվանդանը (Ալյասկա), Հնդկական օվկիանոսինը՝ Մալակկայի նեղուցի հարավից, Սումատրա կղզու արևմյան ափից, Ճավա, Թիմոր և Նոր Գվինեա կղզիների հարավից, Տասմանիա կղզու արևելյան ափերից մինչև Անտարկտիդա, Ատլանտյան օվկիանոսինը՝ Անտարկտիկական թերակղզուց, Հարավային Շետլանդական կղզիներից մինչև Հրո երկիր։
Տարածվում է հյուսիս - հարավ մոտ 15 800 կմ, արևմուտքից - արևելք՝ 19 500 կմ։ Մակերեսը ծովերի հետ 179 679 000 կմ2 է, միջին խորությունը՝ 3984 մ, ջրի ծավալը՝ 723 699 000 կմ3 (առանց ծովերի՝ համապատասխանաբար՝ 165 246 200 կմ2, 4282 մ և 707 555 000 կմ3)։ Գրավում է երկրագնդի մակերևույթի 1/3-ը, Համաշխարհային օվկիանոսի մակերեսի 50%-ը։ Մակերեսի 52%-ը ընկած է արևադարձային զոնայում։ Առավելագույն խորությունը (նաև Համաշխարհային օվկիանոսինը) 11022 մ է (Մարիանյան անդունդ)։ Խաղաղ օվկիանոսով է անցնում (180° միջօրեական) ժամանակի (թվականի) փոփոխման սահմանագիծը։
Հասարակածային շրջագիծը այն կիսում է երկու մասի՝ Հյուսիսային Խաղաղ Օվկիանոս և Հարավային Խաղաղ Օվկիանոս։ 10,922 մետր խորության վրա գտնվում է Մարիանյան փողրակը, որը Խաղաղ օվկիանոսի և երկրագնդի ամենախոր կետն է համարվում։
Ֆիզիկաաշխարհագրական ակնարկ
Խաղաղ Օվկիանոսի ծովերն են՝ Բերինգի, Օխոտի, Ճապոնական, Արևելա-Չինական, Դեղին, Հարավ-Չինական, Սետո-Նայկայ, Սուլու, Սուլավեսի, Մոլուքյան, Սերամ, Բանդա, Ֆլորես,Ճավայի, Սավու, Կորալյան և Տասմանի։ Արևելքում Կալիֆոռնիական ծոցն է, Անտարկտիդայի ափերի մոտ՝ Ռոսսի, Ամունդսենի և Բելլինսգաուզենի ծովերը։ Կղզիների ընդհանուր տարածությամբ (մոտ 3,6 մլն կմ2) և քանակով (մոտ 10 000) օվկիանոսների մեջ գրավում է առաջին տեղը։ Կղզիների մեծ մասը արևմտյան և արևելյան եզրերին է և կենտրոնական մասում։ Դրանք ունեն հրաբխային (Մարկիգյան, Ընկերության, Հավայան, Սամոա և այլն), կորալային (Մարշալյան, Ջիլբերտի, Տոկելաու, Ֆենիկս և այլն) և խութային (Մարկուս, Ուեյկ, Նաուրու, Օշեն, Տոնգարևա և այլն) ծագում։
Խաղաղ օվկիանոսի արևմտյան ու արևելյան եզրերին են արշիպելագներն ու կղզիների շղթաները (Ալեության, Կուրիլյան, Սախալին, Ճապոնական, Ֆիլիպինյան, Մոլուքյան, Զոնդյան,Ֆիջի, Տոնգա, Նոր Զելանդիա և այլն)։ Կենտրոնական և հարավ-արևմտյան կղզիները միասին կազմում են Օվկիանիան։ Խաղաղ օվկիանոսի ափերը թույլ են կտրտված, գերակշռում են ֆյորդային և աբրազիոն, արևադարձային լայնությունների արևմուտքում՝ կորալային, Անտարկտիդայի մոտ՝ շելֆային-սառցադաշտային ափերը։ Արևմտյան ծովերը հիմնականում բաժանված են կղզիներով։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Ասիայի ու Ավստրալիայի ափերի երկարությամբ ձգված լեռները հաճախ վերջանում են զառիթափ փլվածքներով։
Ռելիեֆն ու երկրաբանական կառուցվածքը
Հատակի ռելիեֆն ու երկրաբանական կառուցվածքը բարդ է։ Օվկիանոսը շրջապատող մայր ցամաքների ստորջրյա մասերը տարբերվում են ռելիեֆի բնույթով ու երկրաբանական կառուցվածքով։ Շելֆերի լայնությունը մի քանի տասնյակ կմ-ից (Ամերիկայի ափերի մոտ) մինչև 700 - 800 կմ է (Բերինգի, Արևելա-Չինական և Հարավ-Չինական ծովերում), խորությունը՝ 150 - 500 մ։ Մայրցամաքային լանջերը զառիթափ են, հաճախ՝ աստիճանաձև, մասնատված՝ կանիոններով։ Հյուսիսային և արևմտյան ծայրամասերում, Ալյասկաթերակդզուց մինչև Նոր Զելանդիա, ձգվում են ծայրամասային ծովերի գոգավորությունների համակարգը, աղեղնաձև կղզիաշարեր ու օվկիանոսային խոր անդունդներ, որոնք Ավստրալա-Ասիական ծովային մարզի հետ առաջացնում են ժամանակակից գեոսինկլինալի գոտին։ Վերջինիս բնորոշ են ռելիեֆի հակադրություններ, ակտիվ հրաբխականություն, ինտենսիվ սեյսմիկություն, երկրակեղևի տիպերի բարդ հերթագայում։
Ծովերի առավելագույն խորությունը 3500 - 7500 մ է։ Ճապոնիայից հարավային կղզիների շղթաները բաժանվում են երկու ճյուղի և շրջափակում Ֆիլիպինյան գոգավորությունը։ Աղեղնաձև կղզիաշարերի հետ են կապված խորջրյա անդունդները (Ալեության՝ 7822 մ, Կուրիլա-Կամչատկյան՝ 9717 մ, Ճապոնական՝ 8412 մ, Իձու-Բոնինի՝ 9810 մ, Մարիանյան՝ 11022 մ, Ֆիլիպինյան՝ 10265 մ, Տոնգա՝ 10882 մ, Կերմադեկ՝ 10047 մ)։ Հարավային ու Կենտրոնական Ամերիկաների և Կալիֆոռնիա թերակղզու երկարությամբ ձգվում են Պերուական (6601 մ) ու Չիլիական (8069 մ), Կենտրոնա-Ամերիկյան (6489 մ) և Ցեդրոս (6225 մ) անդունդները։
Խաղաղ օվկիանոսի տաշտակի սահմաններում են գտնվում բարձրացումներով իրարից բաժանված Հյուսիս-Արևելյան, Հյուսիս-Արևմտյան, Արևելա-Մարիանյան, Արևմտա-Կարոլինյան, Մելանեզյան, Կենտրոնական, Հարավային, Բելլինսգաուգենի, Չիլիական, Պերուական ընդարձակ գոգավորությունները, որոնք ունեն 4000 - 7000 մ խորություն, բլրավոր հատակ և ստորջրյա լեռնաշղթաներ։ Խորջրյա հարթավայրերը գտնվում են օվկիանոսի հյուսիս-արևելքում և Անտարկտիդայի ստորոտների մոտ։ Խաղաղ օվկիանոսի լեռնագրական խոշոր միավորը Արևելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացումն է, որը օվկիանոսը բաժանում է երկու անհամաչափ մասերի։ Այդ բարձրացումից են ճյուղավորվում Դալապագոսյան, Կոկոսյան, Մակուորի լեռնաշղթաները։
Օվկիանոսի տաշտակի խոշոր բարձրացումներից են Լայն, Հավայան, Կայսերական լեռները, Մարկուս-Նեքեր, Կարոլինյան, Մարշալյան, Տուամոտու և այլ կղզիները։ Խաղաղ օվկիանոսի արևելյան մասը և Արևելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացումը հատվում են բազմաթիվ բեկվածքներով (Մենդոսինո, Մառի, Մոլոկայի, Կլարիոն, Կլլիպերտոն, Գալապագոս և այլն), որոնք ռելիեֆում արտահայտված են ելուստների ու լեռների ձևով։ Հատակի նստվածքները հիմնականում ներկայացված են կարմիր կավերով (4,5 - 5 կմ խորություններում) և ավազային տիղմով (խորջրյա մասերում)։ Մեծ տարածում ունեն երկաթամանգանային կոնկրեցիաները։ Օվկիանոսի մերձափնյա մասերում, ծովերում և ծոցերում կան ցամաքային նստվածքներ։
Խաղաղ օվկիանոսը հարուստ է օգտակար հանածոներով։ Նրա ավազանի շատ երկրներ (Ավստրալիական Միություն, ԱՄՆ, Ճապոնիա, Ինդոնեզիա, Մալայզիա, Թաիլանդ) հետախուզական աշխատանքներ են կատարում և մերձափնյա ծովային ցրոններից արդյունահանում ցիրկոն, ռուտիլ, իլմենիտ, մոնացիտ, տիտանամագնետիտ, կասիտերիտ և այլն։ Շելֆային շատ շրջաններում կատարվում են նավթի ու գազի որոնման աշխատանքներ։ Կալիֆոռնիայի մոտ, Կուկի ծոցում, ճապոնական, Հարավ-Չինական, ճավայի ու Տասմանի ծովերում արդյունահանվում է նավթ։

Կլիմա
Կլիման բազմազան է՝ հասարակածայինից մինչև մերձարկտիկականը հյուսիսում և անտարկտիկականը՝ հարավում։ Խաղաղ օվկիանոսի մեծ մասը գտնվում է հասարակածային, արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիներում։ Մթնոլորտի շրջանառությունը Խաղաղ օվկիանոսի վրա որոշվում է մթնոլորտային ճնշման հիմնական մարզերով՝ Ալեության մինիմումով, Հյուսիս-Խաղաղօվկիանոսյան, Հարավ-Խաղաղ-օվկիանոսյան և Անտարկտիկական մաքսիմումներով, որոնց գործունեությամբ և փոխազդեցությամբ են պայմանավորված պասատները արևադարձային և մերձարևադարձային լայնություններում, արևմտյան ուժեղ քամիները բարեխառն լայնություններում։
Արևադարձային գոտու արևմուտքում հունիսից նոյեմբեր հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆունները։ Խաղաղ օվկիանոսի հյուսիս-արևմուտքին բնորոշ է մթնոլորտի մուսսոնային շրջանառությունը։ Օդի միջին ջերմաստիճանը փետրվարին հասարակածի մոտ 26°C-ից 27°C է, Բերինգի նեղուցի մոտ՝ մինչև - 20°C, Անտարկտիդայի ափերի մոտ՝ - 10°C, օգոստոսին՝ հասարակածի մոտ 26°C-ից 28°C է, Բերինգի նեղուցի մոտ՝ մինչև 6°C-ից 8°C, Անտարկտիդայի ափերի մոտ՝ - 25°C։ Հասարակածի մոտ տարեկան տեղումներն ավելի քան 3000 մմ են, բարեխառն լայնություններում՝ 1000 մմ-ից (արևմուտքում) 2000 - 3000 մմ (արևելքում)։ Ամենաքիչ տեղումները (100 - 200 մմ) լինում են մթնոլորտի բարձր ճնշման մերձարևադարձային մարզի արևելյան ծայրամասերում։ Մառախուղները բնորոշ են բարեխառն լայնություններին (հատկապես Կուրիլյան Կղզիների շրջանում)։
Ջրաբանական ռեժիմ
Խաղաղ օվկիանոսի վրա զարգացող մթնոլորտային շրջանառության ազդեցության տակ մակերեսային հոսանքներն առաջացնում են անտիցիկլոնային շրջապտույտ մերձարևադարձային և արևադարձային լայնություններում, ցիկլոնային շրջապտույտ՝ հյուսիսային բարեխառն և հարավային բարձր լայնություններում։ Օվկիանոսի հյուսիսում շոջաատույտը առաջանում է Հյուսիսային Պասատային և Հյուսիսային Խաղաղօվկիանոսյան տաք ու Կալիֆոռնիական սառը հոսանքներից։ Հյուսիսային բարեխառն լայնություններում տիրապետում են Կուրիլյան սառը (արևմուտքում) և Ալյասկայի տաք (արևելքում) հոսանքները։
Օվկիանոսի հարավային մասում անտիցիկլոնային շրջապտույտը առաջանում է Հարավային Պասատային, Արևելա-Ավստրալիական, Հարավային-Խաղաղօվկիանոսյան զոնալ տաք և Պերուական սառը հոսանքներից։ Հյուսիային լայնության 2 - 4° և 8 - 12°-ների միջև հյուսիսային և հարավային շրջապտույտները ամբողջ տարվա ընթացքում բաժանվում են Միջպասատային (Հասարակածային) հակահոսանքով։ Խաղաղ օվկիանոսի մակերեսային ջրերի միջին ջերմաստիճանը (19,37°C) 2°-ով բարձր է Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ջրերի ջերմաստիճանից։
Փետրվարին ջրի միջին ջերմաստիճանը հասարակածի մոտ 26°C-ից 28°C է, հյուսիսային լայնության 58°-ից հյուսիս, Կուրիլյան կղզիների մոտ և հարավային լայնության 67°-ից հարավ՝ - 0,5°C, - 1°C, օգոստոսին հասարակածի մոտ 25°C-ից 29°C է, Բերինգի նեղուցում՝ 5°C-ից 8°C, հարավային լայնության 60 - 62°-ներից հարավ՝ - 0,5°C, - 1°C։
Խաղաղ օվկիանոս թափվող տեղումները գերազանցում են գոլորշիացմանը։ Գետերը տարեկան բերում են ավելի քան 30 000 կմ3 անուշահամ ջուր։ Մակերեսային ջրերի աղիությունը մյուս օվկիանոսների համեմատ ցածր է։ Միջին աղիությունը 34,58°/°° է, նվազագույնը՝ 30 - 31°/°° (հյուսիսային բարեխառն լայնությունների արևմտյան, արևելյան և օվկիանոսի արևելյան առափնյա շրջաններում), առավելագույնը՝ 35,5°/°° և 36,5°/°° (մերձարևադարձային լայնություններում)։ Ջրի գույնը ցածր լայնություններում կապույտ է, ափերի մոտ ու անտարկտիկական լայնություններում՝ կանաչավուն։ Թափանցիկությունը 15 - 25 մ-ից (ափերի մոտ) 50 մ է (մերձարևադարձային և արևադարձային լայնություններում)։
Հյուսիսային մասում մակընթացությունը կեսօրյա է (Ալյասկայի ծոցում մինչև 5,4 մ, Պենժինյան խորշում՝ մինչև 12,9 մ բարձրությամբ), Սողոմոնյան կղզիների և Նոր Գվինեա կղզու ափերի մոտ՝ օրական, մինչև 2,5 մ բարձրությամբ։ Ամենաուժեղ քամիները լինում են հարավային լայնության 40 - 60°-ների միջև, որտեղ տիրապետում են արևմտյան փոթորկաբեր քամիները և հյուսիսային լայնության 40°-ից հյուսիս։ Հողմային ալիքների առավելագույն բարձրությունն ավելի քան 15 մ է, երկարությունը՝ 300 մ։ Բնորոշ են ցունամի ալիքները։ Ձմռանը սառույցներ են առաջանում Բերինգի, Օխոտի, Ճապոնական, Դեղին ծովերում, Հոկայդո կղզու, Կամչատկա և Ալյասկա թերակղզիների ափերին մոտիկ ծոցերում, հարավում՝Անտարկտիդայի ափերի մոտ։ Օվկիանոսի մակերեսային ջրերն ընդգրկում են մինչև 100 - 150 մ, անտարկտիկական լայնություններում՝ մինչև 200 մ հզորության շերտը։
Օրգանական աշխարհը
Բուսական կյանքը կենտրոնացած է ջրի վերին (մինչև 200 մ) շերտում։ Կենդանիներն ու բակտերիաները բնակվում են բոլոր շերտերում և օվկիանոսի հատակին։ Օրգանական աշխարհն առավել զարգացած է շելֆային շրջաններում, հատկապես՝ ափամերձ ծանծաղուտներում։ Բերինգի նեղուցում հայտնի է ջրիմուռների մոտ 50, Մալայան արշիպելագիջրերում՝ 800 տեսակ։ Հեռավոր Արևելքի ծովերում կա կենդանիների մոտ 4 000, Մալայան արշիպելագի ջրերում՝ 40 - 50 000 տեսակ։ Խորության մեծացման հետ օրգանական աշխարհի բազմազանությունը նվազում է։ Խաղաղ օվկիանոսի ֆաունան ընդգրկում է մոտ 100 000 տեսակ, որի 4 - 5%-ը հանդիպում է 2000 մ, իսկ 20 տեսակը՝ 10 000 մ-ից ավելի խորություններում։ Առանձնացվում են լիթորալ, մերձլիթորալ, բաթիալ, աբիսալ և ուլտրաաբիսալ զոնաները։ Հարուստ է ձկնային ֆաունան։
Հետազոտման պատմություն
Հետազոտման պատմությունը ունի երեք շրջան։ Առաջինն ընդգրկում է հնագույն նավարկություններից մինչև 1804 թ.-ը և բնութագրվում Է երկրագնդի այդ մասի ջրի ու ցամաքի տեղաբաշխման ուսումնասիրությամբ։ Երկրորդ շրջանում (1804 - 1873) կատարվել են ջրի ֆիզիկական հատկությունների և խորջրյա ուսումնասիրություններ։ Երրորդ շրջանը (1873թվականից հետո) բնութագրվում է օվկիանոսի կոմպլեքս ուսումնասիրություններով (հատկապես միջազգային գեոֆիզիկական տարվա և միջազգային գեոֆիզիկական համագործակցության ծրագրերով)։
Տնտեսա-աշխարհագրական ակնարկ
Խաղաղ օվկիանոսի ջրային տարածությունները, կղզիները, Ասիայի, Ավստրալիայի, Հարավային և Հյուսիսային Ամերիկաների ու Անտարկտիդայի ափամերձ շրջանները մտնում են խաղաղօվկիանոսյան ավազան հասկացության մեջ, որտեղ կենտրոնացած է երկրագնդի ազգաբնակչության մոտ կեսը։ Խաղաղ օվկիանոսի ավագանի երկրներն ունեն տնտեսական մեծ պոտենցիալ, կենսաբանական և միներալային հսկայական պաշարներ, գյուղատնտեսական խոշոր արտադրություն։ Խաղաղ օվկիանոսով են անցնում չորս մայր ցամաքները միմյանց կապող ծովային և օդային կարևոր ուղիները։ Այստեղ է կատարվում ձկան և ծովային այլ մթերքների որսի մեծ մասը։
Խաղաղ օվկիանոսի ավագանի երկրներում է կենտրոնացած նավթի, գազի, ածխի, բոքսիտների, երկաթի, մանգանի, քրոմիտի, պղնձի, անագի, բազմամետաղների, վոլֆրամի, նիկելի,կոբալտի, ծծմբի, հազվագյուտ մետաղների և ռադիոակտիվ տարրերի հանույթը։ Խաղաղ օվկիանոսն ունի տրանսպորտային խոշոր նշանակություն։
Անդրօվկիանոսյան ուղիները կապում են Ասիա, Ամերիկա և Ավստրալիա մայր ցամաքները։ Առանձնացվում են առավել ինտենսիվ նավարկության երկու ուղիներ, որոնցից առաջինըՀյուսիսային Ամերիկան կապում է Ասիայի հետ, ընդգրկելով Եվրոպայից եկող անդրօվկիանոսյան նավարկության ուղիները, երկրորդը Ասիան կապում է Ավստրալիայի հետ, ընդգրկելովՀնդկական օվկիանոսից եկող ծովային ուղիները։ Խոշոր նավահանգիստներն են՝ Վլադիվոստոկը, Նախոդկան, Կամչատկայի Պետրոպավլովսկը, Վոնսանը, Չխոնջինը (ԿԺԴՀ),Տյանցզինը, Շանհայը, Գուանչժոուն (ՉԺՀ), Տոկիոն, Իոկոհաման, Կավասակին (Ճապոնիա), Հայֆոնը, Հոշիմինը (Վիետնամ), Դումայը, Ջակարտան, Սուրաբայան (Ինդոնեզիա),Մանիլան (Ֆիլիպիններ), Սինգապուրը, Սիդնեյը, Մելբուռնը (Ավստրալիական Միություն), Վելինգտոնը (Նոր Զելանդիա), Վանկուվերը (Կանադա), Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը,Սիետլը (ԱՄՆ), Կալյաոն (Պերու), Վալպարաիսոն (Չիլի)։
Պատմա-քաղաքական ակնարկ
Հնագույն ժամանակներից Խաղաղ օվկիանոսի մերձափնյա երկրների ու կղզիների բնակիչների միջև կար ծովային հաղորդակցություն։ Նրա ափերին գտնվող Չինաստանը մ. թ. ա. III դարից սկսած իրականացնում էր իր ակտիվ էքսպանսիան դեպի հարավ՝ կատարելով նվաճողական արշավներ (ընդդեմ Անամի և Տոնկինի, XIII - XIV դդ.՝ Ճապոնիայի, XVII - XVIII դդ.՝Բիրմայի, Վիետնամի, Կորեայի)։ XVI դար Խաղաղ օվկիանոսում երևացին եվրոպական նավեր, սկզբում պորտուգալական և իսպանական, ապա հոլանդական և անգլիական։ XVI դարում իսպանացիները զավթեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի Խաղաղ օվկիանոսյան ափերը։ Դրանից հետո եվրոպացիներն սկսեցին տերիտորիալ զավթումներ կատարել Խաղաղ օվկիանոսի ասիական մասում (իսպանացիները զավթեցին Ֆիլիպինների մի մասը և այլ կղզիներ, պորտուգալացիները՝ Մակաոն, հոլանդացիները ձեռնամուխ եղան Ինդոնեզիայի նվաճմանը)։
XVII դարի 30-ական թթ. Խաղաղ օվկիանոսի ափերը դուրս եկան ռուս երկրագնացներն ու ծովագնացները, որոնք հայտնագործեցին Կուրիլյան ու Ալեության կղզիները և Ալյասկան(XVIII դար)։ Այնուհետև Խաղաղ օվկիանոսի ավազանում ավելի ակտիվացավ Մեծ Բրիտանիան, որը 1756 - 1763 թթվականի Յոթնամյա պատերազմի հետևանքով ամրապնդեց իր դիրքերը Հնդկաստանում և տիրեց Կանադային։ Ավելի ուշ (1788 թվականից) նա զավթեց Ավստրալիան, 1819 - 1824-ին՝ Սինգապուրը, 1840 թվականին՝ Նոր Զելանդիան, իսկ 1842թվականին Չինաստանից անջատեց Հոնկոնգ (Սյանգան) կղզին։
Համաշխարհային առևտրի բնագավառում Խաղաղ օվկիանոսի նշանակությունը խիստ մեծացավ XIX դարում՝ առագաստային նավատորմից շոգենավերին անցնելու, Կալիֆոռնիայումու Ավստրալիայում ոսկու հայտնաբերման և արագ բնակեցման կապակցությամբ։ Խաղաղ օվկիանոսով ձգվեցին առևտրական բազմաթիվ ճանապարհներ։ Կապիտալիստական գլխավոր տերությունների պայքարը Խաղաղ օվկիանոսի ավազանում հենակետային բազաների, իրացման շուկաների և հումքի աղբյուրների համար ուղեկցվում էր այդ շրջանի բնակչության ստրկացմամբ։ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը Չինաստանի դեմ սանձազերծեցին նվաճողական պատերազմներ և նրա հետ կնքեցին անիրավահավասար պայմանագրեր։
Ֆրանսիան 1853 թվականին զավթեց Նոր Կալեդոնիան, 1857 - 1885 թվականին՝ Հնդկաչինը։ Մեծ Բրիտանիան շարունակեց Մալայայի և ավարտեց Բիրմայի նվաճումը, զավթեցԿալիմանտանի հյուսիսային ափը, Նոր Գվինեայի հարավ-արևելյան մասը, Զիլբերտի կղզիները։ 1867 թվականին ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց Ալյասկան և Ալեության կղզիները։Գերմանիան 1884 թվականին գրավեց Նոր Գվինեայի հյուսիս-արևելյան մասը։ Ճապոնիան 1875 թվականին Ռուսաստանից ձեռք բերեց Կուրիլյան կղզիները, 1876 թվականին ստրկացնող պայմանագիր պարտադրեց Կորեային, իսկ 1894 - 1895 թթվականին, ճապոնա-չինական պատերազմի հետևանքով, զավթեց Տայվանը և այլ կղզիներ։ Չինասաանըազդեցության ոլորտների բաժանելուն Ճապոնիայի հետ համատեղ մասնակցում էին Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան։
1898 թվականին ԱՄՆ-ը, պատերազմ սանձազերծելով Իսպանիայի դեմ, զավթեց Ֆիլիպինյան կղզիները, անեքսիայի ենթարկեց Հավայան արշիպելագը։ Գերմանիան Իսպանիայինպարտադրեց իրեն վաճառել Կարոլինյան, Մարիանյան և Պալաո կղզիները։ 1904 - 1905 թթ. ռուս-ճապոնական պատերազմի հետևանքով Ճապոնիան զավթեց Հարավային Սախալինըև Կվանտունյան մարզը, 1910 թվականին՝ Կորեան։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Ճապոնիան ծավալեց իր էքսպանսիան Չինաստանում։ 1914 թվականին, Պանամայի ջրանցքի բացումով, ուժեղացավ ԱՄՆ-ի էքսպանսիան։
Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը վտանգի տակ դրեց իմպերիալիստների տիրապետությունը Խաղաղ օվկիանոսի ավազանում։ 1925 - 1927 թթվականի հեղափոխությունը Չինաստանում թուլացրեց իմպերիալիստական տերությունների դիրքերը։ Արևմտյան տերությունների թողտվությամբ Ճապոնիան 1931 թվականին զավթեց Հյուսիս-Արևելան Չինաստանը, կարճ ժամանակում տիրեց նաև Չինաստանի առափնյա շրջաններին։ ՍՍՀՄ-ը դիվանագիտական, տնտեսական և ռազմական մեծ օգնություն էր ցույց տալիս չին ժողովրդին՝ ճապոնական ագրեսորների դեմ մղվող պայքարում։
1939 - 1945 թթվականին, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, Ճապոնիան օկուպացրեց Ֆրանսիական Հնդկաչինը, 1941 թ.--ի դեկտեմբերի 7-ին հարձակվեց ամերիկյան Պեռլ-Հարբոր ռազմական բազայի վրա, 1941 - 1942 թթվականին օկուպացրեց Թաիլանդը, Մալայան, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Բիրման և այլն։ 1945 թվականիսեպտեմբերի 2-ին, Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո, ըստ պայմանավորվածության, Հարավային Սախալինն ու Կուրիլյան կղզիներն անցան ՍՍՀՄ-ին։
Խաղաղ օվկիանոսի ավազանում ազգային-ազատագրական վերելք սկսվեց։ 1945 թվականի օգոստոսին հռչակվեց Ինդոնեզիայի Հանրապետությունը, սեպտեմբերին՝ ՎիետնամիԴեմոկրատական Հանրապետությունը, 1948 թվականի հունվարին՝ Բիրմական Միությունը, 1948 թվականի սեպտեմբերին ստեղծվեց Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը, 1949 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։ Ազատագրական շարժում տարածվեց Լաոսում, Կամպուչիայում,Ֆիլիպիններում, Մալայայում և այլուր։ ԱՄՆ-ը օկուպացրեց Ճապոնիային պատկանող Խաղաղ օվկիանոսյան մի շարք կղզիներ, կապիտալիստական մյուս երկրների հետ ռազմական բազաներ ստեղծեց Խաղաղ օվկիանոսում։
1950 - 1970-ական թթ. ազատագրական շարժումը նոր հաղթանակներ տարավ Խաղաղ օվկիանոսյան ավազանում։ Իր ինքնուրույնությունը պաշտպանեց Ինդոնեզիան, գաղութայնությունից ազատագրվեցին Մալայայի ժողովուրդները, 1963 թվականին հռչակվեց Մալայզիայի անկախ ֆեդերացիան։ 1964 - 1965 թթվականին սկսվեց ամերիկյան ագրեսիան Վիետնամում, որն ավարտվեց ամերիկյան իմպերիալիզմի պարտությամբ, և 1976 թվականին ստեղծվեց Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը։ 1975 թվականի ապրիլին ավարտվեց Կամպուչիայի ազատագրումը։ Պարտություն կրեցին ռեակցիոն ուժերը Լաոսում. 1975 թվականի դեկտեմբերին հռչակվեց Լաոսի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն։ 1960 - 1970-ական թթ. անկախություն նվաճեցին Օվկիանիայի գաղութային շատ երկրներ։
Комментариев нет:
Отправить комментарий