понедельник, 17 августа 2015 г.

Կաթ. օգո՞ւտ, թե՞ վնաս


Մեծահասակներին կարելի՞ է կաթ խմել: Այն օգտակա՞ր է: Այս հարցի շուրջ շատերը մտածեցին այն բանից հետո, երբ ամերիկացի գիտնականները պարզեցին, որ որոշ մարդիկ կաթը վատ են յուրացնում:
Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը բացատրեց, որ մարդու օրգանիզմում հատուկ ֆերմենտ կա, որը պատասխանատու է կաթի քայքայման եւ մարսման համար: Եթե մարդու օրգանիզմում այդ ֆերմենտի պակաս է առաջանում (ինչը, ինչպես գաստրոէնտերոլոգը նշեց, ավելի հաճախ լինում է մեծահասակների շրջանում եւ բավական հազվադեպ՝ երեխաների դեպքում), մարդը կաթ ընդունելուց հետո իսկապես կարող է խնդիրներ ունենալ, մասնավորապես՝ փորի փքվածություն, գազեր կամ փորլուծություն:
Սակայն, ինչպես նշեց գաստրոէնտերոլոգը, բոլոր նրանց, ովքեր նորմալ են մարսում կաթը եւ երբեք չեն բախվում վերը նշված խնդիրներին, կաթ խմել կարելի է եւ նույնիսկ պետք է:
Ինչո՞վ է օգտակար կաթը.
1. Կաթը կալցիումի եւ ֆոսֆորի ամենահարուստ աղբյուրներից է, որոնք, ինչպես հայտնի է, ամրացնում են ոսկորներն ու ատամները:
2. Կաթը հսկայական քանակությամբ վիտամիններ, ամինաթթուներ, ճարպային թթուներ, հանքային աղեր եւ այլ ֆերմենտներ է պարունակում, որոնք հեշտ են յուրացվում  օրգանիզմի կողմից եւ անհրաժեշտ են նորմալ նյութափոխանակության համար: Բացի դրանից՝ կաթի մեջ պարունակվող լանոլինային թթուն նպաստում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի նվազմանը:
3. Կաթը եւ կաթնամթերքը նվազեցնում են ճառագայթման եւ թունավոր նյութերի՝ օրգանիզմին հասցրած վնասը:
4. Ֆինն գիտնականների կարծիքով՝ պարբերաբար կաթ խմող մարդկանց շրջանում մի քանի անգամ քիչ է հանդիպում հաստ աղիքի քաղցկեղ, քան նրանց, ովքեր կաթ ավելի քիչ են խմում կամ այն ընդհանրապես բացառել են իրենց սննդակարգից:
Ինչո՞վ է վնասակար կաթը.
Եթե կաթն անհատապես տհաճ չէ կամ մարդը դրանից ալերգիա չունի, այն սկզբունքորեն անվնաս է: Սակայն պետք է հիշել, որ եթե կաթը հիվանդ կենդանու է, մի շարք բավական լուրջ վարակիչ հիվանդություններով վարակվելու ռիսկ կա՝ պայմանավորված աղիքային բակտերիաներով, ստրեպտոկոկով, ստաֆիլոկոկով, սալմոնելայով եւ մի շարք այլ բակտերիաներով: Ուստի ցանկալի է եփած կամ պաստերիզացված կաթ խմել, բայց ոչ մի դեպքում՝ ոչ հում: Բացի դրանից՝ պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, եւ կաթը, ինչպեսեւ ցանկացած այլ մթերք, չարաշահել պետք չէ:

Комментариев нет:

Отправить комментарий